«Հայֆիլմի Վերածնունդ» նախաձեռնության հեղինակ, ռեժիսոր Հայկ Բաբայանի ջանքերով օրերս կյանքի է կոչվել «Շաբաթօրյակ Հայֆիլմում» մշակութային իրադարձությունը ( գլխավոր կազմակերպիչների թվում էր Գաբրիել Միրաքյանը): Շաբաթօրյակի մասնակիցների թվում եղել են հայտնի դերասաններ Մարինե Մխիթարյանն ու Անի Պետրոսյանը: Հայկ Բաբայանն ու ընկերները հագել են աշխատանքային ձեռնոցներն ու անցել գործի: Ներկաների ձեռնարկած աշխատանքների արդյունքում մաքրվել են մի քանի սենյակներ, ժողովվել են ստուդիայի գրքերը: «Հայֆիլմի» տնօրինությունը` Դավիթ Կարապետյանի գլխավորությամբ, ջերմորեն ընդունել է Հայկ Բաբայանին եւ շաբաթօրյակի մյուս մասնակիցներին:
Վերջիններս այս իրադարձության միջոցով եւս մեկ անգամ հանրության ուշադրությունը բեւեռեցին «Հայֆիլմի» ներկայի եւ ապագայի վրա: Նախաձեռնության հեղինակ Հ. Բաբայանի խոսքով` «Հայֆիլմը» պետք է ազգայնացվի, ունենա իր թանգարանը,այնտեղ պետք է ապահովվեն համապատասխան աշխատանքային պայմաններ. ««Հայֆիլմը» պետք է դառնա մեր մշակույթի առանցքը, մեր հասարակության հոգևոր զարգացման և ժամանցի խաչմերուկը: Ես եւ ընկերներս ամեն ինչ անելու ենք, որ այն դառնա մեր սերնդակից եւ ավագ ընկերների մտքի, երևակայության ու գաղափարների իրագործման աշխարհը: Նախաձեռնությունը շարունակվում է. կոչ ենք անում միավորվել եւ առաջ շարժվել, պետք է ամեն բան անել, որ «Հայֆիլմի» 100-ամյակը նշվի արդեն գործող եւ լուսավոր ստուդիայում»,- եզրափակեց Հ.Բաբայանը: