ՎԵՐՋԻՆ 7 ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՑԱԾՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին 7 տարվա մեջ ամենացածրն է եղել՝ 0.4 տոկոս:

Մինչ այս տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը արձանագրվել էր 2009-ի աշնանը: Մասնավորապես այդ տարի նույն 10 ամիսների արդյունքներով արձանագրվել էր 17.5 տոկոսի անկում: Իսկ հաջորդ` 2010 թվականին արդեն հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում 2,4 տոկոսի տնտեսական աճ էր արձանագրվել: 2011 թվականի տնտեսական աճի ցուցանիշը նույնպես կազմել էր 2.4 տոկոս, 2012-ին տնտեսական աճի ցուցանիշը եղել էր 7,2 տոկոս, 2013-ին` 3,4, 2014-ին` 4,2, իսկ արդեն 2015-ին` ընդամենը 3,5 տոկոս:
Հաջորդ աննախադեպ անկումը, որն այս տասը ամիսների արդյունքներով արձանագրվել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների նվազումն է. այն կազմել է 7.3 տոկոս: Սա նշանակում է, որ այս տարվա 10 ամիսներին Հայաստանում ավելի քիչ գյուղմթերք է աճեցվել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Եթե նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ են գյուղմթերքի արտադրության ծավալները նվազել, ապա դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությանն առաջիկայում աղետ է սպասում:
Արդյունաբերական արտադրանքի ծավալները 10 ամիսների կտրվածքով աճել են 6.5 տոկոսով: Սակայն, եթե արդյունաբերության տվյալներից հանվեն հանքարդյունաբերության, կամ ավելի կոնկրետ՝ պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները, որոնք մոտ 31.8 տոկոսով աճել են, ապա արդյունաբերությունում եւս շատ տխուր պատկեր կստացվի:
Ինչ վերաբերում է տնտեսության մեկ այլ կարեւոր ճյուղին՝ շինարարությանը, ապա այստեղ ծավալները գնալով ավելի են նվազում: Այս տարվա 10 ամիսների արդյունքներով շինարարության ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են 9.8 տոկոսով: Մինչդեռ 2015 թվականի տասն ամիսներին շինարարության ծավալները, հակառակը, ավելացել էին, թեեւ աննշան՝ 0.1 տոկոսով:
Առեւտրի շրջանառությունն այս տարվա հունվար-հոկտեմբերին շարունակել է անցած տարվա համեմատ անկում արձանագրել: Այս տարվա հունվար-հոկտեմբերին առեւտրի շրջանառությունը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0.1 տոկոսով նվազել է: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի բնակչությունն այս տարվա տասը ամիսների արդյունքներով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 63 մլրդ դրամով աղքատացել է:
Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ տասը ամիսների արդյունքներով՝ էլեկտրական էներգիայի արտադրության ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են 6.3 տոկոսով: Հենվելով պաշտոնական տվյալների վրա՝ հերթական անգամ կարող ենք փաստել, որ Հայաստանում գնալով ավելի քիչ էլեկտրական էներգիա է սպառվում: Հասկանալի է, չէ, որ եթե արդյունաբերությունն աճում է, այդ ոլորտի կողմից էլէներգիայի սպառումն ավելանում է, եթե բնակչությունը հարստանում է ու տեխնիկայի քանակն ավելանում է, ապա կրկին էլէներգիայի սպառումն ավելանում է: Իսկ երբ էլէներգիայի սպառումն անկում է ապրում, դա ուղղակի խոսում է այն մասին, որ երկրի տնտեսությունը եւս անկում է ապրում, անկախ նրանից, թե պաշտոնական վիճակագիրները որքան են ջանում գոնե չնչին աճ «նկարելու» համար:
Ի դեպ, այս տարվա 10 ամիսներին, անցած տարվա համեմատ, արտահանման ծավալներն աճել են, այս անգամ այդ ցուցանիշը կազմել է 19,8 տոկոս: Հիշեցնենք, որ արտահանման ծավալների՝ այս տարի արձանագրված աճը պայմանավորված է անցած տարվա անկմամբ: Անցած տարվա սկզբից հատկապես դեպի Ռուսաստան արտահանման ծավալները կտրուկ նվազել էին, սակայն տարվա վերջից սկսած այդ ցուցանիշը վերականգնվեց, ինչով պայմանավորված էլ այս տարի արտահանման երկնիշ աճ է արձանագրվում: Իսկ ներմուծման ծավալները, հակառակը, վերոնշյալ ժամանակահատվածում 0.3 տոկոսով նվազել են:
Նկատենք, որ այս տարվա տասը ամիսների վիճակագրական արդյունքները գործնականում արտացոլում են ոչ միայն նախորդ՝ Հովիկ Աբրահամյանի, այլեւ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո ԱԺ-ին ներկայացրած ծրագրով խոստանում էր ապահովել տարեկան 5 տոկոս տնտեսական աճ: Մի բան, որ տեղի չունեցավ: Կարեն Կարապետյանի կառավարությունը թեեւ այդքան հստակ չէ իր խոստումներում, սակայն այս կառավարության երկամսյա աշխատանքի արդյունքները եւս առայժմ տեսանելի չեն:

 

 

 
ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԴԵՂԵՐԸ ԵՐԿՈՒ ՕՐՈՎ ԹԱՆԿԱՑԵԼ ԷԻՆ

«Ժողովուրդ»-ը երեկ մի շարք քաղաքացիներից հեռախոսազանգեր ստացավ այն մասին, որ նախորդ շաբաթվա վերջին օրերին ՀՀ գրեթե բոլոր դեղատներում իրենց համար անհրաժեշտ դեղամիջոցները (անոթային, սրտանոթային, ճնշում իջեցնող դեղամիջոցերը) թանկ գնով են վաճառվել:

Այս հեռախոսազանգից հետո «Ժողովուրդ»-ը ուսումնասիրություններ անցկացրեց երեւանյան մի քանի դեղատներում. պարզվեց, որ թանկացել է «Սերվիեր», «Նիկոմեդ», «Գեդեոն Ռիխտեր», «Էգիս» ընկերությունների դեղամիջոցների ողջ տեսականին: Իսկ թանկացած դեղամիջոցները հիմնականում լայն սպառում ունեն, որոնք եղանակային փոփոխությունների հետ կապված սովորականից շատ են վաճառվում: Նկատենք, որ նշվածներից «Նիկոմեդ» ընկերության դեղամիջոցները նախատեսված են հորմոնալ, արյունը ջրիկացնող եւ անոթային խնդիրների համար, իսկ «Սերվիեր» ընկերության դեղամիջոցները՝ սրտանոթային: Այս ընկերությունից հիմնականում թանկացել է «Պրեստանս», «Պրեստարիում», «Նոլիպրիլ ֆորտե» եւ այլ դեղամիջոցները, որոնք նախատեսված են սրտանոթային հիվանդների համար:
Դեղատան աշխատակիցների խոսքերով՝ դեղերը թանկացել են նախորդ շաբաթվա վերջերին՝ ուրբաթ եւ շաբաթ օրերին՝ 10-20 տոկոսով: Ապա ստացած բողոքների արդյունքում կրկին էժանացել են: Այսինքն՝ թանկացումը տեւել է ընդամենը 2 օր: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից մեզ հայտնեցին, որ իրենց մասնագետները յուրաքանչյուր ամիս մոնիտորինգ են անցկացնում դեղերի շուկայում: Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի խոսքերով՝ հոկտեմբերին դեղերը 50 տոկոսով էժանացել են: Այդ թվում նաեւ՝ անոթային, սրտանոթային, ճնշում իջեցնող դեղերը: Ըստ Հայթայանի՝ ԱՆ մասնագետների կողմից դեղերի շուկայում նոյեմբերի մոնիտորինգը դեռ ընթացքի մեջ. «Բայց այս ընթացքում մեր մասնագետների կողմից դեղերի թանկացում չի արձանագրվել»:
Եւ քանի որ դեղերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններով զբաղվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ուստի հուսանք, որ դեղերի երկօրյա թանկացումը իրենց աչքից չի վրիպի:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 
ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղի բնակիչ Սմբատ Սաքանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տառապելով արտահայտված մտավոր հետամնացության փսիխոպատիկ վարքով՝ հոգեկան հիվանդությամբ, 2016թ. մայիսի 25-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, հոգեկան հիվանդությամբ տառապող քրոջը՝ Կարինե Սաքանյանին, փնտրելու նպատակով, կարծելով, թե իր քույրը թաքնված է համագյուղացի Օֆելյա Վարդումյանին պատկանող, Աչաջուր գյուղում գտնվող տանը, հրելով բացել է տան դուռը եւ մուտք գործել: Նա այնտեղ փնտրել է քրոջը, սակայն տեսնելով, որ տանը մարդ չկա, քույրն այնտեղ չէ, դուրս է եկել ու հեռացել: Ս. Սաքանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասով (Մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը): Սույն հոդվածով բնութագրվող հանցանքը պատժվում է տուգանքով՝ 50-100 հազար դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը նոյեմբերի 25-ին կմեկնարկի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

 

 

6 ԳՅՈՒՂԻՑ՝ 27 ՏՈՒՆ
Տավուշի սահմանամերձ գյուղերը գազաֆիկացված են, սակայն բնակիչները հնարավորություն չունեն երկնագույն վառելիքից օգտվելու: Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնադրամի կողմից, «Գյուղատնտեսությանբ զարգացման միջազգային հիմնադրամից» (IFAD)-ից ստացված վարկային միջոցներով 2014թ. ավարտվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջեւան գյուղերի գազաֆիկացումը: Սակայն գյուղացիները դրամական միջոցներ չունեն, որպեսզի իրենց առանձնատներ գազատար խողովակ անցկացնելու աշխատանքների համար գազի ծառայության աշխատակիցներին վճարեն: Սահմանամերձ Բաղանիս համայնքի նախկին ղեկավար, Բաղանիսում Նոյեմբերյան համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչ Նարեկ Սահակյանն ասաց, որ Բաղանիսում 22 առանձնատուն է գազաֆիկացվել: Ն. Սահակյանը հայտնեց, որ առանձնատունը գազատարին միացնելու վճարը կազմում է 80 հազար դրամ եւ ավելին՝ կախված գազատար ցանցից տվյալ տան հեռավորությունից: Ոսկեվան համայնքի նախկին ղեկավար, Ոսկեվանում Նոյեմբերյան համայնքի լիազոր ներկայացուցիչ Սերյոժա Ալեքսանյանն էլ «Ժողովուրդին» հայտնեց, որ նոյեմբերի 11-ից Ոսկեվանում գազաֆիկացվել է 5 տուն, եւս 11 ընտանիք դիմել է իրենց բնակարանները գազատարին միացնելու համար: Ադրբեջանին սահմանակից 6 գյուղերում մինչ հիմա գազատարին միացել է ընդամենը 27 տուն: Մինչդեռ այդ գյուղերի բնակիչներին պետք է ձեռնտու լինի բնական գազից օգտվելը, քանի որ պետական բյուջեից կիսով չափ փոխհատուցվում են սահմանամերձ այդ գյուղերի բնակիչների սպառած բնական գազի վճարները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս