Ինչպես հայտնի է՝ այս տարվա ապրիլի 6-ին՝ Բեռլինում Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ասել էր. «Մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, սակայն այդ գործընթացին ազդելու Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են»: Եվ, ահա, այս մտահոգությունները փարատելու համար նոյեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել. այսուհետ պետական գաղտնիք են համարվելու այլ պետությունների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մասին տվյալները:
«Ժողովուրդ»-ը հրամանագրի մասին զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով եւ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամների հետ:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյան
-Պարո՛ն Քոքոբելյան, տեւական ժամանակ է, ինչ հասարակությունը մտահոգված է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելով, Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ այդ մասին: Եւ, ահա, ՌԴ-ն նոր քայլի է դիմել: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի Դաշնության հետ նախագահի կողմից ստորագրված այս համաձայնագիրը:
-ՌԴ նախագահի ստորագրած այս հրամանագրով պարզ է դառնում, որ ռուսական կողմը փորձում է թաքցնել, թե որ երկրին ինչ չափի սպառազինություն է մատակարարում: Միջազգային, այդ թվում ՄԱԿ-ի կոնվենցիաներով, պատերազմների հետ կապված կոնվենցիաներով կան պարտավորություններ, թե որ երկրին կարող է զենք վաճառել, եւ թե ինչ տեսակի: Բայց անկախ ամեն ինչից, եթե ռուսական կողմը նույնիսկ օրենքի շրջանակում դա փորձի անել, ՀՀ-ն՝ որպես ռազմավարական դաշնակից, չի իմանալու, թե ինչ ծավալի սպառազինություն է մատակարարելու Ադրբեջանին: Ես գտնում եմ, որ այս պարագայում գոնե պայմանագրային մակարդակով ռազմավարական գործընկեր Հայաստանի իշխանությունները պարտավոր են Ռուսաստանից պահանջել հայտնելու Ադրբեջանին մատակարարվող սպառազինությունների մասին: ՌԴ-ն պարտավոր է դա տեղեկացնել:
-Իսկ ինչո՞ւ հիմա:
-Բնականաբար Ռուսաստանը այդ քայլին գնում է, որպեսզի միջազգային հարթակներում առնվազն կարողանա խուսանավել այդ պարտավորություններից: Մենք գիտեք Իրաքի հետ կապված խնդիրը, այդ թվում՝ Թուրքիայի, եւ այլն: Այսինքն՝ այս խնդիրը ուղղակիորեն մեր տարածաշրջանում առնչվում է Հայաստանին եւ մնացած տարածաշրջաններում, բառի բուն իմաստով, կոնֆլիկտների սրմանը: Ռուսաստանի այս որոշումը ես որակում եմ ոչ ավել, ոչ պակաս ուղղակիորեն կայունության դեմ ուղղված գործընթաց:
զրուցեց Քնար Մանուկյանը