Նոյեմբերի 21-ից 24-ը Վիեննայում կայացան ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO-ՄԱԱԶԿ) 50-ամյակին նվիրված միջոցառումները, ինչպես նաև Արդյունաբերական զարգացման խորհրդի 44-րդ նստաշրջանը, որոնց մասնակցեց ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի գլխավորությամբ:
Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Տաիզո Նիշիկավայի, Ծրագրերի իրականացման և տեխնիկական համագործակցության գծով տնօրեն Ֆիլիպ Շոլտեսի, կազմակերպության այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ, որոնց հետ քննարկվեցին Հայաստանում ներկայումս իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Հանդիպումների ընթացքում հայկական կողմը կարևորեց կազմակերպության հետ համագործակցության խորացման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը: Իրենց հերթին՝ ՄԱԿ Արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչները գոհունակություն հայտնեցին արդյունաբերական, բնապահպանական և այլ ծրագրերի բարեհաջող իրականացմամբ և ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերվող տևական աջակցության կապակցությամբ:
50-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում նոյեմբերի 22-ին անցկացվեց «Ստեղծագործական շոու. Հին ավանդույթների նոր պատմություններ» խորագրով միջոցառումը, որին ներկայացվեց ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի տեխնիկական աջակցությամբ և 8 հայկական կազմակերպությունների համատեղ ուժերով ստեղծած «5900BC» ապրանքանիշի նոր հավաքածուն:
Հայաստանում իրականացված ծրագիրն ընտրվել էր բազմաթիվ այլ ծրագրերից՝ որպես օրինակելի և լավագույնս հաջողված ծրագրերից մեկը:
Միջոցառմանը ելույթ ունեցան ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունը և Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Բանախոսներն իրենց ելույթներում շնորհավորեցին ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությանը (UNIDO) 50-ամյակի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեցին ՌԴ կառավարությանը՝ ծրագրին ֆինասական աջակցություն ցուցաբերելու և ՄԱԿ-ի Արդյունաբերական կազմակերպությանը՝ ծրագիրն իրականացնելու համար:
Միջոցառումների մշակութային հատվածում Հայաստանը ներկայացնող հայտնի դաշնակահարուհի Նարե Աղրամանյանը հանդես եկավ Արամ Խաչատուրյանի, Կոմիտասի, Արնո Բաբաջանյանի և Վիգ Ցարթմանի ստեղծագործությունների կատարումներով: