Եվրամիության ծրագրերից մեկով հայաստանյան ոչ առեւտրային մի կազմակերպության հատկացված դրամաշնորհը նպատակային չօգտագործելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումները շարունակվում են: Ինչպես հայտնի է՝ Եվրամիության դրամաշնորհները յուրացնելու գործով երկու անձի նկատմամբ հայտարարարվել է հետախուզում: Հետախուզվողներից մեկի մասով «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Ստուգման արդյունքներն ու հետեւանքները
Ինչպես հայտնի է՝ այս տարվա սկզբին Եվրամիության հայաստանյան ներկայացուցչությունը ՀՀ քննչական կոմիտեին էր հանձնել Եվրոպական միության պատվիրակության աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, ըստ որի՝ ԵՄ ծրագրով հայաստանյան ոչ առեւտրային կազմակերպություններից մեկին հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, եւ յուրացվել է խոշոր չափերի գումար:
Ավելի ուշ՝ մարտի 23-ին, նախաքննություն իրականացնող մարմինը հայտնեց, որ քաղաքացիներ Տիգրան Սուքիասյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Գեւորգ Ղազարյանը, նախնական համաձայնության գալով, 2012 եւ 2013 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ օգտագործելու միջոցով «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպության անունից մշակել են «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» անվամբ կեղծ ծրագիր եւ դրա շրջանակներում գործողություններ կատարելու պատրվակով ստացել եւ հափշտակել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհի առանձնապես խոշոր չափերի գումարներ:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2012 թվականի դեկտեմբերին Եվրամիությունը կոնկրետ ծրագիր իրականացնելու համար օգնել է ՀԿ-ին, եւ մոտ 65 միլիոն դրամ փոխանցվել է «Մարտունու ուսանողական խորհուրդ» ՀԿ-ի «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության բանկային հաշվեհամարին, որից հետո վերոնշյալ անձինք կանխիկացրել են 22.570.500 ՀՀ դրամ, ավելի ուշ մաս-մաս նաեւ մնացած գումարները:
Խուզարկություն Էջմիածնում
Ավելի ուշ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ յուրացման գործով իրավապահների մի խումբ Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցում խուզարկություն է իրականացրել: Այդ հասցեում են բնակվում «Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ժորա Գասպարյանը, «Նորագույն տեխնոլոգիաներ հանուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մնացական Գասպարյանը եւ «Ներդրումների պաշտպանության հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Դիանա Գասպարյանը:
Իսկ ովքե՞ր են նրանք: Իրավապահները բացահայտել են, որ Տիգրան Սուքիասյանը 2010-2013թթ. ընթացքում նշված մարդկանց անուններից ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հայտարարված դրամաշնորհի մրցույթներին մասնակցելու հայտեր է ներկայացրել, եւ տարօրինակ պայմաններում հորինված ծրագրերի համար ԵՄ-ից նրան խոշոր գումար են հատկացրել: Սակայն պայմանագրով նախատեսված աշխատանքները չեն կատարվել, գումարները յուրացվել են: Դեռ հուլիսին գրել էինք, որ ԵՄ-ից հափշտակվել էր մոտ 65 միլիոն դրամ (մոտ 120 հազար եվրո), սակայն դատելով ստեղծված իրավիճակից՝ այս գումարը դեռ կավելանա, քանի որ, ինչպես նկատում ենք, գործընթացին խառնվել են մի շարք հասարակական կազմակերպություններ:
Գործը հասավ միջազգային ասպարեզ
Նոյեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար 8 անձի՝ Տիգրան Սուքիասյանին, Գեւորգ Ղազարյանին, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանին, Արմեն Բարեղամյանին, Անահիտ Ավագյանին, Սերգեյ Բալասանյանին, Դինա Մանուկյանին, Կարեն Ստեփանյանին առաջադրվել են մեղադրանքներ, եւս երկու անձի՝ Հրայր Գյոնջյանին եւ Գարիկ Չիլինգարյանին, որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, եւ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Իսկ ովքեր են հատախուզվող անձինք: «Ժողովուրդ»-ին այս օրերին նախաքննությունը իրականացնող մարմնի կողմից հետախուզվող անձանցից մեկի` Հրայր Գյոնջյանի մասով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես հետախուզման մեջ գտնվող անձը «Հայաստանի բրոքերների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Գյոնջյանն է, որը դեռեւս 2010 թվականին լրատվամիջոցների տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել, թե ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակը համարում է բրոքերների շահերի պաշտպանությունն է. «Մաքսային համակարգի եւ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ իրենց համագործակցության ընթացքում բրոքերական կազմակերպությունները հանդիպում էին բազմաթիվ խոչընդոտների, որոնց համակարգված լուծման հրամայականն էլ հանգեցրեց կազմակերպության ստեղծմանը:
Ասոցիացիան հիմնադրելիս առաջնորդվել ենք եվրոպական փորձով, ինչը պայմանավորված էր ինչպես ԵՄ անդամ երկրների այդ ոլորտում ունեցած հաջողություններով, այնպես էլ այն հանգամանքով, որ Հայաստանը որդեգրել է եվրաինտեգրման ճանապարհը: Մեր միջնաժամկետ նպատակներից է Ասոցիացիայի անդամակցումը «Մաքսային բրոքերների եվրոպական ասոցիացիային» (COFIAD), «Մաքսային բրոքերների եվրոպական միությանը» եւ «Մաքսային բրոքերների միջազգային ասոցիացիային»:
Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով՝ Հրայր Գյոնջյանի գործունեությունը հիմնականում միջազգային ասպարեզում է, եւ դա է պատճառը, որ իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել նրա նկատմամբ:
Քնար Մանուկյան