ԲՈԼՈՐՍ ՊԵՏՔ Է ԶԳՈՆ ԼԻՆԵՆՔ ԵՎ ՍՊԱՍԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուբեն Գեւորգյանը, անդրադառնալով «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանի հայտարարությանը` «մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը ու հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացմանը», նշեց. «Զգում եմ, որ ինքը իր ամեն օրվա ասածն է ուզեցել ասել, որ հավաքվե՛ք, մի բռունցք դարձե՛ք, քանի որ իրավիճակը լարված է, եւ ամեն ինչ սպասվող է»:

-Պարո՛ն Գեւորգյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Վարդան Ավետիսյանի հայտարարությունը, եւ հատկապես ինչո՞ւ է նա նշում, որ նոյեմբերի 11-ից 18-ը պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման:
-Չեմ ուզում հիմնականում անդրադառնալ նոյեմբերի 11, 17,16 կամ նոյեմբերի քանիսից քանիսը, քանի որ սահմանում իրավիճակը ոչ միայն լարված է, այլեւ կասեի, եթե զոհվում է զինվորը, ուրեմն մենք պատերազմում ենք՝ անկախ նրանցից՝ դա թեժ պատերազմ է, ինչ պատերազմ է, պատերազմը մնում է պատերազմ: Վարդան Ավետիսյանի համար ես կարող եմ ասել հետեւյալը, որ նա զգոն գեներալ է եղել միշտ եւ նա ավելի մոտ է կանգնած բանակի խնդիրներին: Նա միշտ էլ զգոնություն է պահանջել ազատամարտիկներից, կամավորականներից, քանի որ իր աշխատանքի բնույթը հիմնականում այդ դաշտում է եղել, եւ, բնականաբար, այդ ամեն ինչը ես համարում եմ իր կողմից արդարացված: Ինքը ինչ-որ արտահայտվում է, հաստատ, ոչ թե ցանկանում է ժողովրդի մեջ ինչ-որ տրամադրություն ստեղծել, այլ ինքը միշտ էլ զգոնություն է քարոզել, միշտ էլ ուզեցել է ազատամարտիկների հավաքագրել, եւ զգում եմ, որ ինքը իր ամեն օրվա ասածն է ուզեցել ասել, որ հավաքվե՛ք, մի բռունցք դարձե՛ք, քանի որ իրավիճակը լարված է, ամեն ինչ սպասվող է: Ես էլ այսօր կարող եմ ասել, չգիտես՝ ինչ կկատարվի, կարող է՝ արթնանանք, ու պատերազմ սկսվի, բայց դա չի նշանակում, որ մենք ուզում ենք պանիկայի ենթարկենք մեր ժողովրդին, մենք միշտ պետք է զգոն լինենք:
-Քառօրյա պատերազմից հետո դիվերսիոն ներթափանցման երկու փորձ եղավ, կրկին լսում ենք սահմանին զինվորի մահվան մասին: Ըստ էության, մինչ քառօրյա պատերազմը, հակառակորդի գործողությունները լուրջ չընդունվեցին, եւ ունեցանք այն, ինչ ունեցանք: Դուք ինչպե՞ս եք գնահատում արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության գործողությունները:
-Ես չէ, որ պետք է գնահատականը տամ, բայց, դե, այդ ամեն ինչը վկայում է այն մասին, որ թշնամին հանգստանալու ոչինչ չունի: Նա միշտ էլ պատրաստվում է պատերազմի: Դուք այն հարցը, որ տվեցիք, կապված Վարդան Ավետիսյանի՝ ազատամարտիկներին հավաքագրելու հետ, դա վկայում է այն մասին, որ բոլորս պետք է զգոն լինենք եւ սպասենք պատերազմին, որ նույն բանը կարող է կրկնվել եւ ավելի թեժ ձեւով կրկնվել, երկրորդ անգամ, երրորդ անգամ, համենայնդեպս, ես ողջունում եմ այս զգոնությունը: Այս զգոնությունից, ամեն օրվա կոչերից ոչ մի հայրենասեր ընտանիք չի ընկճվի եւ այլ բան մտածի:
-Խորհրդարանական ընտրությունները մոտենում են, Ձեզ տեսնո՞ւմ եք 2017 թվականին ձեւավորվելիք խորհրդարանում, ո՞ր քաղաքական ուժի հետ եք տեսնում:
-Ես ուժեր տեսնելու խնդիր չունեմ, ես ունեմ կուսակցություն, որի մեջ գործել եմ արդեն 10 տարի. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում եմ իմ քաղաքական գործունեությունը ծավալել: Համենայնդեպս, գալիք ընտրություններում տեսնում եմ ինձ, թե ոչ, դեռ վաղ է ասել, քանի որ դաշտը դեռ պարզված չի ե՛ւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ե՛ւ ընդհանուր առմամբ, այս ամեն ինչը պետք է հաշվարկվի: Օրերը գալիս են, դա, համենայնդեպս, այսօրվա պատասխանը չէ, ժամանակը ցույց կտա: Ինձ թվում է՝ եթե էլի իմ գործունեությունը ծավալեմ, այդ կուսակցության հետ կծավալեմ:
-Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ եթե անհրաժեշտություն լինի, չի բացառում իր վերադարձը քաղաքականություն: Տեսնո՞ւմ եք դրա անհրաժեշտությունը եւ, առհասարակ, խոսե՞լ եք իր հետ այս թեմայով:
-Ես իր հետ բավականին երկար չեմ հանդիպել, բայց հանդիպելուց էլ ջերմ ենք, ընկերական, անկախ քաղաքական դաշտից՝ մենք եղել ենք մտերիմներ, ընկերներ, բայց մենք քաղաքական դաշտում էլ ենք եղել, գործել ենք միասին, ինքը եղել է կուսակցության նախագահը: Համենայնդեպս, մենք միասին բավական ճանապարհ ենք անցել քաղաքական դաշտում: Ոչ մեկը իրավունք չունի քննարկելու նրա գալու կամ չգալու խնդիրը: Եթե Դուք ասում եք՝ իր վերադառնալը ոնց եք համարում, չեմ համարում դա վերադարձ, իսկ ինքը ուր է գնացել, որ հիմա էլ վերադառնա:
-Նրան «դուրս հրավիրեցին» քաղաքականությունից:
-Քաղաքականությունից, չեմ կարծում, որ ինքը դուրս է եկել, կարող է՝ պահի տակ իր գործունեությունը՝ հանգամանքներից ելնելով… Դուք գիտե՞ք՝ ինչ հանգամանքներ եղան, որ ինքը ստիպված դադարեցրեց իր քաղաքական գործունեությունը, այդ հանգամանքներից ելնելով՝ նա ավելի շուտ սառեցրեց իր քաղաքական գործունեությունը: Ինքը էլի կուսակցության անդամ է, եւ իր գալը ես լիարժեք բարոյական եմ համարում, թե հետագայում իր գալը ինչ կտա իր թիմի հետ իր վերաբերմունքով կամ թիմակիցների վերաբերմունքով, դա արդեն հարաբերության խնդիր է, բայց իր գալը բարոյական եմ համարում եւ չեմ կարծում, որ իր գալով կարող է՝ կուսակցությունը տուժի: Ընդհակառակը, ավելի առաջխաղացում կապրի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հարցազրույցի ամբողջական տարբերակը դիտեք Armlur.am լրատվականի պատրաստած տեսանյութում:

 

 

 
ՊԵԿ-Ը ՈՐՈՇԵԼ Է ԳԱՆՁԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ՄԼՆ ԴՐԱՄ

«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի էր դարձել, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մանուկյանը, ուսումնասիրելով «Մասուկ» ՍՊ ընկերության վարչական վարույթի վերաբերյալ նյութերը, պարզել է, որ համաձայն հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի տվյալների` «Մասուկ» ՍՊԸ-ի չկատարած հարկային պարտավորությունները հոկտեմբերի 17-ի դրությամբ կազմում են մոտ 2 մլն 84 հազար դրամ:

Այդ իսկ պատճառով քննելով առկա տվյալները՝ Մանուկյանը որոշում է կայացրել հարկային պարտավորությունները չկատարելու համար Իջեւան քաղաքում գտնվող այդ ՍՊԸ-ից գանձել ավելի քան 2 մլն դրամ:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ նշյալ ընկերությունը հիմնականում զբաղվում է կառուցապատմամբ: Քանի որ որոշման մասին ՊԵԿ-ն արդեն պետք է տեղեկացրած լիներ տվյալ կազմակերպությանը, «Ժողովուրդ»-ը փորձեց ընկերության տնօրեն Անահիտ Ճաղարյանից պարզել` արդյո՞ք իրենք հիմնավոր են համարում ՊԵԿ-ի կայացրած որոշումը: Հեռախոսազանգին պատասխանեց տիկին Ճաղարյանի ամուսինը: Սակայն նրա խոսքերից սկզբում պարզվեց, որ այդ գումարի մասին անգամ մոռացել են, բայց զրույցի ընթացքում պարոն Ճաղարյանը հիշեց այդ մասին եւ քանի որ տեղյակ էր այդ ամենից, համաձայնեց պատասխանել մեր հարցերին:
-Բարեւ Ձեզ, ես պարոն Ճաղարյանի հե՞տ եմ խոսում:
-Ո՛չ, ո՛չ, այո՛, այո՛, լսում եմ, ասե՛ք:
-Կարծում եմ` տեղյակ եք, որ պետական եկամուտների կոմիտեն որոշում է կայացրել Ձեր կազմակերպությունից գանձել ավելի քան 2 մլն դրամ:
-Ինչի՞ համար:
-Դուք «Մասուկ» ՍՊԸ-ի տնօրե՞նն եք:
-Այո՛:
-Ձեզ չե՞ն տեղեկացրել այդ որոշման մասին:
-Այո՛, տեղեկացրել են:
-Որ տեղեկացրել են, նշանակում է` տեղյակ եք:
-Այո՛, ճիշտ է, տեղեկացրել են, հիշեցի, հետո՞:
-Հիմնավո՞ր եք համարում այդ որոշումը:
-Այո՛, ուրեմն ես մի մասը վճարել եմ, մնում է մի փոքր մասը, մինչեւ ամսվա վերջ ես դա էլ եմ վճարելու:
-Պատճառը հարկային պարտավորությունները չմարե՞լն է…
-Ուրեմն առաջացած հարկը չի մարվել, որովհետեւ խնդիրներ են եղել, ֆինանսական պրոբլեմներ եմ ունեցել:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 
ՆԱԽԱՐԱՐԻ ԱԽՈՐԺԱԿԸ
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին պատկանող «Արինտերլեւ» ՍՊԸ-ի»՝ «Վարդանաց նորարական» ԲԿ-ին (պոլիկլինիկա) հատկացրած 24 մլն դրամը հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց: Ինչից հետո նախարարը որոշել է նահանջել եւ սրբագրել իր արածը: Նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ հաշվի առնելով բժշկական կենտրոնի հնարավորություններն ու թողունակությունը՝ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գումարը նվազել է 20 մլն դրամով: Այս պահին կազմում է 4 մլն դրամ, իսկ նույն ծրագրով կազմակերպության ֆինանսավորումը անցած տարի կազմել էր 11,9 մլն դրամ: Ստացվում է, որ գումարը հատկացնելիս Ալթունյանը չգիտեր իր կենտրոնի հնարավորությունների մասին, իսկ երբ իմացավ, 24 մլն-ը 4 դարձրեց: Ընդգծենք, որ պաշտոնական փատաթղթում նշված է՝ այս տարի պոլիկլինիկային հատկացվել է 24 մլն դրամ, այլ ոչ թե 4:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախարար Ալթունյանը մտադրություն ունի «Վարդանանց նորարարական» ԲԿ-ն, որը պոլիկլինիկա է համարվում, վերածել հիվանդանոցի: Բանն այն է, որ պոլիկլինիկաներին տրվող միջոցները փոքր են, իսկ հիվանդանոց վերածվելու դեպքում «Վարդանանց»-ը կստանա ավելի մեծ գումարներ, եւ կիրականացվեն ավելի մեծ ծառայություններ՝ ունենալով ավելի մեծ շահույթ: Փաստորեն ստացվում է, որ «ապահովագրող» նախարարը պատրաստվում է իր պաշտոնը օգտագործել, որպեսզի կարողանա իր սեփական բիզնեսը ծաղկեցնել:
Իսկ այդ ընթացքում «Ժողովուրդ»-ը ՀՀ տարբեր բուժհաստատություններից ահազանգեր է ստանում այն մասին, որ իրենց կողմից իրականացված պետպատվերների դիմաց նախարարության կողմից խոստացված գումարները չեն վճարվում:
Նշենք, որ «Արինտերլեւ» ՍՊԸ-ի հիմնադիրները երկուսն են՝ նախարար Լեւոն Ալթունյանը եւ նախարարին պատկանող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանը:

 

 

ԽԻՍՏ ԵՎ  ԻՄԻՋԻԱՅԼՈՑ
Նախօրեին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ «Նախարարի խիստ հանձնարարականը. բնակչությանը պատճառվող անհարմարությունները հասցնել նվազագույնի» բովանդակությամբ: Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է, բայց միայն առաջին հայացքից: Ի՞նչ ասել է խիստ հանձնարարական, նշանակում է՝ Վահան Մարտիրոսյանի մյուս հանձնարարականները մե՞ղմ են եղել, եւ կարելի է դրանք չկատարե՞լ:




Լրահոս