«Իդիոտ», «դատարկ դհոլ». քաղաքականության մեջ անձնական վիրավորանքներն այլևս դեր չեն խաղում. ԱՄՆ փորձն ու հայկական իրականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահական նոր վարչակազմը ձեւավորման փուլում է եւ խոստանում է լինել բավականին հետաքրքիր: Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարեւորագույն պաշտոնների բաժանման գործընթացում հասել է ԱՄՆ պետքարտուղարի նշանակմանն ու կանգ առել: Հետաքրքիր է, որ Թրամփը հայացքը հառել է Հանրապետական կուսակցության բոսերի նախընտրած կադրերին, եւ ամեն ինչ հուշում է, որ պետքարտուղար կդառնա նորընտիր նախագահի նախկին կատաղի քննադատներից մեկը: Այս հարցում բավականին ուշագրավ զուգահեռ է ստեղծվում հայկական իրականության հետ:

Ինչպես կանխատեսվում էր` ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար բազմաթիվ կադրերի մեջ Թրամփի համար խիստ դժվար էր լինելու ընտրություն կատարելը, հատկապես որ ազգային անվտանգության գծով նոր գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակվեց Մայքլ Ֆլինը: Հետեւապես, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնին սկսեցին հավականել Ռուսաստանը բացահայտ ու իրական վտանգ համարող հանրապետականները: Հայտնի է, որ հակակշիռների մեխանիզմի առողջ աշխատանքի համար ԱՄՆ նախագահն ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի ու պետքարտուղարի պաշտոններում գերազանցապես նշանակում է տարբերվող գաղափարներ դավանող գործիչների:

Այս առումով խիստ հատկանշական է նորընտիր նախագահ Թրամփի ու նրա նախկին քննադատ, Մասսաչուսեթսի նահանգապետ Միթ Ռոմնիի` օրեր առաջ կայացած հանդիպումը: Վերջինից անմիջապես հետո ամերիկյան ԶԼՄ-ները հեղեղվեցին Ռոմնիի` ԱՄՆ նոր պետքարտուղար նշանակվելու մասին լուրերով: Բավական է ասել, որ Ռոմնին 2012թ. նախագահական ընտրություններում հանրապետականների միասնական թեկնածուն էր, որը, սակայն, պարտվեց նախագահ Օբամային: Դրանով հանդերձ` Ռոմնին շարունակեց պահպանել Հանրապետական կուսակցության ներսում իր ազդեցությունը: Եվ ահա այժմ Թրամփը Ռոմնիի նշանակումը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում կարծես պատրաստվում է օգտագործել որպես ներկուսակցական միասնության դրսեւորում: Ընտրություններից առաջ Ռոմնին եւ նրա գաղափարակիցները այդպես էլ Թրամփին պաշտպանելու մասին հայտարարություն չարեցին, ավելին` ակտիվորեն քննադատում էին նրան` անուղղակիորեն ավելացնելով Քլինթոնի շանսերը: Սակայն այժմ արդեն պարզ է, որ առաջիկա 4 տարիներին հանրապետականի վերնախավը ուզած-չուզած պետք է աշխատի Թրամթի հետ:

Անակնկալ այդ հանդիպումից հետո Ռոմնին հայտարարել էր, որ նոր նախագահի հետ քննարկել է ԱՄՆ-ի շահերի առավելագույն պաշտպանության հարցերն ու մարտավարությունը` հրաժարվելով որեւէ մեկնաբանություն տալ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Փոխարենը, ԱՄՆ հաջորդ փոխնախագահ Մայք Փենսը հաստատել է, որ Միթ Ռոմնիի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում «ակտիվ քննարկումների» փուլում է: Ըստ նրա` նորընտիր նախագահն ուրախ էր տեսնելու Ռոմնիի պատրաստակամությունը միասին աշխատելու հարցում: Վերլուծաբանները, սակայն, կասկածում են, որ Ռոմնին կարող է համաձայնել Թրամփի վարչակազմում ստանձնել պետքարտուղարի պաշտոնը` հաշվի առնելով նրանց միջեւ պետական կառավարման փորձի, ինչպես նաեւ քաղաքական գիտելիքների ակնհայտ տարբերությունը` հօգուտ նախկին նահանգապետի:

Սակայն չի կարելի չնկատել, որ այդ առավելությունը հնարավոր է դրական գործոն դառնա հենց Ռոմնիի համար, որը նոր նախագահին կպահի իր քաղաքական ռազմավարության ծիրում: Ի վերջո, ԱՄՆ-ում նման փորձ եղել է, երբ արտաքին քաղաքականության բնագավառում պետքարտուղարը շատ ավել հմուտ ու ազդեցիկ է եղել, քան նախագահը, ինչպես Ջոն Ֆոսթըր Դալլեսը ԱՄՆ 34-րդ նախագահ Դուայթ Այզենհաուերի օրոք: Սակայն այս ողջ պատմության մեջ ամենահետաքրքիր հանգամանքն այն է, որ Թրամփը նման պատասխանատու պաշտոն է վստահում այն հակառակորդին, որը թերեւս նրա ամենակատաղի քննադատն է եղել:

Նախընտրական շրջանում Ռոմնին ստիպված եղավ երկու անգամ պաշտոնական հայտարարություն անել` մեղադրելով Թրամփին քաղաքական կեղծավորության ու խարդախության մեջ: Իր հերթին Թրամփն էր նրան անվանում «շնչակտուր եղած փորձանք», որն անկարող էր եղել հաղթել Օբամային: Եվ ահա այժմ միմյանց նման ցածրորակ վիրավորանքներ հասցրած գործիչները պատրաստվում են միասնական տանդեմով սահմանել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը:

Հայաստանում նույնպես 2008թ. հետո Սերժ Սրագսյանի շուրջ համախմբվեցին բոլոր այն քաղաքական գործիչները, որոնց նա ժամանակին «պատվել» էր տարբեր ամոթալի պիտակներով: Այսպես՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին Սարգսյանն անվանել էր «դատարկ դհոլ», ինչը, սակայն, Գեղամյանին չկանգնեցրեց «հանուն Հայաստանի» Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու եւ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու հարցում: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին Սարգսյանն անվանել էր «իդիոտ»՝ իհարկե, անուղղակիորեն այդ վիրավորանքը նրանից ստացած լինելով: Ժամանակին տիտղոսակիր ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանը, որը քաղաքացիներին հավաստիացնում էր, թե իրենց թոշակները չեն բարձրանում, քանի որ Սերժ Սարգսյանը կազինոներում մեծ գումարներ է տանուլ տալիս, նույնպես չվարանեց ՀՀԿ-ական դառնալ եւ նշանակվել Սարգսյանի անձնական ներկայացուցիչը ԱԺ-ում: 2008թ. նախագահական քարոզարշավի ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրապարակավ իշխանություններին մեղադրեց իր սպանությունը պատվիրելու մեջ:

Ամբողջ քարոզարշավի ընթացքում Բաղդասարյանը հետեւողականորեն քննադատում էր իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանին՝ երկրում առկա արատավոր երեւույթները հովանավորելու համար, սակայն ընտրություններից 10 օր անց նշանակվեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնում` ազատելով իշխանության ձեռքերը մարտիմեկյան ոճրագործության համար:

Թեեւ քաղաքական սկզբունքայնության տեսանկյունից ԱՄՆ-ն չի փայլում ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը, սակայն պետական բարձր պաշտոն ստանձնելու հարցում տարբերությունը հսկայական է: ԱՄՆ-ում բարձրագույն պաշտոններին հավակնողները ֆինանսական խնդիրներ չեն լուծում, մինչդեռ Հայաստանում պաշտոնն անմիջապես ասոցացվում է նոր եկամուտների հետ:

Ն. Հովսեփյան




Լրահոս