Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը համացանցի իր էջում գրառում է կատարել, որում ներկայացնում է, թե ինչպես է իր աչքի առաջ Գևորգ Սարգսյանը՝ հայտնի Ջունգլ անունով, Երեւանի կենտրոնում` փողոցի երթեւեկելի մասում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնում կնոջ մարմնի տարբեր հատվածներին:
Զառա Հովհաննիսյանը, մասնավորապես, գրել է. «Մեր մեքենան դեռ չկանգնեցրած դուրս եմ ցատկում ու վազում դեպի կինը, փորձում պաշտպանել նրան։ Կինը կառչում է ինձնից, պինդ գրկում մեջքիս հատվածն ու ձեռքերս, աղերսում, որ փրկեմ իրեն։ Երիտասարդը, որն էնքան ուժեղ էր, որ կարողանում էր երկուսիս արդեն քարշ տալ փողոցով, գցում է մեզ մեքենայի մեջ ու փորձում ընկերոջ օգնությամբ, որը մեքենայի ղեկին էր, տանել այդտեղից։ Զուգահեռ աղմուկ-գոռոց, աղջիկն աղերսում է ինձնից օգնություն, տղամարդը գոռում էր ինձ վրա, որ բաց թողնեմ, որ դա իր կինն է, ու ես էդտեղ անելիք չունեմ, քաշում է ձեռքերս ու փորձում էլի իմ մարմնի վրայով հարվածներ հասցնել կնոջը, քաշել, պոկել մազերը։ Վրա է հասնում ամուսինս․ տղամարդը հարցնում է, էս քո կնիկն ա, ասա թող թողի գնա, խի կնիկդ քեզ չի ենթարկվում։ Ամուսինս էլ, թե ինչի՞ պիտի ինձ ենթարկվի։ Էս քաշքշուկն ու ծեծկռտուկը տեւում է 20 րոպե, ու ոչ մեկը չի կարողանում ինձ ու աղջկան ազատի էս կատաղածի ճիժաններից։ Վերջը մի կերպ հրելով վեր եմ թռնում մեքենայից, ու քանի որ աղջիկն էլ ինձ պինդ կպած էր՝ վիրավոր գազանի նման, կարողանում ենք ճողոպրել դեպի դիմացի մայթում գտնվող աղջկա աշխատավայր։ Էդքան ժամանակ մարդիկ նայում ու ասում էին, դե իրա կնիկն ա, ինչ անենք(((((
Հասցնում եմ միացնել տեսագրող կոճակը, ու ձայնագրել մի հատված: Պարզվում է, որ նրա երկու երեխաների հայրն է, որը պարբերաբար նրան ենթարկում է բռնության, պարբերաբար աջիկը փորձում է խզել հարաբերությունները, սակայն վախից դրդված չի անում։ Այսօր աղջկա ծննդյան օրն է, եւ առավոտյան վիճաբանությունից հետո կինը որոշել է էլ տուն չվերադառնալ, իսկ զուգընկերը վերադարձել է նրա աշխատավայր՝ վրեժխնդիր լինելու։ Նա ասում էր, որ իրեն կսպանի, ու եթե ես չհասնեի, չկանգնեի նրանց միջեւ, մի գուցե էդպես էլ լիներ։ Աշխատավայր է հասնում աղջկա մայրը ու արցունքն աչքերին պատմում 10 տարվա տառապալից կյանքը, թե ինչ դժոխքի մեջ են իրենք ու պրծում չունեն։ Զանգում եմ ոստիկանություն, գալիս են ոստիկաններն ու նրանց ուղեկցությամբ գնում ենք բաժին»։