«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար»,- երբ Սերժ Սարգսյանի նշյալ հրամանագրով հոկտեմբերի 3-ին Վիգեն Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար, տարատեսակ կարծիքներ էին հնչում, թե նա չի կարող ղեկավարել բանակը, քանի որ անգամ չի ծառայել բանակում եւ չի անցել պատերազմական թոհուբոհով:
Նա երիտասարդ է, եւ ինչպես Սերժ Սարգսյանն էր հիմնավորել նրա նշանակումը, լավ կազմակերպիչ է: Եւ իսկապես, Վիգեն Սարգսյանը շատ անգամներ է գործով ապացուցել դա, բայց լավ կազմակերպիչ լինելը դեռեւս չի ենթադրում լավ ղեկավար այն էլ պաշտպանության նախարարության նման գերատեսչությունում:
Իհարկե, Վիգեն Սարգսյանը զինվորական կյանքին չի առնչվելու, քանի որ նոր Սահմանադրությամբ՝ նախարարը քաղաքական պաշտոն է՝ քաղաքացիական հագուստով, իսկ երկրի թիվ մեկ զինվորականը գլխավոր շտաբի պետն է՝ Մովսես Հակոբյանը: Բայց, ամեն դեպքում, ՊՆ-ում փոփոխությունները հեշտ չեն ընդունվում: Պաշտպանական գերատեսչությունը սպեցիֆիկ մարմին է, եւ ներսում անհրաժեշտ է ունենալ առանձնահատուկ համերաշխություն: Ինչո՞ւ, որովհետեւ եթե տանը հանգստություն չկա, դրսի ճակատում կռիվ տալը բարդանում է: Սակայն հաճախ տան ներսում էլ են «ճակատներ բացվում»:
Երբ 2008 թ. ապրիլի 14-ին կրկին Սեյրան Օհանյանը ազատվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից եւ նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, դարձյալ հանդիպեց դժվարությունների: Բայց Օհանյանի պարագայում զինվորական հատվածը, ազատամարտիկները մեծամասամբ, ընդունում էին նրան, վերջ ի վերջո, պատերազմ տեսած գեներալ էր:
Վիգեն Սարգսյանի պարագայում դժվարություններն ավելի շատ ու կարծես «անհաղթահարելի» են: Նրան պաշտպանության նախարարությունում դժվար են ընդունում, ընկալում են որպես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը Վիգեն Սարգսյանին ՊՆ-ում ներկայացնելիս ընդգծեց. «Համոզված եմ, որ Վիգեն Սարգսյանը գիտակցում է պատասխանատվության աստիճանը, եւ վստահ եմ, որ նա ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այս վստահությունը արդարացնի եւ պատասխանատվությունը կրի պատվով»: Ու որպեսզի այդ վստահությունն արդարացնի, Վիգեն Սարգսյանը պետք է իր տիրապետությունը հաստատի պաշտպանության նախարարությունում: Իսկ ի՞նչ է պետք դրա համար` կադրային փոփոխություններ: Սակայն նման որոշում կայացնելը բավականին բարդ գործընթաց է, քանի որ պաշտպանության նախարարությունում պատահական հաստիքներ ու մարդիկ չկան, բոլորը տարբեր թելերով հասնում են մինչեւ Սերժ Սարգսյան: Այս դեպքում Վիգեն Սարգսյանը լրջագույն հիմնավորումներ պետք է ներկայացնի յուրաքանչյուր փոփոխությունից առաջ: Հենց դրա համար թվացյալ հեշտ անցումները Վիգեն Սարգսյանը դժվար է իրականացնում:
Թվում էր, որ ունենալով իշխանական լրատվական դաշտի ամբողջական աջակցությունը՝ 1000 դրամի պատմությունը, դյուրին անցում կունենա, բայց նույնիսկ դա չեղավ, քանի որ Վիգենի Սարգսյանի դեմ, ինչպես ցույց են տալիս զարգացումները, եւ՛ իշխանության ներսից են աշխատում, եւ՛ հասարակական սեկտորից: Նույնիսկ այն լրատվական ծառայությունները, որոնց աջակցությունը նա ուներ նախագահականում եղած «երանելի» ժամանակներում, հիմա կարծես թե այդքան էլ ձեռք չեն մեկնում: Մեծապես տեղ են հատկացնում այդ «1000 դրամի մասին նախագծի» դեմ արտահայտվողներին: Եւ հիմա էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մակարդակով վարկած է շրջանառվում, որ իշխանությունը փոշմանել է «1000 դրամների» նախագծին օրենքի ուժ տալու հարցում: Այսինքն՝ Վիգեն Սարգսյանի նախագիծը իշխանության մեջ անգամ չընդունվեց:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրենսդրական նախագիծով 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուրի աշխատավարձից 1000 դրամ պահումներ են արվելու՝ մարտական գործողությունների ժամանակ մահացած զինվորների ընտանիքներին ու զինհաշմանդամներին օգնելու նպատակով: Հիմա կանխատեսումներ կան, որ պարտադիր սկզբունքը հնարավոր է դառնա կամավոր: Այս առնչությամբ ArmLur.am-ի հարցին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ միանշանակ պատասխան տվեց. «Ցանկացած որոշման մասին հանրությունը կիմանա պաշտոնապես»:
Այս կոնտեքստում պատահական չէ նաեւ Վահան Բադասյանի «գրոհները» ՊՆ-ի զինվորական թեւի ուղղությամբ: Նա էլ Մովսես Հակոբյանին է կոռուպցիայի մեջ մեղադրում: Այնպիսի տպավորություն է, որ լրատվական դաշտում իր «տիրապետությունը» սահմանած Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի թիմակիցները նույնպես ձգտում են, որ Վիգեն Սարգսյանը ձախողի իր առջեւ դրված խնդիրների իրականացման գործընթացը:
Արդյո՞ք Վիգեն Սարգսյանը սպասում էր նման «ընդունելության», այս պահին բարդ է հասկանալը, քանի որ նախագահականում նրա «ցանկություններն» առանց խոչընդոտների իրականանում էին, իսկ հիմա՞… : Այնուամենայնիվ, ինչպես ասում են` թշնամին ներսից է լինում:
Վահագն Հակոբյան