2016 թ-ի հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորումը որոշեց հանձնվել իրավապահ մարմիններին: Նրանք հայտարարեցին, որ իրենց պայքարը շարունակելու են որպես ռազմագերիներ: Նրանք հիմա պայքարում են բաց նամակների հրապարակմամբ, իսկ իշխանությունը «ծռերին» տված խոստումները ամբողջապես մոռացել է:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռերը» զենքով գրավեցին ՊՊԾ գունդը, նրանց հանձնվելու գործում իր մեծ մասնակցությունն ու դերակատարությունն ունեցավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Վերջինս ի սկզբանե հայտնի էր որպես բանակցող կողմ, ում առաքելությունը հնարավոր արյունահեղությունը կանխելն էր: Մեծ հաշվով Բալասանյանին հաջողվեց կատարել իր միսիան: Վիտալի Բալասանյանը վերջին օրերին «Սասնա ծռերին» էր փոխանցում Սերժ Սարգսյանի խոսքը՝ «Հանձնվե՛ք խաղաղ ճանապարհով»: Եվ նա դարձել էր «միակողմանի բանակցող»: «Արդեն ունենք նաեւ հանրապետության նախագահի դիրքորոշումը. այն է՝ տղաների կողմից զենքն անհապաղ վայր դնելուց եւ հանձնվելուց հետո նա պատրաստակամություն է հայտնել հրավիրելու Ժիրայր Սէֆիլյանին եւ բացատրելու իրականությունը եւ հեռանկարները»: Սակայն նրա խոստումը այդպես էլ իրականություն չդարձավ: Սերժ Սարգսյանը չընդունեց Ժիրայր Սէֆիլյանին, ու հանուն արդարության պետք է ասել՝ երկրի ղեկավարի տեսանկյունից ճիշտ քայլ արեց: Զենքով, արյունով իշխանություն փոխելու քայլը երբեք ոչ մի ժամանակում ընդունելի չի եղել ու չի լինի:
Բայց ո՞ւր մնացին իշխանության տված խոստումները «Ծռերին»: Ամեն դեպքում, ցանկացած հարց, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, լուծվում է ջենտլմենական պայմանավորվածությունների շրջանակներում:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հետեւյալ բովանդակությամբ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ. «ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պայմանների առկայության դեպքում հանցագործությունից կամովին հրաժարված անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից: Այս կապակցությամբ հուլիսի 25-ին զինյալներին բաժանվել են գրավոր պարզաբանումներ, ինչպես նաեւ բացատրվել է նրանց կողմից պարտադիր կատարման ենթակա գործողությունների հաջորդականությունը եւ հանձվելու երթուղին»:
Ինչ ունենք այսօր` զենքերը վայր դրած եւ հանձնված զինյալներ, որոնց առաջադրված մեղադրանքները օրեցօր ավելացվում եւ խստացվում են: Ոչ մի մեղմացուցիչ հանգամանք: Հուլիսի 31-ին զենքերը վայր դրած «Ծռերից» որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել:
Իսկ ի՞նչ օրենքի հղում անելով է ԱԱԾ-ն նման հայտարարությամբ հանդես եկել` փաստացի կեղծ հույսեր առաջացնելով զինյալների մոտ: Մեր հարցին ի պատասխան` փաստաբան Հովիկ Արսենյանը պարզաբանեց, որ գոյություն ունեն հայեցողական հոդվածներ, որոնք սահմանում են քրեական պատասխանատվությունից ազատվելու չափանիշները. «Օրերս մամուլում սպրդեց, որ «Սասնա ծռերի» որոշ անդամներ հնարավոր է՝ ազատ արձակվեն: Ըստ էության, հայեցողական մասերով հաշվի կառնվի այն, որ նրանք, ովքեր զենք-զինամթերքով մուտք են գործել, սակայն կամավոր պատանդ են բաց թողել, տարածքն են ազատել, բաց կթողնվեն»:
Փաստաբանը մանրամասնեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները, ովքեր կալանավորվել են ՀՀ քրեական օրենսգրքի 219 եւ 235 հոդվածների հատկանիշներով՝ շենքեր, շինություններ, կապի եւ տրանսպորտի միջոցներ վերցնելը, ապօրինի զենք-զինամթերք պահելը, հնարավոր է՝ ազատության մեջ հայտնվեն:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ պատանդ պահելու եւ շենքեր, շինություններ գրավելու վերաբերյալ երկու հոդվածներն ունեն խրախուսական նորմեր. եթե անձինք կամովին բաց են թողնում պատանդներին, կամովին ազատում են շենքերն ու շինությունները, չեն ենթարկվում քրեական պատասխանատվության, եթե նրանց արարքները այլ հանցակազմեր չեն պարունակում:
Եվ այստեղ հարկ ենք համարում հիշեցնել, որ նախօրեին զինված խմբի անդամներից 12-ին առաջադրված մեղադրանքներն ավելացվել են, ոմանց դեպքում այն խստացվել է:
Եվ ինչ է ստացվում. զինյալները նաեւ հավատալով իշխանության կողմից իրենց տված խոստումներին՝ կատարել են տղամարդու խոսքը եւ վայր են դրել զենքերը, իսկ նրանց նկատմամբ մեղմ վարվելու փոխարեն ավելի խիստ են դատում:
Հիշեցնենք` «Ժողովուրդ»-ը երեկվա համարում հայտնել էր, որ այսկերպ իշխանությունը մեկ նպատակ է հետապնդում` իրենց համար ռեալ վտանգ ներկայացնող կերպարները, այդ թվում` հանրային դեմքերը, տարիներով կմնան անազատության մեջ` ենթարկվելով ընդհուպ ցմահ ազատազրկման, որպեսզի այսուհետ որեւէ մեկի մտքով չանցնի զենք վերցնել եւ իշխանությունը փոխելու կոչեր անել:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՆԵՐԻ
Գարեջրի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող երկու ընկերությունները՝ «Երեւան գարեջուր»-ը եւ «Գյումրի»-ն, հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի թիրախում: ՏՄՊՊՀ-ն գերիշխող դիրքի չարաշահման համար «Երեւան Գարեջուր» ընկերությանը տուգանել է 110 մլն դրամով: Իսկ «Գյումրի գարեջուր» ընկերության մարքեթինգային եւ տրանսպորտային ծախսերի ուռճացման հետ կապված ուսումնասիրության արդյունքներն էլ հանձնաժողովը ուղարկել է պետական եկամուտների կոմիտե:
Երեկ գործարանի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը իր վրդովվմունքն արտահայտեց՝ նշելով, որ ՏՄՊՊՀ-ն գործարանի տնօրինությանը չի ծանուցել սույն նիստի մասին, եւ իր բնորոշմամբ` «գաղտագողի» որոշում է կայացրել՝ «ղալլաթ անելով»:
Գործարանի տնօրինությունը ՏՄՊՊՀ-ի որոշումը կվիճարկի դատարանում: Ինքը` Հակոբ Հակոբյանը, կարծում է, որ այս որոշմամբ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն իր հեղինակությունն է ցանկանում բարձրացնել:
Մինչ ԱԺ պատգամավորը կդիմի դատարան, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս օրերին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դեմ մի շարք ընկերություններ դատական հայց են ներկայացրել: Մասնավորապես պարզեցինք, որ այս տարվա օգոստոսի 10-ին «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ պահանջելով, որ անվավեր ճանաչվի օգոստոսի 1-ին ընկերության դեմ իրականացված ակտը: Դատարանը, ուսումնասիրելով հայցադիմումը, մերժել է «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ի հայցը:
Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Աժ նախկին պատգամավոր, գործարար Խաչիկ Մանուկյանին պատկանող «Լուսակերտ» ՍՊԸ-ն եւս 2016 թվականի հուլիսի 18-ին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջել, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մայիսին կայացրած որոշման ակտը վերացնի, սակայն ՀՀ վարչական դատարանը մերժել է ՍՊԸ-ի հայցը եւ այն հետ վերադարձնելու որոշում կայացրել:
Եվ ահա սեպտեմբերի 28-ին, երբ գործարարները հանդիպել են ՀՀ նորանշանակ վարչապետին, ՏՄՊՊՀ գործունեությունից դժգոհել են: Ըստ երեւույթին, գործարարների դժգոհությունը նորանշանակ վարչապետի մոտ եւս բարկություն է առաջացրել առ Արտակ Շաբոյան: Եւ չի բացառվում, որ Արտակ Շաբոյանն էլ որոշել է տուգանքներով պատժել գործարարներին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԺՇԿԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ
Նոյեմբերի 16-ին՝ երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում, Երեւանում «Շտապօգնության» բժշկին ծեծի ենթարկելու հերթական դեպքն է գրանցվել: Աջափնյակ համայնքի Առաքելյան փողոց կանչի մեկնած «Շտապօգնության» երիտասարդ բժշկի` Սարգիս Մաթեւոսյանի գլխին հիվանդի տանը գտնվող քաղաքացին ծագած վիճաբանության արդյունքում հարվածել է ձեռքի տակ եղած բաժակով: Ոստիկանության Մաշտոցի բաժնում այս առնչությամբ ընթանում է հետաքննություն:
ԸՆԴԱՄԵՆԸ 3 ԴԵՄ
Երեկ ԱԺ-ն ձայների 102 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որն արդեն հասցրել է ստանալ 1000 դրամների օրենք անվանումը: Դեմ քվեարկած երեք պատգամավորներն են՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւ նույն խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ձեռնպահ քվեարկողներ չկային:
ԵՎ-ԵՎ-ՈՎ
Մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը՝ համագործակցել ե՛ւ ՆԱՏՕ-ի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ իր անմիջական հարեւանների հետ, ունենալ բարիդրացիական հարաբերություններ: Այս մասին Tert.am-ին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին՝ նշելով, որ խոսքը ՀԱՊԿ-ի եւ Եվրասիական տնտեսական միության մասին է: «Իմ ուղերձն այն է, որ այստեղ կամ-կամ-ի մասին չէ խոսքը, այլ եւ-եւ-ի: Լրիվ հնարավոր է, անգամ ցանկալի է, որ Հայաստանն այս պայմաններում նաեւ ՆԱՏՕ-ի հետ սերտ հարաբերություններ մշակի ու պահպանի: Բոլորովին պարտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ լինել, որպեսզի կարողանաս օգտվել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրերից»,- ընդգծել է Շին:
ՄՏՔԱՓՈԽԵ՞Լ ԵՆ
Պատասխանելով հարցին՝ արդյոք պատրաստվում է առաջիկայում համալրել ՀՀԿ շարքերը, մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը Tert.am-ին ասել է. «Ես կարծում եմ՝ մինչեւ խորհրդարանական կառավարման անցնելը մենք ժամանակ ունենք՝ որոշում կայացնելու»: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ամիրյանը բավականին կտրուկ կերպով բացառել էր իր անդամակցումը ՀՀԿ-ին:
ԱԶԱՏՎԵԼ Է
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Վահան Պողոսյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից իր դիմումի համաձայն: Պողոսյանը փոխնախարարի պաշտոնը ստանձնել էր 2011 թվականի դեկտեմբերից:
ՄԱՐԶԱՅԻՆՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել ծառայության մարզային կենտրոնների ղեկավարների հետ: