ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Կառավարության շենքում

Երեկ «Նաիրիտ» գործարանի մի շարք աշխատակիցներ կառավարության 3-րդ մասնաշենք են ներխուժել: Նրանց պահանջը Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպումն էր եւ իրենց հինգ ամսվա աշխատավարձի վճարումը: Կառավարության 3-րդ մասնաշենքում մի շարք ոստիկաններ էին հավաքված, ովքեր թույլ չէին տալիս, որ ցուցարարները բարձրանան վերեւ: Տեղեկանալով, որ նախարարը կառավարության հերթական նիստին է, որոշեցին շարժվել դեպի կառավարություն՝ բաժանվելով երկու թեւի՝ մի մասը գլխավոր մուտքի մոտ, մյուսները՝ ետնամուտքի մոտ: Նշենք, որ նաիրիտցիները պնդում են, որ նոր նախարարին անգամ դեմքով չեն ճանաչում, չնայած բազմիցս նրա հետ հանդիպում են պահանջել:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր մանրամասն ներկայացնել հղիության եւ ծննդաբերության համար տրամադրվող արձակուրդի տեւողությունը: Ի՞նչ կարգով է տրամադրվում այն:

Անի Գրիգորյան (30 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ-ում աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ՝
1) 140 օր (70 օր՝ հղիության, 70 օր՝ ծննդաբերության).
2) 155 օր (70 օր՝ հղիության, 85 օր՝ ծննդաբերության)՝ բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 օր (70 օր՝ հղիության, 110 օր՝ ծննդաբերության)՝ միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Երեխայի փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր), տատի, պապի կամ այլ հարազատի (այդ թվում` երեխայի խնամակալ նշանակված անձի) ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը):

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում: Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ քոլեջի ո՞ր շրջանավարտներն իրավունք ունեն իրենց ուսումը շարունակելու բուհի 2-րդ կուրսում:

Մետաքսյա Երանոսյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է հետեւյալ կերպ՝ մինչեւ 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված hավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված hավակնորդների դեպքում՝ միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը:
Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն hավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 եւ ավելի տոկոս կազմող տարբերությունը:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պաշտոնական թվերի փոխանցմամբ՝ 2015 թվականին ՀՀ-ում շրջանավարտների թիվը կազմել է շուրջ 26 հազար: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում անհանգստացած են դիմորդների թվի նվազեցման վիճակագրությունից: 2018 թվականին սպասվում է դիմորդների թվի էական կրճատում: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ նրանց թիվը 2018թ. կլինի ընդամենը 14 հազար 700:




Լրահոս