Երեկ` նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը 63 կողմ, 16 դեմ եւ 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Քվեարկությունից առաջ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հորդորեց դեմ քվեարկել այս նախագծին՝ ասելով, որ այն սահմանափակում եւ խախտում է դատախազի իրավունքները. «Գիտեմ, որ հիմա քվեարկելու եք. հրահանգը տրված է, բայց ես ձեզ ուզում եմ մի պարզ բան ներկայացնել: Քննիչին դատախազի որոշումը բողոքարկելու իրավունք տալը սխալ է: Քննիչը դատավարության մեջ անկողմնակալ անձ է, ինքը շահագրգռված չէ գործի ելքով, ինքը հավասարապես պետք է հավաքի թե՛ մեղքն ապացուցող ապացույցները, թե՛ անձի անմեղությունը հաստատող ապացույցները: Եթե մենք քննիչին իրավունք ենք տալիս բողոքարկել դատախազի որոշումները, ինքը դառնում է կողմ, շահագրգռված անձ, հետեւաբար բացարկի ենթակա, ու շատ հավանական է, որ ամիսներ հետո նրա չարչարանքները ճանաչվեն անթույլատրելի դատարանում: Խնդրում եմ՝ նման քվեարկություն չանել, սա կոնցեպտուալ սխալ է»:
Եվ չնայած պատգամավորի հորդոր-կոչերին` նախագիծն ընդունվեց:
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել 2012թ-ի սեպտեմբերից: Այն թեեւ 2014թ. մայիսի 19-ին ընդգրկվել էր նստաշրջանի օրակարգ, սակայն ՀՀ արդարադատության նախարարության եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից տեւական ժամանակ մանրակրկիտ քննարկվում եւ լրամշակվում էր:
Իսկ ինչո՞ւ էր անհրաժեշտ կատարել այդ փոփոխությունները, եւ ո՞վ է ընդհանրապես դրանց շահագրգիռ կողմը:
Մասնագետները փոփոխությունների անհրաժեշտությունը բացատրում են այն հանգամանքով, որ նախ արդեն երկու անգամ սահմանադրական փոփոխություններ տեղի ունեցան, եւ դրանցով մի շարք քրեադատավարական երաշխիքների բովանդակությունը փոխվեց: Բացի այդ՝ արդեն 2002 թվականից ՀՀ-ն միացել էր մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային, եւ մի շարք ինստիտուտների հետ կապված Եվրոպական դատարանն այլ իրավական դիրքորոշում էր արտահայտում, որը, բնականաբար, պետք է արտացոլվեր քրեական դատավարության օրենսգրքում:
Իսկ ըստ առանձին կարծիքների` քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունն առաջին հերթին ձեռնտու է քննչական կոմիտեին:
Այսպես՝ նախագծով հստակեցվել եւ մանրամասնվել է քրեական հետապնդման հարուցման Սահմանադրության 103-րդ հոդվածով ամրագրված դատախազական լիազորությունը: Այս լիազորության իրականացումը վերապահվել է բացառապես դատախազությանը: Գործող քրեական դատավարության օրենսգրքով քրեական հետապնդման հարուցման լիազորություն ունեն նաեւ քննիչը, հետաքննության մարմինը:
Կրկին հղում անելով Գագիկ Ջհանգիրյանի մեկնաբանությանը՝ նշենք, որ նա առանձնացրել էր դատախազական հսկողության վերաբերյալ վերապահումները: Այսպես՝ պատգամավորը նկատում է, որ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները կատարվում են հատկապես քրեական վարույթի սկզբնական փուլերում՝ նյութերի նախապատրաստման, բերման ենթարկելու, հարցաքննելու, ուստի, նրա կարծիքով, եթե դատախազական հսկողության սկիզբը հնարավորինս առաջ տեղաշարժվի, մարդու իրավունքների պաշտպանության առավել լավ հնարավորություն կստանանք:
Սակայն քրդատօր.-ի նախագիծը դա չի նախատեսում: Կարծիքներ կան, որ դատախազի «սանձերը ձգելու» նախագիծը անհրաժեշտություն է եղել անցկացնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի միջեւ եղած լարված հարաբերությունների ժամանակ: Երբ Գեւորգ Կոստանյանը պարբերաբար որոշումներ էր կայացնում այս կամ այն քրգործով, դա դուր չէր գալիս Աղվան Հովսեփյանին, եւ պետք էր ինչ-որ կերպ դատախազի վրա ազդելու գործառույթ ստեղծել:
Եվ, ահա, օրենսդրությամբ դատախազին որոշ կարեւոր լիազորություններից զրկելով՝ Աղվան Հովսեփյանը լուծում է իր առջեւ դրված մեծագույն խնդիրը՝ ցույց տալ, թե ով է համակարգի թիվ մեկ թելադրողը: Սակայն թիրախը, ի դեմս Գեւորգ Կոստանյանի, այլեւս այդ համակարգում չէ, ավելին՝ համառ լուրեր են շրջանառվում, որ շուտով կոմիտեի նախագահի պաշտոնը կլքի նաեւ Աղվան Հովսեփյանը:
Եւ ի՞նչ է ստացվում. անձերը իրենց «հագով են կարում» օրենքները, ապա հեռանում՝ այդ չարաբաստիկ բարքերը որպես ժառանգություն թողնելով համակարգին:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՉԸՆԴՈՒՆԵՑ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ
2016թ. նոյեմբերի 16-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հիմնավորվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից կաշառք վերցնելու գործը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար փաստաբան Է. Զաքարյանի միջոցով պահանջել եւ 2016թ. հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Է. Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 313-րդ հոդվածի 1-ին մասով: Բարսեղյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Եվ ահա այս ամենից հետո նախաքննությունը իրականացնող մարմինը որոշեց եւ գործը ուղարկեց դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Սակայն այս աղմկալի պատմության մեջ ըստ էության ամենակարեւորն այն է, թե արդյո՞ք Իշխան Բարսեղյանը ընդունել է իր առաջադրված մեղադրանքը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Իշխան Բարսեղյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանք: Ի դեպ, նշենք, որ 2014թ. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը 20.000 ԱՄՆ դոլար կաշառքի համար կալանավորվեց: Ինչպես Իշխան Բարսեղյանին, այնպես էլ Խաչատուր Խաչատրյանին ԱԱԾ ձերբակալել էր հենց կաշառքը վերցնելու պահին, սակայն Խաչատուր Խաչատրյանը եւս չէր ընդունել մեղադրանքը, եւ գործը, առանց նրա մեղադրանքը ընդունելու, գնաց դատարան:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՉԱՐԱՇԱՀԵԼ ԵՆ
ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: Պարզվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության, իրավաբանական վարչության եւ կենտրոնի հարկային տեսչության համապատասխան պաշտոնատար անձինք, անտեսելով 75.467.232 ՀՀ դրամ գումար գանձելու մասին անբողոքարկելի վարչական ակտը, 08.06.2015թ. կողմի հետ կնքել են ընդամենը 28.449.350 ՀՀ դրամ պարտքի մարման ժամանակացույց, որի հետեւանքով պետական բյուջե չի վճարվել 47.017.882 ՀՀ դրամ՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քր. օր. 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրգործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 18-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանի նկատմամբ: Վերջինիս լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն:
ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նոյեմբերի 18-ին տեղի ունեցած լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել են անհատ ձեռնարկատերերի, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա եւ լիցենզիայի ներդիրներ տրամադրելու, մի շարք լիցենզիաների ներդիրների ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաեւ փոստային կապի գործունեության լիցենզիա եւ լիցենզիայի ներդիրներ տրամադրելու համար ներկայացված հայտերը: Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի ներդիր է տրամադրվել իրավաբանական մեկ անձի, 26 ֆիզիկական անձ ստացել է լիցենզիա եւ ներդիր, իսկ մեկ իրավաբանական անձի տրվել է փոստային կապի գործունեության լիցենզիա՝ երկու ներդիրով: Ուժը կորցրած է ճանաչվել ֆիզիկական անձանց տրված 38 լիցենզիա եւ ներդիր, իրավաբանական անձանց տրամադրված 4 լիցենզիայի ներդիր:
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի եւ ֆինանսների փոխնախարար, գլխավոր մաքսատան պետ Մասուդ Քարբասիանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարության նիստում հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին աշխատանքային խումբ ձեւավորել եւ իրանական կողմի հետ աշխատել ՀՀ-ից ԻԻՀ հայկական արտադրանքի, մասնավորապես սննդամթերքի եւ գյուղմթերքի արտահանման խթանման հարցի շուրջ, ինչպես նաեւ գործարարների հետ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հեռանկարները: Կառավարության ղեկավարի խոսքով՝ դա փոխշահավետ հնարավորություն է երկու երկրների գործարարների համար, եւ պետք է նպատակուղղված աշխատել այն իրացնելու ուղղությամբ: Ներկայացնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ աշխատանքային բանակցությունների արդյունքները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ Մասուդ Քարբասիանը նշել է, որ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Մասնավորապես ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ, երկուստեք կարեւորվել են էլեկտրոնային եղանակով անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումն ու ՀՀ եւ ԻԻՀ քաղաքացիներին բավարար չափով մաքսային ընթացակարգերի մասին իրազեկումը, երկու երկրներում գործող ազատ տնտեսական գոտիների միջեւ փորձի փոխանակումն ու համագործակցությունը: