Նոյեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանն ազատվել է նշված պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ: Իսկ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ, փոխգնդապետ Համլետ Ղամբարյանը նշանակվել է ոստիկանության Արարատի բաժնի պետ:
Ինչպես հայտնի է՝ այս կադրային տեղափոխությունները կատարվեցին վերջին շրջանում Համլետ Ղամբարյանի անվան շուրջ տարբեր աղմկահարույց պատմությունների ֆոնին: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի արդեն նախկին ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի դեմ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ներկայացված հաղորդումների մասին: Այս պահի դրությամբ Ղամբարյանն անցնում է երեք քրեական գործերով: Նրա կարգավիճակը պաշտոնապես չի հաղորդվում:
Սակայն նոր զարգացումներն այլ ենթատեքստ ունեն: Հերթական անգամ համոզվում ենք, որ Վարդենիսի վրա «ոստիկանապետ չի գալիս»: «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ նորանշանակ ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանը դեռեւս բաժին չի ներկայացել: Մեզ հայտնի դարձավ, որ Երեւանից Վարդենիս տեղափոխված ոստիկանի սրտով չէ նոր նշանակումը, քանի որ նոր աշխատավայրն իսկական գլխացավանք կարող է դառնալ նրա համար: Ըստ նույն տեղեկությունների՝ Ա. Հովհաննիսյանը ոստիկանության նույն պարտականությունները կատարում է Արտաշատի բաժնում:
Ինչպես հայտնի է՝ Վարդենիսում Սոթքի ոսկու հանքը տարաբնույթ շահերի բախման տեղիք է տալիս՝ քաղաքականից մինչեւ քրեական, եւ այստեղ ոստիկանապետերը ստիպված են լինում հայտնվել այդ ամենի կիզակետում՝ երբեմն իրենց անձնական շահերն առաջ տանելով:
Թե ինչ է կատարվում Վարդենիսում, եւ ինչու է քաղաքն առանց ոստիկանապետ մնացել, ArmLur.am-ը փորձեց պարզել ՀՀ ոստիկանությունից: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր հարցին ի պատասխան նշեց. «Բաժինը նորմալ աշխատում է, եւ այս պահին պետ նշանակված չէ»:
Տաթեւ Հարությունյան