2017-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները անակնկալներով լի են: Այսօր ԱԺ-ում եղած շատ օրենսդիրներ ստիպված են լինելու հրաժեշտ տալ օրենսդիր մարմնին: Իսկ եթե անգամ ՀՀ նախագահի նստավայրում որոշվել է, որ ինչ-որ պատգամավոր կրկին պետք է մանդատ ստանա, ապա նա դեռ այդ մասին չգիտի:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանի հետ նրա ապագային առնչվող հարցերի մասին:
-Պարո՛ն Աղաբաբյան, Ձեր քաղաքական ապագան Ձեզ համար հստակ է՞: Էլի պատգամավոր եք դառնալո՞ւ:
-Մենք կուսակցությունով ենք հանդես գալիս, եւ ես չգիտեմ՝ ցուցակում կհայտնվեմ, թե ոչ:
-Դուք ո՞ր տարբերակը կնախընտրեք՝ կուսակցության համամասնական ցուցակո՞վ, թե՞ ռեյտինգային տարբերակով:
-Ոնց որ կլինի: Ոնց կուսակցությունը կորոշի:
-Այս պահին կոնկրետ ինչի՞ եք սպասում. ինչ-որ մեկի առաջարկի՞ն կամ հրավերի՞ն:
-Կուսակցությունը ոնց կորոշի, խորհուրդը ոնց կորոշի:
-Ձեզ որեւէ առաջարկ չե՞ն արել:
-Ո՛չ, երեւի ժամանակը չէ:
–Պարո՛ն Աղաբաբյան, նոր երիտասարդներով են փորձում համալրել կուսակցությունը, ապագա խորհրդարանը: Այս մասին ի՞նչ կասեք:
-Ես բոլոր դեպքերում համաձայն եմ էն տեսակետին, որը կուսակցությունը կորոշի: Երիտասարդներով են ուզում համալրել, ուրեմն դա է ճիշտը, ինչ է եղել:
-Իսկ Դուք կոնկրետ ո՞ւմ հրավերին եք սպասում, որ ընդգրկվեք ցուցակում:
-Ես ոչ մեկի հրավերին էլ չեմ սպասում:
զրուցեց Քնար Մանուկյանը