«Սասնա Ծռեր» հիմնադրամի հայտարարություն է տարածել, որում ասվում է.
««Սասնա Ծռեր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է քաղբանտարկյալների, քաղհալածյալների և հուլիսյան օրերի ընդվզումների ընթացքում ձերբակալվածների ընտանիքներին բարոյական, տնտեսական և փաստաբանական օգնություն ցուցաբերելու առաքելությամբ:
Հիմնադրամը քաղաքական կազմակերպություն չէ և ոչ էլ որևէ քաղաքական կառույցի կցորդ : Եթե այն ունի քաղաքական հռչակագիր, ապա , դա մարդու իրավունքների Ժնևյան կոնվենցիան է, իսկ քաղաքական ուղղվածությունը՝ մարդասիրությունը։ Չնայած քաղաքական ճնշմանը Հիմնադրամը միշտ մնացել է Բարեգործական դաշտում։
Հիմնադրման պահին առավել համահունչ էր հիմնադրամն անվանել «Սասնա Ծռեր» անունով, քանի որ հենց «Սասնա Ծռեր» խմբի ընդվզումից ու դրան հաջորդած ձերբակալություններից էր ոգեշնչված հիմնադրամը ստեղծելու գաղափարը:
Ստեղծման պահից՝ 2016 թ. օգոստոսի 17–ից հիմնադրամն անցել է որոշակի ճանապարհ ու որոշակի փոփոխությունների ենթարկվել, չնայած դրան հավատարիմ մնալով իր նախնական նպատակին: Հոգաբարձուների խորհրդի հինգ անդամներից երկուսն իրենց սեփական դիմումով հրաժարվել են անդամակցությունից ։
Հիմնադրամն անընդհատ ձգտել և ձգտում է գտնել իր շահառուների ընտանիքներին օգնելու ավելի ու ավելի էֆեկտիվ, արդիական ու գրագետ ռազմավարություններ, նաև, կազմակերպում է լրացուցիչ գումարներ հայթայթելու զանազան միջոցառումների շարք: Սակայն, վերջին օրերին «Սասնա Ծռեր» խմբի անդամների և նրանց ընտանիքների անունից տարածվել են իրար հաջորդող հայտարարություններ, որոնցով, փաստացի, հրաժարվում են հիմնադրամի ծառայություններից: Անգամ առաջարկվում է փոխել հիմնադրամի անունը:
Տեղեկացնում ենք,որ հիմնադրամի անվան փոփոխման հարցը արդեն իսկ մտցված է վերակազմավորման գործընթացի օրակարգ:
Ինչ վերաբերում է շահառուների ցանկերը վերանայելուն,ապա, շահառուների ցանկում փոփոխություններ առայժմ չեն կարող իրականացվել, քանի դեռ հիմնադրամի հաշիվների վրա կան նվիրատվություններ, որոնք շահառուներին դեռ չեն փոխանցվել: Այն հնարավոր կլինի իրականացնել միայն հանգանակված գումարները բոլոր հասցեատերերի միջև բաշխելուց հետո: Բոլոր քաղբանտարկյալ կամ քաղհալածյալ ճանաչված անձանց ընտանիքները հնարավորություն կունենան դիմել ֆոնդին՝ շահառու ճանաչվելու համար:
Հիմնադրամը չի պատրաստվում ոչ պարտադրել իր աջակցությունը, ոչ էլ խտրական լինել շահառուների ընտրության հարցում:
Մենք վերահաստատում ենք մեր նվիրումը Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հալածանքների կասեցման գործին, քաղբանտարկյալների ընտանիքների աջակցությանն ու Հայաստանի Հանրապետության կայացմանը որպես ազատ, ուժեղ, ժողովրդավարական պետություն»:
Հիմնադրամի Հիմնադիր և Հոգաբարձուների Խորհուրդ