«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Մեր նպատակը ընթերցողների կողմից արդեն ճանաչված անձանց նորովի բացահայտելն է, նրանց նոր «լույսի ներքո» ներկայացնելը: Այսօրվա մեր զրուցակիցը դերասան Արտաշես Ալեքսանյանն է:
-Պարո՛ն Ալեքսանյան, նշե՛ք մի դեպք, որը փոխել է Ձեր կյանքը:
-Նման դեպքերը բոլորը կապված են նախախնամության հետ: Մասնագիտության ընտրությունը, ամուսնությունը, պատերազմ մեկնելը, գերի ընկնելն ու գերությունից հրաշքով փրկվելը կապված են իմ նշած նախախնամության հետ: Ի դեպ, ասեմ, որ այդ բոլոր առիթներով բանաստեղծություններ ունեմ գրած ու նկարներ ունեմ նկարած: Եղել են ճակատագրական պահեր, ու ինձ թելադրվել է այն, ինչ նախատեսված է եղել ի վերուստ: Մի 8-10 գործ ունեմ գրած, երբեմն այն, ինչ գրում եմ, տարիներ անց իրականանում է. մեկ-մեկ վախենում եմ դրանից: Այդպիսի սարսափելի բաներ էլ են լինում (ծիծաղում է):
-Այս երեք գործոնից ամենաշատը որի՞ պակասն ունեք` մուսա, ֆինանս, թե ստեղծագործական միջավայր:
-Երեքի կարիքն էլ ունեմ: Եթե ֆինանսը լինի, մուսան էլ կգա, միջավայրն էլ կստեղծվի (ծիծաղում է):
-Ժամանակակից, ով հիացրել է Ձեզ:
-Շառլ Ազնավուրը` իր արվեստով, մտածելակերպով, գործով, գաղափարախոսությամբ, մարդ ու մեծ հայ լինելով:
–Մոռացկոտ եք, մանրախնդիր, թե խնայող:
-Խնայողն ինձ ավելի մոտ է, թեեւ, եթե խոսքը գումարին է վերաբերում, այն երբեք շատ չի լինում. լինում է այնքան, որքան կարողանում ես վաստակել, եւ որքան պահանջվում է ծախսել:
-Ձեր սիրելի տոնը:
-Նավասարդը, որն, ի դեպ, նշում եմ: Նոր տարին, որը մենք նշում ենք, մտացածին է, ի տարբերություն Նավասարդի` հին պատմություն չունի:
-Աշխարհի 11-րդ հրաշալիքը:
-Մասիս սարը:
-Հասարակությունից օտարվելու Ձեր պատճառը:
-Չէ, նման բան չի լինում: Կարող է մարդկանց վրա զայրանամ, բայց հետո ինքս ինձ ուտում եմ, անցնում-գնում է:
-Ձեր սիրելի գրողը:
-Բոլոր հայ դասական հեղինակները, նաեւ` արտասահմանցի դասականները, առաջնահերթ` Շեքսպիրը, հետո` Դոստոեւսկին, Տոլստոյը, Գյոթեն: Շեքսպիրն, օրինակ, այնքանով է անմահ ու մեծ, որ Աստվածաշնչից շատ գեղեցիկ ծաղկաքաղ է արել, ու նրա ամեն գործը աստվածաշնչյան մի դիպված է, մեծ դպրոց` մարդկության համար:
–Իրավիճակ, որը Ձեզ շատ է վախեցնում:
-Որ Ալիեւը կարող է խելքը հացի հետ ուտել, նորից պատերազմ սկսել, ու կարող ենք երիտասարդ զոհեր տալ:
-Վայր, որը Ձեզ անասելի ձգում է:
-Արեւմտյան Հայաստանը, մեր պապական հողերը: Կիսով չափ էրզրումցի եմ, կիսով չափ` ղարսեցի: Երբ Չեխիայի Մայր թատրոնում ռեժիսոր էի աշխատում, հանդես էի գալիս Արտաշես Էրզրումցի մականունով:
–Ձեր սիրելի կենդանին:
-Արջ, ավելի կոնկրետ` պանդա:
–Նյարդայնացնում են այն մարդիկ, որոնք…
-Որոնք ապրում են ստամոքսի համար:
–Նախընտրում եք ազարտը, թե խմիչքը:
-Եթե խոսքը ղումարի մասին է` ոչ մեկը: Բայց եթե հաշվի առնենք, որ դերասանական խաղն էլ է ազարտ, ապա, իհարկե, ազարտը:
–Ձեր անցած ճանապարհին անտեսում եք այն մարդկանց, որոնց…
-Այն, ինչ ստեղծված է Տիրոջ պատկերով, ես չեմ անտեսում: Բնության մեջ էլ կան տարբեր տեսակի ծաղիկներ, բայց ոչ բոլորին ես սիրում ու փայփայում: Ո՛չ ես, ո՛չ էլ Տերը մեղավոր չենք, որ որոշ ծաղիկներ մոլախոտ են դառնում:
–Երկրպագուների կողմից արված քայլ, որը Ձեզ հուզել է:
-Ամեն անգամ, երբ իմ հայրենիքում կամ արտերկրում մեր հայրենակիցները մոտենում են ինձ, ջերմ խոսքեր են ասում, ես ինձ շատ շոյված եմ զգում եւ պատասխանում եմ. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:
-Մարդը կարող է հուսահատվել, երբ…
-Մարդը երբեք չպետք է հուսահատվի, այլապես կարող է կամրջից նետվել: Հույս, հավատ եւ սեր. այս երեքը պետք է անբաժան լինեն, որ կարողանաս լիարժեք ապրել:
–Մի բան, որ չեք ներում:
-Դավաճանությունը, հատկապես` հայրենիքի հանդեպ: Այդպիսի բան անողը մայրական կաթ չի կերել:
–Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով…
-Այդպիսի մեկը չկա. կյանքը բոլորին ամեն ինչ սովորեցնում է, իհարկե, ինչպես դպրոցում եւ համալսարանում, կան ընդունակ եւ ոչ այնքան ընդունակ սաներ:
Աննա Բաբաջանյան