Միացյալ Նահանգներում, ինչպես եւ աշխարհի բոլոր պետություններում, նոր նախագահի ընտրվելուց հետո սկսվել է պաշտոնների վերաբաշխման գործընթացը: Բնականաբար, ԱՄՆ-ում կառավարության բարձրագույն ներկայացուցիչների նշանակումը ոչ միայն ամերիկյան հասարակության, այլեւ ողջ աշխարհի մտահոգության առարկան է` հաշվի առնելով այս պետության աշխարհաքաղաքական անվիճելի դերակատարությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության թերեւս կարեւորագույն պաշտոնները նախագահից ու փոխնախագահից հետո նախագահի աշխատակազմի ղեկավարի, գլխավոր եւ ազգային անվտանգության գծով խորհրդականների, պետական ու պաշտպանության քարտուղարների պաշտոններն են: Արդեն հայտնի է, որ Թրամփի աշխատակազմը ղեկավարելու է Հանրապետական կուսակցության ազգային հանձնաժողովի նախագահ Ռեյնս Փրայբուսը, իսկ գլխավոր խորհրդականն է լինելու Սթիվ Բենոնը: Միացյալ Նահանգների պետքարտուղարի կարեւորագույն պաշտոնի հավակնորդների հարցում նորընտիր նախագահ Թրամփը դեռեւս չի կարողանում կողմնորոշվել: Քննարկվում են մի շարք գործիչների թեկնածություններ, որոնք թե՛ ԱՄՆ-ում, թե՛ աշխարհում հակասական տրամադրություններ են առաջացնում: Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռ. Ջուլիանիի ու ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջ. Բոլտոնի անունների կողքին է հայտնվել նաեւ Հվ. Կառոլինայի նահանգապետ Նիկկի Հեյլին, որը քարոզարշավի ժամանակ սատարում էր նորընտիր նախագահի հակառակորդներին, ինչպես նաեւ Թրամփին համարում նախագահությանը անհամապատասխան գործիչ: Ինչեւէ: Հեյլին արդեն իսկ հանդիպել է Թրամփին` քաղաքական վերլուծաբաններին ստիպելով ակտիվորեն քննարկել իր թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնի համար:
Դոնալդ Թրամփը օրերս մեկ այլ կարեւոր նշանակում կատարեց` ազդարարելով, որ ազգային անվտանգության գծով իր գլխավոր խորհրդականն է լինելու պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլինը: Վերջինս ԱՄՆ-ում հայտնի է որպես ահաբեկչության դեմ անխոնջ պայքարի կողմնակից` հատկապես 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո իր զբաղեցրած դիրքով եւ քաղաքական-ռազմական ծրագրերով: Հետագայում Ֆլինը հեռացավ պաշտպանության բնագավառից, սակայն շարունակում էր քաղաքական մեկնաբանություններն ու գնահատականները ԱՄՆ-ի արտաքին-ռազմական դոկտրինների շուրջ: 2015թ. նա այցելել էր Russia Today լրատվականի Մոսկվայում կազմակերպած միջոցառմանը եւ տեղ գրավել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողքին: Նրա այդ քայլը արժանացել էր ամերիկյան ԶԼՄ-ների կատաղի քննադատությանը, որն էլ ավելի էր բորբոքվել Դոնալդ Թրամփին սատարելու մասին Ֆլինի հրապարակային հայտարարությունից հետո: Այսօր ամերիկյան վերլուծաբանները հակված են կարծելու, որ Ֆլինի նշանակմամբ Թրամփը ազդարարում է ահաբեկչության դեմ պայքարի նոր շրջափուլի մեկնարկն ու ՌԴ-ի հետ համագործակցության պատրաստակամությունը:
Հարկ է նկատել, որ ինչպես Միացյալ Նահանգների պետական կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում, այստեղ նույնպես գործում է հակակշիռների ու զսպումների լավագույն մեխանիզմը: Նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը յուրօրինակ հակակշիռ է ԱՄՆ պետքարտուղարի համար: Այս երկրում արտաքին քաղաքականության առաջնահերթությունները որոշելիս եւ մարտահրավերներին արձագանքելիս նախագահը հավասարապես հաշվի է նստում պետքարտուղարի եւ ազգային անվտանգության գծով իր խորհրդականի կարծիքների հետ: Հետաքրքիր է, որ վերջիններս գրեթե միշտ ներկայացնում են լիովին տարբեր քաղաքական ուղղություններ, եւ նրանց տեսլականը հիմնականում հակադրվում է: Եվ այստեղ է, որ բարձրանում է Միացյալ Նահանգների կառավարման համակարգի արդյունավետության հարցը: Պետության ստեղծման օրերին հիմնադիր հայրերը շեշտում էին առողջ բանավեճի ու դրանից ծնված ճշմարտության պաշտպանության նշանակությունը: Եվ ահա ոսկե միջինի ձեւակերպման ու պետության կառավարման ոլորտում դրա լավագույն կիրառման ճանապարհով էլ երաշխավորվում էր որակյալ իշխանավարությունը: Այսպիսով` նախագահը բացառիկ հնարավորությամբ է օժտված` համադրելու երկու հակադիր տեսակետները եւ ողջամիտ որոշում կայացնելու: Կարծես թե արդեն տեսանելի է դառնում, որ ԱՄՆ նոր նախագահը հակակշիռների պրագմատիզմով է առաջնորդվում, եւ կարելի է ակնկալել, որ ԱՄՆ պետքարտուղար կնշանակվի առաջին հերթին Ռուսաստանի հանդեպ լրջագույն վերապահումներ ունեցող գործիչ, ինչպիսին կարող են լինել մասնավորապես վերոնշյալ Հեյլին ու Բոլտոնը:
Մեր երկրում նախագահի` ազգային անվտանգության գծով խորհրդականի հատուկ պաշտոն, որ հավասար կլինի ՀՀ ԱԳ նախարարի պետա-քաղաքական ազդեցությանը, գոյություն չունի: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ազգային անվտանգության գծով խորհրդականը Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն էր` նշանակված 1991թ. նոյեմբերին: Մանուչարյանը Տեր-Պետրոսյանի եւ վերջինիս ազդեցիկ նախարարներից Վանո Սիրադեղյանի հետ ունեցած տարաձայնությունների հետեւանքով 1993թ. հրաժարական տվեց եւ սկսեց հանդես գալ արմատական ընդդիմադիր դիրքերից: Մանուչարյանից հետո ազգային անվտանգության գծով նախագահի՝ նման ազդեցիկ խորհրդական Հայաստանում չի եղել: Որոշակիորեն նման բացառություն կարելի է համարել Գառնիկ Իսագուլյանին, որը 2004-2009թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը` ազգային անվտանգության հարցերով: Սակայն եթե Մանուչարյանը «Հայաստանի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականն» էր, ապա նրանից հետո պաշտոնի ազդեցությունը լրջագույնս նեղացվել էր` դառնալով «ՀՀ նախագահի խորհրդական` ազգային անվտանգության հարցերով»: Արդեն Սերժ Սարգսյանի օրոք խորհրդականների հաստիքները մեծ մասամբ դարձան «թոշակառուների» պաշտոններ, երբ Սարգսյանը չէր ցանկանում իրեն հավատարիմ կադրերին դուրս թողնել ազդեցության ոլորտից, ինչպես, օրինակ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանի պարագաներում: Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի պաշտոնի բացակայությունը հուշում է, որ իշխանության հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում գաղափարական բազմազանություն գոյություն չունի: Իսկապես, ինչո՞ւ պիտի մեկ գիշերվա մեջ ԵՏՄ մտնելու միանձնյա որոշում կայացրած Սերժ Սարգսյանի համար նախընտրելի լինի սեփական կարծիքից տարբերվող ու ինքնուրույն տեսակետ ունեցողների բազմազանությունը:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՊՐԵՄԻՈՒՄ ՏԵՍԱԿԻ ԲԵՆԶԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԾԻԳ-Ը ԿԼՈՒԾԱՐՎԻ
ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ՝ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԾԻԳ-ի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվելու է լուծարման հանձնաժողով: Նշենք, որ հիմնարկի գործառույթները անցնելու են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեին: Առաջին փուլով նախատեսվում է 60 մլն ՀՀ դրամի տնտեսում:
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ԾԻԳ-ի պահպանման համար պետական միջոցներից ընթացիկ տարվա համար հատկացվել է 29 մլն 410 հազար դրամ, որից միայն 7 մլն 568 հազար դրամով գնվել է 17 հազար 200 լիտր պրեմիում տեսակի բենզին: Հետաքրքիր է՝ ինչու են ԾԻԳ-ի աշխատակիցները գնել պրեմիում տեսակի բենզին, այն դեպքում, երբ կարելի էր ձեռք բերել ռեգուլյար տեսակի բենզին եւ այդպես տնտեսել պետական միջոցները:
Այսքանով ԾԻԳ-ի ծախսերը չեն ավարտվում. ավտոմեքենաների լվացման ծառայությունների համար հատկացվել է 678 հազար դրամ, տեղային հեռախոսակապի համար՝ 591 հազար դրամ, միջքաղաքային հեռախոսակապի համար՝ 1 մլն 2 հազար 800 դրամ, բջջային հեռախոսակապի համար՝ 2 մլն 844 հազար դրամ: Իսկ էլեկտրաէներգիայի համար հատկացվել է 5 մլն 485 հազար դրամ: Բացի այս` ԾԻԳ-ին առողջապահության հետ կապված շենքերի կառուցման աշխատանքների համար հատկացվել է 1 մլրդ 79 մլն 169 հազար 300 դրամ:
ԾԻԳ-ը իրականացրել է նաեւ արվեստի եւ մշակութային շենքերի կառուցման աշխատանքներ, որոնց համար պետբյուջեից հատկացվել է 19 մլն 627 հազար դրամ, թատրոնների կառուցման աշխատանքների համար՝ 350 մլն 390 հազար 400 դրամ, կրթական օբյեկտների հիմնանորոգման համար՝ 324 մլն 513 հազար 100 դրամ եւ այլն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ
Թեհմինե Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է սուտ մատնություն՝ Սուրիկ Սողոմոնյանին մեղադրելով իրականում տեղի չունեցած ծանր հանցագործության կատարման մեջ: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Թ. Հարությունյանը իրավապահներին հայտնել է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը՝ ժամը 05.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար գյուղում գտնվող իրենց տան նկուղում իր ծանոթ Սուրիկ Սողոմոնյանն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Թ. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով): Սույն հոդվածով բնութագրվող հանցանքը պատժվում է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկմամբ: Նշված քրեական գործով դատավարությունը նոյեմբերի 21-ին կմեկնարկի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
ՄԵՂՍՈՒՆԱԿ Է, ԱՖԵԿՏ ԷԼ ՉԿԱ
Ինչպես արդեն գրել ենք՝ 2016թ. հունիսի 24-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում 25-ամյա Արսեն Խոջոյանը դանակահարել էր Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, Վերին Կարմիրաղբյուրում վերաբնակված 17-ամյա Աստղիկ Հանիսյանին: Անչափահաս աղջիկը ստացած վնասվածքների պատճառով Բերդի բժշկական կենտրոնում մահացել էր: Հիշեցնենք, որ Ա. Խոջոյանը 2014թ. մարտի 7-ից մինչեւ ապրիլի 10-ը եղել է ադրբեջանական գերության մեջ: «Ժողովուրդը» տեղեկացավ, որ Աստղիկ Հանիսյանի սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործով մի քանի դատական փորձաքննությունների եզրակացություններն արդեն ստացվել են: Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Ա. Հանիսյանի վնասվածքները հասցվել են սուր կտրող-ծակող գործիքով: Ա. Խոջոյանի պաշտպան Աննա Մեջլումյանն ասաց, որ դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ Արսեն Խոջոյանը մեղսունակ է ճանաչվել, չի կարող խոսք լինել նաեւ աֆեկտի վիճակում կատարված հանցագործության մասին, քանի որ Ա. Խոջոյանը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում: Հանրային պաշտպան Ա. Մեջլումյանն ասաց, որ դեռեւս չի ստացվել նշանակված դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ