Նոյեմբերի 1-ին՝ Ազգային ժողովում 2017 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ, մարզպետները հայտնել էին, որ համաձայն վարչապետի հանձնարարականի՝ մինչեւ դեկտեմբերի 20-ը յուրաքանչյուրն իր մարզի համար պետք է ներկայացնի զարգացման ռազմավարական ծրագիր: Վարչապետի հանձնարարականի վերջնաժամկետին մնացել է կարճ ժամանակ: «Ժողովուրդ»-ը փորձեց մարզպետներից հետաքրքրվել, թե ինչ փուլում է ծրագրերի մշակումը:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան
-Պարո՛ն Հակոբյան, մարզի զարգացման ռազմավարական ծրագրի ներկայացման՝ վարչապետի հանձնարարականի կատարմանը քիչ ժամանակ է մնացել: Ի՞նչ եք հասցրել անել այս ընթացքում, կարո՞ղ եք մանրամասնել, թե Սյունիքի մարզի համար ռազմավարական զարգացման ինչ հիմնական քայլեր եք ծրագրում ներառել:
-Չեմ կարող հիմա Ձեզ այսպես ներկայացնել մեր ռազմավարական ծրագրի մասին, միայն կարող եմ հայտնել, որ մեր ծրագիրը պատրաստվում է, շուտով այն պատրաստ կլինի, եւ կուղարկենք վարչապետին: Եթե հնարավոր լինի, այն նաեւ կհրապարակենք:
-Մինչ կազմվում են մարզերի ռազմավարական զարգացման ծրագրերը, մեզ հասած տեղեկություններով՝ այս օրերին մի շարք համայնքների ղեկավարներ սկսել են վարկեր վերցնել, որպեսզի մարեն պետությանն ունեցած պարտքերը: Բանն այն է, որ բազմաթիվ գյուղերում մարդիկ չեն կարողացել համայնքին վճարել սերմացուի կամ դիզվառելիքի գումարները, եւ ստիպված համայնքի ղեկավարներն են նրանց փոխարեն վարկ վերցնում, որպեսզի կարողանան այդ պարտքերը մարել: Սյունիքում նման խնդիր կա՞:
-Մասամբ կա այդ խնդիրը, այդ բնագավառը նույնպես այս ռազմավարական ծրագրի մեջ ընդգրկված է լինելու: Գյուղատնտեսության վարչությունը արդեն իսկ վերջացնում է իր առաջարկները, որը կընդգրկվի ընդհանուր այդ ծրագրի մեջ: Կրկնում եմ՝ մասամբ, այո՛, կան այդ խնդիրները:
-Որոշ մարզերից դժգոհություն հնչեց առ այն, թե վարչապետի հանձնարարականներն այնքան շատ են, որ մարզպետները անգամ ընդմիջում անելու ժամանակ չունեն, նրանք ճաշում են իրենց աշխատասենյակներում եւ շատ ուշ են տուն գնում: Իսկապե՞ս այդքան ծանրաբեռնված եք:
-Իմ տեղը կարող եմ ասել, որ ես միակ մարզպետն եմ, որ փոխվել եմ, այո՛, ծանրաբեռնված եմ աշխատանքով, բայց ինձ վատ չեմ զգում: Պատրաստվում եմ կառուցվածքային փոփոխություններ անել մարզպետարանում օպտիմիզացնելու նպատակով: Այո՛, ես էլ եմ ուշ գնում, ինձ համար նորմալ աշխատանքային պրոցես է:
Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյան
-Պարո՛ն Գյոզալյան, ի՞նչ փուլում է գտնվում մարզի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման գործընթացը, վարչապետի սահմանած վերջնաժամկետին կարճ ժամանակ է մնացել:
-Ախր ծրագրերը բազմաոլորտ են, ծրագիրը պետք է ներկայացնի համայնքը, գաղափարը քննարկվի եւ հետագայում, եթե նորմալ եղավ, ներկայացվի:
-Կարո՞ղ եք նշել կոնկրետ մեկ համայնքի ներկայացրած ծրագիր, որում ներառված են այնպիսի գաղափարներ կամ նախագծեր, որոնց իրագործմամբ այդ համայնքը էապես կզարգանա:
-Կրկնում եմ՝ գաղափարները բազմալորոտ են, տուրիզմ ունենք, մշակույթ, ջերմոցային տնտեսություն ունենք, գյուղատնտեսություն ունենք, արտադրություն ունենեք:
-Օրինակ՝ տուրիզմի մասով ո՞ր համայնքի ղեկավարն է ռազմավարական ծրագիր ներկայացրել:
-Օրինակ՝ Աշտարակի քաղաքապետն է տուրիզմի մասով ներկայացրել:
-Կոնկերտ կասեք ինչ գաղափարներ, ինչ նախագծեր է նա առաջարկել:
-Եկեղեցիները, նախկին մեր անվանի մարդիկ` Վարդգես Պետրոսյան, Գեւորգ Էմին… այսինքն՝ գաղափարն այն է, որ գալիս են, փոքր ժամանակահատվածում մնում են եւ ծանոթանում մեր մշակութային արժեքներին:
-Ու սա մտնո՞ւմ է Ձեր կողմից առաջիկայում ներկայացվելիք ռազմավարական ծրագրի մեջ:
-Այո՛:
-Բայց միթե սա նոր գաղափար է: Եվ բացի այդ՝ մեզ հասած տեղեկություններով, այս օրերին մի շարք համայնքների ղեկավարներ կանգնած են շատ ավելի լուրջ խնդրի առաջ. նրանք ստիպված նոր վարկեր են վերցնում, որպեսզի կարողանան մարել դիզվառելիքի եւ սերմացուի դիմաց իրենց համայնքի բնակիչների կուտակած պարտքերը: Արագածոտնի մարզում նման խնդիր կա՞:
-Ձեզնից եմ լսում նման համայնքապետի գործողության մասով, չեմ տիրապետում, որ գնում են, վարկ են վերցնում:
-Ասում են՝ մարզպետներն այս օրերին այնքան զբաղված են, որ «շնչելու» ժամանակ չունեն:
-Այո՛, շատ զբաղված ենք:
-Գոնե ճաշել հասցնո՞ւմ եք, ասում են՝ դա էլ չեք հասցնում:
-Անգամ ճաշելն էլ չենք ճաշում / ծիծաղում է- Ք. Մ /:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՈՒՆԵՎՈՐ, ԲԱՅՑ «ՉՈՒՆԵՎՈՐ» ՄԱՐԶԱՅԻՆ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ
Հայաստանում դատախազի պաշտոնը մշտապես համարվել է խոստումնալից եւ ցանկալի՝ նախ եւ առաջ այս համակարգի կոռումպացվածության պատճառով: Այս առումով բավականին «յուղոտ» պաշտոններ են նաեւ մարզային դատախազների պաշտոնները: «ժողովուրդ»-ը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած մարզային դատախազների գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագրերից փորձեց պարզել, թե ո՞վ է «ամենահարուստ» մարզային դատախազը, եւ ով՝ «ամենաաղքատը»:
Այսպիսով՝ ըստ հայտարարագրերի՝ մարզային դատախազներից ամենահարուստը Գեղարքունիքի մարզի դատախազ Սարգիս Վասյայի Մնացականյանն է: Վերջինս անցած ամիս նշանակվեց Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնից: Եվ ահա նոր պաշտոնը ստանձնելիս Մնացականյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ դատախազն ունի մեկ անհատական բնակելի տուն, ինչպես նաեւ շարժական գույք` LEXUS LX 470 մակնիշի ավտոմեքենա: Մնացականյանի դրամական միջոցները, համեմատած մյուսների, ամենաշատն են ու բազմազանը` 20 հազար ռուբլի, 15 մլն դրամ, 40 հազար դոլար, 10 հազար եվրո: Դատախազի եկամտի ընդհանուր չափը կազմել է ավելի քան 9 միլիոն դրամ, որը գոյացել է տրված փոխառություններից` վարկերից եւ աշխատավարձից:
Իսկ ահա, ըստ հայտարարագրի, մարզային «ամենաչունեւոր» դատախազը ՀՀ ամենաաղքատ մարզից է: Անցած ամիս արդարադատության երրորդ դասի խորհրդական Կարեն Ավագի Գաբրիելյանը նշանակվեց Շիրակի մարզի դատախազ՝ ազատվելով նույն մարզի դատախազի տեղակալի պաշտոնից: Գաբրիելյանի հայտարարագրած ունեցվածքը ամենահամեստն է: Պաշտոնը ստանձնելիս դատախազը հայտարարագրել է 1 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում: Դրամական միջոցներ, ասել է, թե «հետ գցած» գումար, Գաբրիելյանը չի հայտարարագրել, միայն եկամուտից ստացված գումարն է հրապարակված, որը գոյացել է աշխատավարձից` ավելի քան 4 մլն դրամ:
Մարզային դատախազներից ամենահետաքրքիրն ու զարմանալին Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի ներկայացրած հայտարարագիրն է: Սյունիքի մարզի դատախազը ընդամենը բազմաբնակարան բնակելի շենքում 3 բնակարան է հայտարարագրել: Ստացվում է` Հարությունյանը ո՛չ աշխատավարձ է ստանում, ո՛չ էլ դրամական միջոցներ ունի: Բայց այս պաշտոնյային «աղքատ» համարել չես կարող, որովհետեւ նրա երեք բնակարանների վաճառքից ստացված գումարը կարող է գերազանցել մյուսների դրամական միջոցները: Հիշեցնենք միայն, թե ով է Վազգեն Հարությունյանը: «Ժողովուրդ»-ը իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ այս տարվա մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ «Դիանա» ռեստորանում տեղի էր ունեցել ծեծկռտուք: Տեղեկացրել էինք նաեւ, որ ոստիկանապետից բացի՝ ռեստորանում են եղել նաեւ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալը՝ Ասպուր Ավետիսյանը, քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը։ Այսպիսով՝ դրամական միջոցներ «չունենալը» չի խանգարում Հարությունյանին այցելել ռեստորաններ, այն էլ՝ մարզի իրավապահ համակարգի ղեկավարության հետ:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՊՈԱԿ-ՆԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության այն ՊՈԱԿ-ները, որոնք իրականացնում են նույնաբովանդակ գործունեություն, կմիանան իրար, ինչի արդյունքում պետական բյուջեի ծախսերը կնվազեն: «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ը առաջիկայում կմիանա «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին, «Երաժշտագիտական գրադարան» ՊՈԱԿ-ը՝ «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին, «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին: Իսկ «Ագարակ» պատմամշակութային արգելոց» ՊՈԱԿ-ը կմիանա «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, ինչի արդյունքում կստեղծվի «Ագարակ» պատմամշակութային արգելոց:
ԱՍՏԾՈՒ ՊԱՏԻԺԸ ԿՍՏԱՆԱ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծին, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատավարձի 1000 դրամ պետք է փոխանցի հիմնադրամին, ասաց. «Նախ պարոն Հակոբյանի աշխատավարձից շատ կգնա, այլ ոչ թե հազար դրամ: Դա այն գումարը չէ, որեւէ հայ կփորձի այլ նպատակների օգտագործել, եթե նման բան լինի, Աստծո կողմից մեծ պատիժ կստանա»:
ԳՈՒՄԱՐ ԿՀԱՏԿԱՑՆԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վաղը կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվելու ՀՀ պաշտպանության նախարարությանը մոտ 712 հազ. դրամ գումար հատկացնել: Նպատակը մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Ալիկի Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելն է:
ԱՐՏՈՆՅԱԼ «ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ»
Շահումով խաղերի պետական տուրքի բարձրացման հետ մեկտեղ շահումով խաղերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունները նաեւ հայտնվել են պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող «Վիվառո գրուպ» ՍՊԸ-ն տուգանվել է ՊԵԿ-ի կողմից: Պատճառն այն է, որ այս տարվա մարտի 19-ին «Վիվառո գրուպ» ՍՊԸ ընկերության անունով հայտարարագրվել են խառը ապրանքներ, սակայն ընկերության տնօրեն Հարություն Համբարձումյանը չի վերաարտահանել կամ չի վերահայտարարագրել ապրանքները որեւէ այլ մաքսային ընթացակարգով: Ասել է, թե ընկերությունը գտնվել է արտանոյալ կարգավիճակում եւ միայն նոյեմբերի 1-ին է մաքսային տեսուչը որոշել մաքսային խախտման համար արձանագրություն կազմել եւ ընկերությանը տուգանել 317 հազար դրամով: Հիշեցնենք, որ «Վիվառո գրուպ» ՍՊԸ-ն երկրում խաղամոլության քարոզչություն իրականացնող ընկերություններից է: