Ինչ վիճակում է գտնվում Արցախում ծառայակցի կողմից վիրավորված զինծառայողը. մանրամասնում է մայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի մարտական դիրքերում նոյեմբերի 22-ին վիճաբանության ժամանակ նախնական տվյալներով ծառայակցի կողմից հրազենային վիրավորում ստացած Ազնավուր Բալեյանին Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխել են  ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ նրան վիրահատել են:

Նշենք, որ Ազնավուր Բալեյանը ստացել էր գլխի շրջանում հրազենային վնասվածք: Ժամկետային զինծառայողը Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից է:

default

Ազնավուր Բալեյանի առողջական վիճակի մասին ArmLur.am-ը հետաքրքվեց հենց Ազնավուր Բալեյանի մոր՝  տիկին Ամալյայից: Վերջինս մեզ հետ զրույցում հուզված և վրդոհվված  պատմեց, որ Ազնավուրը չորս պատվոգիր ունի, որոնցից մեկն էլ Սեյարան Օհանյանի կողմից է ստացել:

«Բժիշկներն ասում են  վիճակը կայուն է, ամեն ինչ անում են նրա համար: Ես շատ գոհ եմ այստեղի բժիշկներից»,-ասաց նա:

Տիկին Ամալյայի խոսքով՝ Ազնավուրը ստացել է 8-ամյա կրթություն: Դպրոցից դուրս է եկել միայն այն պատճառով, որ ընտանիքին օգնի. «Մնացել ա տունը հորն ա օգնել, ամեն ձևի: Շատ խելոք, համեստ երեխա ա եղել, տենց էլ ծառայել ա հայոց բանակում»:

Ազնավուր Բալեյանն ընտանիքի կրտսեր զավակն է: Իրենից մեծ և փոքր եղբայրներ ունի: Փոքր եղբորն ամռանը տանելու են բանակ:

Բալեյանների ընտանիքի մայրը նշում է, որ իրենք դառը քրտինքով աշխատող և ապրող մարդիկ են. «Ո՞նց պտի ապրենք: Աշխատանք չկա, մենակ մեծ տղես ա աշխատում»:

Հավելենք, որ Ազնավուր Բալեյանի ծառայության ավարտին մնացել էր ընդամենը մեկ ամիս:

Հիշեցնենք, որ մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս