Լրատվամիջոցների ղեկավարների հետ նոյեմբերի 15-ին կայացած հանդիպման ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչ հանգամանքներում են այդ օրը վիրավորվել 6 զինվորներ, որոնցից 2-ը անհետաձգելի բուժօգնություն են ստանում Երեւանի Մուրացանի հոսպիտալում: Նախարարը հերքեց՝ ասելով, որ նման միջադեպ չի եղել, համենայնդեպս, իրեն այդպիսի բան չեն զեկուցել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ իրականում այդ օրը 2 զինվորներ ծանր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Նրանցից մեկը ծագումով արցախցի է՝ Գեւորգ Սեյրանի Դադասյանը, մյուսը՝ Ռոման Արայի Սուքիասյանը, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ:
Իսկ ի՞նչ հանգամանքներում եւ ի՞նչ վիրավորում են ստացել, «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը, ճշտումեր անելուց հետո, հակիրճ պատասխանեց. «Ձեր կողմից հիշատակված միջադեպը, ըստ որի՝ վեց զինծառայող է վիրավորվել, տեղի չի ունեցել: Իսկ նշված երկու զինվորականները վիրավորում ստացել են երկու տարբեր հանգամանքներում, երկու տարբեր օր: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գեւորգ Դադասյանի աչքը հեռացրել են: Իսկ թե ինչ հանգամանքներում են վիրավորվել, հուսանք՝ պաշտոնապես երբեւէ կհայտնեն:
Կաշառք պահանջելու եւ վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործն իրավապահները ռեկորդային արագությամբ քննեցին, եւ նախօրեին հայտնի դարձավ դրա նախաքննության ավարտի մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Ի. Բարսեղյանը, ով մեղադրվում է քաղաքացիական գործի շրջանակներում 1000 դոլար կաշառք վերցնելու մեջ, չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Մեր տեղեկությունը պաշտոնապես ճշտել չհաջողվեց, քանի որ դատավորը իր փաստաբանին արգելել է շփվել լրատվամիջոցների հետ: Այդուհանդերձ, մեր աղբյուրները հայտնում են, որ դատավորի գործը շատ կարճ ժամանակում նաեւ դատարան կուղարկվի: Ըստ երեւույթին, հսկող դատախազը առարկություններ չի հայտնի: Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ 1000 դոլար կաշառք վերցրած դատավորին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում:
«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում նախագահ Վարդան Հարությունյանը կադրային եւ կառուցվածքային լուրջ փոփոխություններ է կատարում: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ իր պաշտոնից ազատվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանը: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ օպերատիվ հետախուզության վարչությունը մի քանի բաժիններ ունի, որոնք, հնարավոր է, լուծարվեն: Վ. Հարությունյանը, մեր տեղեկություններով, դրանք ոչ անհրաժեշտ է գնահատել: ՊԵԿ լրատվական ծառայությունից հաստատեցին Ռոբերտ Գալոյանի ազատման լուրը՝ հավելելով, որ նա ազատվել է իր դիմումի համաձայն եւ նշանակվել է ՊԵԿ նախագահի խորհրդական: Նրան փոխարինել է Գարեգին Առաքելյանը: Մեր հարցին՝ ինչով են պայմանավորված փոփոխությունները, պատասխանեցին, որ որոշակի հստակեցումներ անելուց հետո կպարզաբանեն:
Ինչպես հայտնի է` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է որոշում կայացնել Հայաստանում բնական գազի սակագինը իջեցնելու մասին: Արդյունքում բնակիչ-բաժանորդների համար 1 խորանարդ մետր բնական գազը կարժենա 139 դրամ (0,29 ԱՄՆ դոլար), իսկ սոցիալապես անապահով (նպաստառու) ընտանիքների համար՝ 100 դրամ (0,21 ԱՄՆ դոլար): Վերամշակող տնտեսությունների ու ջերմոցների համար գազի 1000 խորանարդ մետրը կարժենա 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ մյուս ձեռնարկությունների համար՝ 242 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ասել կուզի` եթե անապահով համարվող ընտանիքը 100 դրամով իրեն հատկացված 600 խորանարդ մետր գազը սպառի ձմռանը ջեռուցման նպատակով, ապա դրանից հետո գազը կարժենա 139 դրամ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 25-ին ՀԾԿՀ-ն սույնով պայմանավորված որոշումը կկայացնի, որն ուժի մեջ կմտնի 2017-ի հունվարի 1-ից: Այստեղ հարկ ենք համարում նկատել, որ թեեւ հանձնաժողովը համարվում է անկախ կառույց, որն առանց կողմնակի ազդակների է վերանայում իր որոշումները, այս դեպքում կառույցի որոշման վրա անմիջապես ազդել է «Գազպրոմ-Արմենիայի» գործադիր տնօրենի պաշտոնից վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանը:
ԿՐԱՎՈՐԱԲԱՐ
ՅՈւՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Է. Միտրոֆանովան, անդրադառնալով ռուսաց լեզվի տարածվածության խնդրին, նախօրեին ասել է. «Նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսաց լեզվին պետք է հատուկ՝ օրենսդրական կարգավիճակ տալ: Այս հարցը պետք է լինի ՌԴ արտաքին քաղաքական օրակարգում»: Այսպիսով՝ իրենց կայսերապաշտական նկրտումները հետզհետե ավելի անկաշկանդ դրսեւորող ՌԴ իշխանություններն արդեն բացահայտ են խոսում դեպի ԽՍՀՄ վերադառնալու իրենց տեսլականների մասին, ինչը միանգամայն սպասելի պետք է համարել՝ հիշելով դեռեւս 2011թ. Վ. Պուտինի հայտարարությունը, թե ԽՍՀՄ փլուզումն ինքը համարում է 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունը: Իհարկե, դժվար թե ՌԴ այս նկրտումները հնարավոր լինի բավարարել նախկին ԽՍՀՄ երկրների մեծ մասում, սակայն կոնկրետ Հայաստանի դեպքում, դատելով մեր իշխանությունների գերկրավորական վարքագծից, նման հեռանկարը միանգամայն հնարավոր է:
Հիշեցնենք, որ ռուսաց լեզվին ԵՏՄ-ում հատուկ՝ աշխատանքային լեզվի կարգավիճակ տրամադրելու մասին դեռեւս 2013-ին խոսել էր ՀՀ այն ժամանակվա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Իհարկե, նրա այդ հայտարարությունը փորձ արվեց ներկայացնել որպես դիվանագիտական քայլ, թեեւ ամենեւին ոչ համոզիչ կերպով: Իսկ քիչ ավելի ուշ՝ 2014 թ. ռուս լրագրող Դ. Կիսելեւը ՀՀ ԱԺ-ում իր դժգոհությունն էր հայտնել առ այն, որ ՀՀ-ում տաքսիստները բավականաչափ վարժ չեն տիրապետում ռուսաց լեզվին՝ սպառնալով, թե եթե այս խնդիրը չկարգավորվի, դա կազդի ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա: Կիսելեւի այս եւ այդ օրն արված այլ անընդունելի հայտարարություններին հակադարձելու փոխարեն հայ իշխանավորները, ինչպես միշտ, շտապեցին խմբագրել ռուս լրագրողի ասածը՝ փորձելով ապացուցել, որ «նա ուղտ չէ»:
Եվ հիմա էլ, դատելով ՀՀ ԱԳՆ արձագանքից, ռուսներին հակազդելու ՀՀ իշխանությունների ֆիզիոլոգիական անկարողության մեջ ոչինչ չի փոխվել: Մասնավորապես ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով այս հայտարարության շուրջ «Ազատության» հարցին, փոխանակ անմիջապես հղում կատարելու ՀՀ Սահմանադրությանը եւ Լեզվի մասին օրենքին, ինչ-որ կցկտուր պատասխան է տալիս՝ ասելով, թե իրենց դիրքորոշումը չի տարբերվում Սերժ Սարգսյանի դիրքորոշումից: /Կարելի է կարծել, թե կարող էր եւ տարբերվել/: Հարցին, թե երբ է Սարգսյանը այդ հարցի շուրջ դիրքորոշում հայտնել, Բալայանը նշում է նույն Կիսելեւին տրված վերջին հարցազրույցը, որտեղ ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու վերաբերյալ ոչինչ ասված չէր: Բայց այստեղ խնդիրը ոչ թե Սարգսյանի դիրքորոշումն է, այլ այն, որ ՀՀ-ում որեւէ պաշտոնյա չի համարձակվում որեւէ հարցի շուրջ ինքնուրույն դիրքորոշում արտահայտել՝ առանց Սարգսյանի ցուցման: Իսկ Սարգսյանն էլ իր ստեղծած այս կամակատարային համակարգի պատճառով դառնում է այնքան խոցելի ու թույլ, որ ստիպված է լինում մեկ գիշերում երկրի համար ճակատագրական որոշումներ ընդունել: