Այսօր հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ Եղիշե Չարենցի մահվան օրն է: Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,– այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզոյանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսում Չարենցի տունը մինչև օրս կանգուն է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը, նրա վրա արդեն բազմել էր Չարենց գրական ազգանունը։1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Կարս:Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։
1915 թվական, խոր աշուն էր։ Ձյուն էր դրել սարերի կատարներին։ Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին, ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ… Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։ Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եզիշե Չարենցն էր(Սողոմոնյան)։Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ[7]:
Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919 թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում։ Չարենցի անունը նրան արժանի բարձր գնահատականով ներկայացնելու պատիվը վիճակված էր խոշորագույն քննադատ, ՀՀ կրթության և արվեստների նախարար Նիկոլ Աղբալյանին, որն էլ հայ գրական ընկերության անդրանիկ նիստերից մեկը 1919 թվականի հոկտեմբերի 18-ին նվիրեց Չարենցի ստեղծագործությանը։ Բանաստեղծը թեև ներկա չէր երեկոյին, բայց տեղեկացավ գրական այդ իրադարձության մասին։ 1920 թվականի հունվար-մայիս ամիսներին, Աղբալյանին ներկայացրած բանաստեղծին աշխատանքի է նշանակվել Աղբալյանի ղեկավարած նախարարությունում՝ որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար։ Դրանից հետո 1920-1921 թվականներին Չարենցին վերստին տեսնում ենք ուսուցչի պաշտոնում։ Այս բարդ ու հարափոփոխ ժամանակների ծնունդն են նրա «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները՝ գրված 1920 թվականին։
1920 թվականի նոյեմբերին Հայաստանի խորհրդայնացումից հետո լուսավորության ժողովրդական կոմիսարիատում նա ստանձնում է արվեստի բաժնի վարիչի պաշտոն և աշխատում մինչև 1921 թվականի մայիսը։ 1920-ական թվականների առաջին տարիները ևս բուռն շրջան են նրա թե՛ գրական, թե՛ անձնական կյանքում։ Մեկը մյուսի հետևից գրում է «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհուն», «Ամենապոեմ», «Չարենցնամե» պոեմը, շարադրում «Երկիր Նաիրի» վեպը։ 1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփիկ Տեր-Աստվածատրյանի հետ, ում հանդեպ տածում էր անսահման սեր ու գորով և ում հետագայում պիտի կոչեր «հերոսական կին և բարեկամ»։ Արփիկի հետ էլ նա մեկնում է Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում լրացնելու կրթության պակասը։ Սակայն նրա անհանգիստ ոգին չէր կարող տեղավորվել ուսանողական նստարանին։ Կյանքը հոսում էր, գրական գործը՝ եռում։ 1922 թվականին Մոսկվայում նա լույս է ընծայում իր երկերի երկհատոր մեծադիր ժողովածուն, որ ինքնին երևույթ էր այդ տարիների հայ կյանքում։ 1922 թվականի «Երեքի» դեկլարացիայից հետո նա փաստորեն դառնում է նորագույն շրջանի հայ գրականության առաջնորդը։
Աշխարհաճանաչողությունն ընդարձակելու նպատակով 1924 թվականի նոյեմբերի 20-ին Բաթումից Չարենցը մեկնում է արտասահմանյան շրջագայության։ Լինում է Տրապիզոնում, Կ․Պոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում։ 1925 թվականի հուլիսի 31-ին վերադառնալով Երևան՝ նա ստանձնում է նոր կազմավորված «Նոյեմբեր» գրական կազմակերպության ղեկավարությունը։ Բռնկուն և ազատ տարերքի ստեղծագործող էր Չարենցը։ Այդ տարերքը երկնում էր հանճարեղ գործեր։ Հոգեկան այդ լարված կացության մեջ սիրային մի արկած Չարենցի համար ունենում է տխուր վերջաբան։ 1926 թվականի սեպտեմբերի 5-ին նա ձերբակալվում և հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ Այդ արկածից որպես հիշատակ մնում է «Երևանի ուղղիչ տնից» հուշակնարկը։ 1927 թվականին մահանում է Չարենցի կինը։ Նախքան կնոջ մահը Աբովյան փողոցում հոգեկան անհավասարակշիռ կացության մեջ Չարենցը ատրճանակով կրակում և վիրավորում է Մարիաննա Այվազյան անունով մի գեղեցկուհու, որի հանդեպ նախապես ունեցել էր բուռն զգացմունքներ։ Բարեբախտաբար, Չարենցը վրիպում է և սոսկ թեթև քերծվածք պատճառում այդ աղջկան, որը կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քույրն էր։ Արփիկի մահը Չարենցը ահավոր ծանր է տարել։ Մահվան հաջորդ օրն իսկ այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք ինքը սիրով ու գուրգուրանքով բերել էր արտասահմանից։ Այրել է, որպեսզի ուրիշի ձեռքը չընկնեն և դրանով իսկ չնսեմանա սիրելիի հիշատակը։ Իսկ որպես թանկարժեք մասունք հանել է Արփիկի գիպսե դիմակը և ձեռքի կրկնօրինակը։ Դրանք պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։ Այդ օրերին էլ Չարենցը մարմնին է դաջել Արփիկի մահվան տարեթիվն ու նրա անունը։ Արփիկի մահից հետո մինչև հարազատների մոտ՝ Մայկոպ մեկնելը, Չարենցը մեկուսացել է շրջապատից, օրեր շարունակ փակվել իր սենյակում և գրել «De profundis» վերնագրով պոեմ, որ հոգեհանգստի աղոթքի տրմադրություններ է ունեցել։
1923 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1935 թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացված կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։ 1936 թվականի հունիսի 20-ին Անդրերկրկոմի ղեկավարության հետ Խանջյանը սկսում է բանակցությւոններ վարել, որպեսզի Չարենցին թույլատրեն մեկնել արտասահման բուժման նպատակով։ Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը ձախողում է Չարենցի մեկնումը և արդյունքում 1937 թվականի նոյեմբերի 28-ի առավոտյան, բանտի հիվանդանոցում օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։ Մարտին լրացել էր նրա 40 տարին, իսկ 41-ին դեռ 4 ամիս կար։ Տարիներ շարունակ տևած այս դաժան ողբերգության գլխավոր դեմքը արյունաքամ և ուժասպառ հեռացավ աշխարհից։ Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին, կատարեցին դիահերձում։ Արձանագրության մեջ ասված է․ «Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ կրծքավանդակին եղել է դաջված․ «1927 թվականի հունվար, Ա․Չ»։ անջինջ գրերով բանաստեղծը մարմնի վրա արձանագրել է իր մեծ սիրո՝ Արփենիկ Չարենցի մահվան թվականը։
Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել են թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ իսկ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է՝ չհասնելով դատավճիռի կայացման։ Նրան թաղեցին գիշերը, բոլորից գաղտնի, աչքից հեռու, Երևանից Էջմիածին տանող խճուղու ձախ կողմում, Հրազդանի աջ ափին, ձորի բարձունքում գտնվող ներքին գործերի նախարարության պանսիոնատի այու քարքարուտների մեջ։ Նա, որ վաղուց արդեն լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար, շարունակեց այդպես էլ ապրել մինչև իր նոր հարությանը և նաև դրանից հետո։