Երգչուհի Իրինա Հարությունյանը երկրպագուների համար նոր տեսահոլովակ է պատրաստում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ երգի հեղինակը «Ֆուլ հաուս» սիթքոմից հայտնի դերասան Գոռ Հակոբյանն է: Պարային այդ ստեղծագործության հիման վրա տեսահոլովակի հեղինակը Նիկ Եգիբյանն է: Իրինայի խոսքով` ինքն ու Գոռը, լինելով գյումրեցի, վաղեմի ընկերներ են, իսկ համագործակցությունը հանպատրաստից է ստացվել:
Հաշվի առնելով, որ վերջին շրջանում Գոռ Հակոբյանը ներկայանում է նաեւ որպես երգիչ, հարցրինք` հնարավոր է արդյոք, որ Իրինան եւ Գոռը երբեւէ հանդես գան դուետով. «Այդ ուղղությամբ չենք մտածել, բայց հնարավոր է»,-պատասխանեց երգչուհին: Նա նշեց, որ նոր տեսահոլովակը եթերում կլինի կա՛մ մինչեւ տարեվերջ, կա՛մ հաջորդ տարվա սկզբին: Իրինան տեղեկացրեց, որ երգում է ակումբներում, համերգների հրավերներ ունի նաեւ արտերկրից:
Հեռուստադիտողները մեր զրուցակցին հիշում են նաեւ «Վերջին հայրիկը» սերիալից, որտեղ նա հանդես էր գալիս որպես դերասանուհի: Մենք հետաքրքրվեցինք` արդյոք վերջինս սերիալներից նոր առաջարկներ ունի. «Այո՛, էլի ունեմ նմանատիպ առաջարկ, սակայն դեռեւս բանակցությունների փուլում ենք, ուստի մանրամասներ հայտնել չեմ կարող»,-ասաց Իրինան:
Շուրջ մեկ տարի առաջ երգչուհին տեւական դադարից հետո վերադարձավ ասպարեզ: Մենք հարցրինք` ինչով էր պայմանավորված լռությունը. «Իսկապես, տարիներ շարունակ ոչ մի նորություն չունեի, խոստանում եմ` այսուհետ ավելի ինտենսիվորեն եմ աշխատելու: Իսկ լռությունս կապված էր անձնական կյանքիս հետ»:
Նշենք, որ Իրինան երկու զավակ ունի` 12-ամյա դուստր եւ 5-ամյա որդի: Մեր այն դիտարկմանը, որ երգչուհին` որպես երկու երեխաների մայր, բավական երիտասարդ տեսք ունի, վերջինս պատասխանեց. «Պարզապես շատ շուտ եմ ամուսնացել: Իսկ գեղեցկության առանձնահատուկ գաղտնիք չունեմ. ուղղակի ուրախ մարդ եմ»:
Ու թեեւ Իրինան այս պահին ամուսնացած չէ, նա լավ է պատկերացնում, թե կին-տղամարդ հարաբերություններում որ գործոններն են էական. «Կարեւորում եմ տղամարդու տեր լինելը, կնոջ` հնազանդ: Այս առումով բալանսը չպետք է խախտվի: Կարեւոր գործոն է նաեւ ֆինանսականը, սակայն ոչ ամենակարեւորը»,-շեշտեց երգչուհին:
Նա պատմեց, որ իր երկու զավակներն էլ երաժշտական ձիրք ունեն, սակայն երգչուհին չի ցանկանում, որ նրանցից որեւէ մեկն իր ոլորտն ընտրի. «Լավ ծանոթ եմ մեր ասպարեզի դժվարություններին, հատկապես մեր երկրում, ուստի ինքս նրանց դեպի իմ ոլորտ չեմ ուղղորդի»,-եզրափակեց Իրինան:
Աննա Բաբաջանյան