ՄԱՐԶԵՐԻ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆԸ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ շատ հաճախ հիվանդները մահանում են նաեւ շտապօգնության մեքենաների ուշանալու պատճառով, ինչը ունենում է օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ: «Ժողովուրդ»-ը փորձեց փոքրիկ ուսումնասիրություն անցկացնել՝ պարզելու համար, թե Լոռու մարզի 4 բժշկական կենտրոնները շտապօգնության քանի մեքենա ունեն ու դրանցով քանի համայնք ու բնակիչ են սպասարկում: Պատկերն առավել քան մտահոգիչ էր:

Վանաձորի բժշկական կենտրոն՝ 4 մեքենա, որոնցով սպասարկվում է շուրջ 130 հազար բնակիչ:
Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունն ունի 4 բուժբրիգադ, որոնցից 3-ը՝ բժշկական անձնակազմ, մեկը՝ ֆելդշերական: Շտապօգնությունն սպասարկում է մարզկենտրոն Վանաձորն ու 20 գյուղական համայնքները` 110-130 հազար բնակչով: Մեզ հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության տնօրեն Սամվել Սահակյանը նշեց, որ դեռ մեկ տարի առաջ իրենք սպասարկում էին Վանաձորն ու 10 գյուղական համայնքները: Սակայն Մարգահովիտի շտապօգնության մեքենան դադարեց ծառայություն մատուցել, ինչի արդյունքում միացան նաեւ հարակից համայնքները: Բնակչության թվաքանակի ավելացման հետ շտապօգնության մեքենաների թվաքանակը այդպես էլ չավելացավ, ոչ էլ ֆինանսավորումը: Տնօրենի խոսքով՝ քիչ չեն դեպքերը, երբ ուշացումներ են գրանցվում, ինչի հիմնական պատճառը ոչ միայն մեքենաների թվաքանակի քիչ լինելն է, այլ նաեւ բնակչության անտեղի զանգերն ու հասցեների բացակայությունը: Սահակյանը վստահ է՝ բուժբրիգադների թիվը պետք է գոնե 2-ով ավելացվի:
Տաշիրի բժշկական կենտրոն՝ 1 մեքենա, որով սպասարկվում է 22.000 բնակիչ:
Վիճակը ողբալի է հեռավոր Տաշիրի բժշկական կենտրոնում: Մեկ շտապօգնության բրիգադը սպասարկում է Տաշիր քաղաքը՝ իր 17 գյուղական համայնքներով, որոնց բնակչության թիվն անցնում է 22.000-ը: Բժշկական կենտրոնի տնօրեն Վալիկո Ջալաբյանի խոսքով՝ մեքենաների ու բրիգադի ավելացում կլինի միայն այն դեպքում, երբ նախարարությունը ավելացնի տրվող գումարները, իսկ մինչ այդ իրենք ստիպված են աշխատել նույն ձեւով՝ մեկ մեքենա՝ 22.000 բնակիչ: Ըստ տնօրենի՝ խնդիրներ լինում են այն ժամանակ, երբ միանգամից երկու կանչ է գրանցվում տարածաշրջանի հակառակ ծայրերում գտնվող գյուղերից: Իսկ ինչպես են օգնության հասնում այն ժամանակ, երբ, օրինակ, խոշոր վթար է լինում ու միանգամից մի քանի վիրավոր. «Հերթապահ անձնակազմ ունենք, ովքեր տանից են հերթապահում, անհրաժեշտության դեպքում հանում ենք իրենց,-ասում է տնօրենն ու ավելացնում,- օգնություն ենք խնդրում նաեւ այլ քաղաքների շտապօգնություններից ու ծառայություններից»:
Սպիտակի բժշկական կենտրոն՝ 4 մեքենա, որոնցով սպասարկվում է 16,232 բնակիչ:
Սպիտակի բժշկական կենտրոնի 4 շտապօգնության մեքենաները իրենց բրիգադներով սպասարկում են Սպիտակ քաղաքն ու 9 գյուղական բնակավայրերը՝ 16,232 բնակչով: Այստեղ, ինչպես պարզվում է, խնդիրներ չկան: Համենայն դեպս, այդպես է վստահեցնում բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սիրանույշ Էդիբարյանը:
Ալավերդու բժշկական կենտրոն՝ 2 մեքենա, որոնցով սպասարկվում է 45.000 բնակիչ:
Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնությունը իր 2 բուժանձնակազմով սպասարկում է ողջ Թումանյանի տարածաշրջանը՝ 4 քաղաքներն ու 29 գյուղական համայնքները: Բնակչության թիվը՝ 45.000: Բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանի խոսքով՝ իր պաշտոնավարման շուրջ 1 տարվա ընթացքում միայն մի քանի անգամ է 3-րդ բուժանձնակազմի կարիք զգացվել: Մյուս բոլոր դեպքերում, ըստ տնօրենի, մեքենաների թիվը բավարարել է: Եվ չնայած այս հավաստիացմանը, տնօրենը նշում է, որ խնդիրներ են առաջանում շտապօգնության կանչի՝ վայր հասնելու եւ սպասարկման չափորոշիչների հետ կապված. «Մեր ռելիեֆն այնպիսին է, որ ոլորաններն են շատ, ճանապարհներն են անմխիթար, ինչի պատճառով շատ հաճախ մենք չենք կարողանում տեղավորվել սահմանված չափորոշիչների մեջ»,-ասում է տնօրենը:
Ստեփանավանի բժշկական կենտրոն՝ 1 մեքենա, որով սպասարկվում է 28.000 բնակիչ:
Մտահոգիչ պատկեր է նաեւ Ստեփանավանի բժշկական կենտրոնում: Չնայած շտապօգնության ծառայությունն ունի 4 մեքենա, սակայն սպասարկումն իրականացվում է մեկ բուժանձնակազմով, իսկ երկրորդ անձնակազմը տնային հերթապահությամբ է կարգավորվում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Նշենք, որ Ստեփանավանի բժշկական կենտրոնի շտապօգնությունը սպասարկում է Ստեփանավան քաղաքն ու հարակից 19 գյուղական համայնքները՝ 28.000 բնակչով:
Ամփոփելով ուսումնասիրության արդյունքները՝ վստահաբար կարելի է նշել՝ մեքենաների թիվը քիչ է, սպասարկման տարածքը՝ մեծ: Ու եթե այս ամենին էլ գումարենք անբարեկարգ ճանապարհները, շատ դեպքերում նաեւ՝ մաշվածության մեծ աստիճան ունեցող շտապօգնության մեքենաների ներկա վիճակը, բնակավայրերում հասցեների բացակայությունն ու ստացվող կանչերի չնվազող թիվը, ապա կարելի է նշել, որ մարզերում շտապօգնությունն ի՛նքը ունի շտապօգնության կարիք:
«Ժողովուրդ»-ը առաջիկայում կանդրադառնա նաեւ մարզերում բժշկական կադրերի պակասին ու առողջապահական ոլորտի մյուս խնդիրներին:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի




Լրահոս