Նոյեմբերի 25-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում ադամանդագործության և ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ։
Քննարկումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Հանդիպում-քննարկմանը մասնակցել են ոլորտի քսանից ավելի ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք։
Հանդիպման նպատակն էր ոլորտի ներկայացուցիչներից ստանալ լիարժեք տեղեկատվություն առկա խնդիրների մասին և ներկայացնել ոլորտի առաջիկա տարիների զարգացման, նախարարության կողմից մշակված, ծրագրի նախագիծը։
Ադամանդագործության և ոսկերչության ոլորտի 2017-2020թթ․ զարգացման ծրագրով նախատեսված է ապահովել ոլորտի զարգացման շարունակականությունը։
Իր ներածական խոսքում նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ այս ոլորտը Հայաստանի Հանրապետության Նախագահի և Կառավարության ուշադրության կենտրոնում է: Մենք մեծ ներուժ ենք տեսնում այս ոլորտի զարգացման, արտադրանքի արտահանման համար: Կատարվել է որոշակի նախապատրաստական աշխատանք ընթացկարգերի պարզեցման ուղղությամբ, մասնավորապես՝ լիցենզավորման գործընթացում, – ասել է Սուրեն Կարայանը:
Նախարար Կարայանի խնդրանքով հանդիպման մասնակիցները ներկայացրել են ադամանդագործության և ոսկերչության ոլորտում լուծում պահանջող խնդիրները, ակնկալելով դրանց վերաբերյալ պետական գործուն աջակցություն։
Մասնավորապես խնդիրների շարքում արծարծվել է պետական աջակցության և պետության միջնորդության անհրաժեշտությունը միջազգային ցուցահանդեսներին ոլորտի ընկերությունների մասնակցության և նոր շուկաներ մուտք գործելու հարցում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից անմշակ ադամանդի որակյալ հումքի ձեռքբերման, ընկերությունների, հատկապես մայրաքաղաքից դուրս, լեռնային շրջաններում գործող ընկերությունների, ֆինանսական և մի շարք այլ խնդիրների լուծման հարցում։
Լիովին ընդունելով ոլորտին պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, նախարարն առաջարկել է այնուամենայնիվ առավելագույնս օգտագործել եղած հնարավորությունները և ներուժը, արդեն իսկ ստեղծված և գործող գործիքակազմը, որից հետո, անհրաժեշտության դեպքում, համատեղ քննարկել աջակցության նոր մեխանիզմները։
Սուրեն Կարայանը ներկաներին հայտնել է, որ ռուս գործընկերների հետ համագործակցության միջոցով կձգտեն ստանալ հնարավորինս որակյալ և մատչելի հումք, նաև տեղեկացրել, որ բանակցություններ են ընթանում Անգոլայից նույնպես ադամանդի հումքի ձեռքբերման ուղղությամբ։
Նախարարը հորդորել է հանդիպման մասնակիցներին մանրամասն ուսումնասիրել իրենց տրամադրված՝ ոլորտի զարգացման ծրագրի նախագիծը և ակտիվ մասնակցություն ունենալ ծրագրի վերջնական տարբերակի կազմման հարցում։
Հանդիպման ավարտին նախարարը հույս է հայտնել, որ ոլորտի ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումների միջոցով, համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները և հասնել լուրջ հաջողությունների։