«Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը թերի է. ինչ բացթողումներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված առանցքային հարցերից մեկը «ՀՀ կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի նախագիծն է:

Նախ այն մասին, թե ինչու կառավարությունը լծվեց այս գործընթացին: Ըստ կառավարության կողմից ներկայացրած եզրակացության` հաշվի առնելով 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունները՝ «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագիրը, ինչպես նաեւ միջազգային փաստաթղթերով կուսակցությունների կազմակերպման եւ գործունեության վերաբերյալ ներպետական իրավակարգավորումներին առաջադրվող պահանջները` անհրաժեշտություն է առաջացել ընդունելու կուսակցությունների վերաբերյալ նոր` սահմանադրական օրենք:

Ըստ կառավարության` այս օրենքը համապատասխանեցվելու է ՀՀ Սահմանադրության, ինչպես նաեւ միջազգային փաստաթղթերի պահանջներին` խթանելով բազմակուսակցական համակարգի հետագա զարգացմանը: Առաջարկվող փոփոխություններով՝ մասնավորապես կդյուրացվեն եւ կպարզեցվեն կուսակցությունների հիմնադրման եւ պետական գրանցման հետ կապված հարցերը, կապահովվեն իրավական երաշխիքները՝ կուսակցությունների պետական գրանցման անհիմն մերժումները բացառելու համար, համալիր իրավական կարգավորում կստանա կասեցման ինստիտուտը, որով կապահովվի վերջինիս գործնական կիրառությունը, կհստակեցվեն կուսակցությունների գործունեության կասեցման եւ արգելման արդյունքում առաջացող բացասական հետեւանքները, կստեղծվեն կուսակցությունների գործունեության անխոչընդոտ իրականացման համար հավասար եւ ոչ խտրական պայմաններ:

Սակայն օրենքի այս նախագիծը տարընթերցումների տեղիք է տալիս եւ մի շարք հարցեր առաջացնում: Հիմա հասկանանք` ինչու:

Օրենքի նախագծի հոդված 5-ի 1-ին կետով սահմանվում է. «Արգելվում է այն կուսակցությունների ստեղծումը կամ գործունեությունը, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով»:

Ի՞նչ է նշանակում կուսակցության կողմից բռնություն կիրառել, արդյո՞ք որեւէ կուսակցության մեկ կամ մի քանի անդամների կողմից բռնություն կիրառելը կարող է գնահատվել որպես կուսակցության կողմից բռնության կիրառում: Ձեւակերպումը վերցված է ՀՀ Սահմանադրության 46 հոդվածից: Սակայն, ի տարբերություն Սահմանադրության, օրենքը պետք է ավելի առարկայական լինի եւ տարընթերցումների տեղիք չտա:

Կուսակցության անդամների վերաբերյալ բաժնում սահմանված է. «Կուսակցության անդամներ կարող են լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները: Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքով օժտված այլ անձինք կարող են անդամակցել կուսակցությանն առանց նրա կանոնադրության եւ ծրագրի հաստատման, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի»:
Այս ձեւակերպմամբ էլ սահմանափակում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ու ընտրական իրավունք ունեցող հաշմանդամների կուսակցական լինելու եւ քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը: Կուսակցական լինելու իրավունքը պետք է պայմանավորված լինի միայն քաղաքացու՝ ընտրելու իրավունք ունենալ-չունենալու հանգամանքով:

«Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի հոդված 19-ի 3-րդ կետի համաձայն` «Կուսակցության համագումարի որոշումները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ընդունվում են համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների ձայների մեծամասնությամբ», իսկ 4-րդ կետի համաձայն` «Կուսակցության կանոնադրության հաստատման եւ ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության (նշանակման), կուսակցության վերակազմակերպման, լուծարման մասին որոշումներն ընդունվում են ընտրված պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:

Այս ձեւակերպումները ոչ միայն չեն նպաստում կուսակցությունների ներքին ժողովրդավարության բարձրացմանը (մասնավորապես, որպեսզի կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները ռեյտինգային քվեարկությամբ ընտրվեն), այլեւ սահմանափակում են կուսակցությունների կողմից նման կարգ կիրառելու հնարավորությունը: Նման պրակտիկա արդեն իսկ ունեցող կուսակցություններին այս ձեւակերպումը կստիպի ռեյտինգային ընտրությունների արդյունքները կրկին ներկայացնել համագումարի պատվիրակների հաստատմանը:

Նման դիտարկումների շարքը երկար է: «Ժողովուրդ»-ի հետ զրուցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանն էլ ներկայացրեց հետեւյալ դիտարկումները. «Մասնավորապես ԿՄ նոր օրենքի նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանվում է, որ մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրությունը (նշանակումը) կուսակցության համագումարի բացառիկ իրավասությունն է: Այս ձեւակերպումը սահմանափակում է կուսակցությունների՝ ղեկավար մարմնի ձեւի ընտրության հարցը: Այս ձեւակերպմամբ թույլատրվում է միայն մեկ տեսակի՝ առաջնային մանդատով օժտված կուսակցության նախագահ ունեցող կուսակցությունների գործունեությունը: Այսպիսով` բացառվում է այն տարբերակը, ըստ որի` համագումարն ընտրում է վարչության անդամներին, այնուհետեւ նորընտիր վարչությունն իր կազմից նախագահ է ընտրում»,-ներկայացրեց Հովակիմյանը:

Չնայած այս թերություններին՝ երկու օրից «Կուսակցությունների մասին» օրենքը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի օրենսդիրներին: Հուսանք, որ Աժ-ում գոնե վերը նշված խնդիրներին պատշաճ ուշադրություն կդարձվի եւ օրենքը ընդունելուց առաջ հնարավորինս կլրամշակվի:

Վահագն Հակոբյան




Լրահոս