«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առաջիկայում Երեւանի քաղաքապետարանը բոլոր թաղապետարանների աշխատակիցների համար Ամանորը կազմակերպելու նպատակով միլիոնավոր դրամներ կծախսի: Քաղաքապետարանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի կարիքների համար ամանորյա տոնական միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման վերաբերյալ պարզեցված ընթացակարգի մասին հայտարարություն է հրապարակել:
Միջոցառումը նախատեսված է 250 հյուրի համար, այն պետք է մատուցվի բարձրակարգ եւ նրբաճաշակ սրահում: Իսկ դահլիճը պետք է զարդարված լինի ամանորյա տոնակատարությանը համապատասխան, սեղանների վրա դրված լինեն ամանորյա մոմեր, փոքրիկ զարդեր: Յուրաքանչյուր սեղան պետք է հաշված լինի տասը հյուրի համար: Պետք է մատուցվի երեք տեսակի տաք ուտեստ, չորս տեսակի աղցան, բնական եւ գազավորված հյութեր, օղի, հայկական կոնյակ, շամպայն, գինի, հանքային ջուր, տարբեր տեսակի մրգեր, քաղցրավենիք եւ թխվածքեղեն:
Նորք-Մարաշի թաղապետարանի աշխատակազմը պահանջել է նաեւ, որ սրահը ունենա կենդանի երաժշտություն՝ բազմազան երգացանկով: Ահա թե ինչպես են նվազեցնում պետական ծախսերը՝ իրենց քեֆերի հաշվին: Հիշեցնենք, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարը ՀՀԿ-ական Վաղինակ Մկրտչյանն է: