ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԴԵՐ ՉԵՆ ԽԱՂՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահական նոր վարչակազմը ձեւավորման փուլում է եւ խոստանում է լինել բավականին հետաքրքիր: Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարեւորագույն պաշտոնների բաժանման գործընթացում հասել է ԱՄՆ պետքարտուղարի նշանակմանն ու կանգ առել: Հետաքրքիր է, որ Թրամփը հայացքը հառել է Հանրապետական կուսակցության բոսերի նախընտրած կադրերին, եւ ամեն ինչ հուշում է, որ պետքարտուղար կդառնա նորընտիր նախագահի նախկին կատաղի քննադատներից մեկը: Այս հարցում բավականին ուշագրավ զուգահեռ է ստեղծվում հայկական իրականության հետ:

Ինչպես կանխատեսվում էր` ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար բազմաթիվ կադրերի մեջ Թրամփի համար խիստ դժվար էր լինելու ընտրություն կատարելը, հատկապես որ ազգային անվտանգության գծով նոր գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակվեց Մայքլ Ֆլինը: Հետեւապես, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնին սկսեցին հավականել Ռուսաստանը բացահայտ ու իրական վտանգ համարող հանրապետականները: Հայտնի է, որ հակակշիռների մեխանիզմի առողջ աշխատանքի համար ԱՄՆ նախագահն ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի ու պետքարտուղարի պաշտոններում գերազանցապես նշանակում է տարբերվող գաղափարներ դավանող գործիչների: Այս առումով խիստ հատկանշական է նորընտիր նախագահ Թրամփի ու նրա նախկին քննադատ, Մասսաչուսեթսի նահանգապետ Միթ Ռոմնիի` օրեր առաջ կայացած հանդիպումը: Վերջինից անմիջապես հետո ամերիկյան ԶԼՄ-ները հեղեղվեցին Ռոմնիի` ԱՄՆ նոր պետքարտուղար նշանակվելու մասին լուրերով: Բավական է ասել, որ Ռոմնին 2012թ. նախագահական ընտրություններում հանրապետականների միասնական թեկնածուն էր, որը, սակայն, պարտվեց նախագահ Օբամային: Դրանով հանդերձ` Ռոմնին շարունակեց պահպանել Հանրապետական կուսակցության ներսում իր ազդեցությունը: Եվ ահա այժմ Թրամփը Ռոմնիի նշանակումը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում կարծես պատրաստվում է օգտագործել որպես ներկուսակցական միասնության դրսեւորում: Ընտրություններից առաջ Ռոմնին եւ նրա գաղափարակիցները այդպես էլ Թրամփին պաշտպանելու մասին հայտարարություն չարեցին, ավելին` ակտիվորեն քննադատում էին նրան` անուղղակիորեն ավելացնելով Քլինթոնի շանսերը: Սակայն այժմ արդեն պարզ է, որ առաջիկա 4 տարիներին հանրապետականի վերնախավը ուզած-չուզած պետք է աշխատի Թրամփի հետ:
Անակնկալ այդ հանդիպումից հետո Ռոմնին հայտարարել էր, որ նոր նախագահի հետ քննարկել է ԱՄՆ-ի շահերի առավելագույն պաշտպանության հարցերն ու մարտավարությունը` հրաժարվելով որեւէ մեկնաբանություն տալ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Փոխարենը, ԱՄՆ հաջորդ փոխնախագահ Մայք Փենսը հաստատել է, որ Միթ Ռոմնիի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում «ակտիվ քննարկումների» փուլում է: Ըստ նրա` նորընտիր նախագահն ուրախ էր տեսնելու Ռոմնիի պատրաստակամությունը միասին աշխատելու հարցում: Վերլուծաբանները, սակայն, կասկածում են, որ Ռոմնին կարող է համաձայնել Թրամփի վարչակազմում ստանձնել պետքարտուղարի պաշտոնը` հաշվի առնելով նրանց միջեւ պետական կառավարման փորձի, ինչպես նաեւ քաղաքական գիտելիքների ակնհայտ տարբերությունը` հօգուտ նախկին նահանգապետի: Սակայն չի կարելի չնկատել, որ այդ առավելությունը հնարավոր է դրական գործոն դառնա հենց Ռոմնիի համար, որը նոր նախագահին կպահի իր քաղաքական ռազմավարության ծիրում: Ի վերջո, ԱՄՆ-ում նման փորձ եղել է, երբ արտաքին քաղաքականության բնագավառում պետքարտուղարը շատ ավել հմուտ ու ազդեցիկ է եղել, քան նախագահը, ինչպես Ջոն Ֆոսթըր Դալլեսը ԱՄՆ 34-րդ նախագահ Դուայթ Այզենհաուերի օրոք: Սակայն այս ողջ պատմության մեջ ամենահետաքրքիր հանգամանքն այն է, որ Թրամփը նման պատասխանատու պաշտոն է վստահում այն հակառակորդին, որը թերեւս նրա ամենակատաղի քննադատն է եղել: Նախընտրական շրջանում Ռոմնին ստիպված եղավ երկու անգամ պաշտոնական հայտարարություն անել` մեղադրելով Թրամփին քաղաքական կեղծավորության ու խարդախության մեջ: Իր հերթին Թրամփն էր նրան անվանում «շնչակտուր եղած փորձանք», որն անկարող էր եղել հաղթել Օբամային: Եվ ահա այժմ միմյանց նման ցածրորակ վիրավորանքներ հասցրած գործիչները պատրաստվում են միասնական տանդեմով սահմանել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը:
Հայաստանում նույնպես 2008թ. հետո Սերժ Սրագսյանի շուրջ համախմբվեցին բոլոր այն քաղաքական գործիչները, որոնց նա ժամանակին «պատվել» էր տարբեր ամոթալի պիտակներով: Այսպես՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին Սարգսյանն անվանել էր «դատարկ դհոլ», ինչը, սակայն, Գեղամյանին չկանգնեցրեց «հանուն Հայաստանի» Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու եւ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու հարցում: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին Սարգսյանն անվանել էր «իդիոտ»՝ իհարկե, անուղղակիորեն այդ վիրավորանքը նրանից ստացած լինելով: Ժամանակին տիտղոսակիր ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանը, որը քաղաքացիներին հավաստիացնում էր, թե իրենց թոշակները չեն բարձրանում, քանի որ Սերժ Սարգսյանը կազինոներում մեծ գումարներ է տանուլ տալիս, նույնպես չվարանեց ՀՀԿ-ական դառնալ եւ նշանակվել Սարգսյանի անձնական ներկայացուցիչը ԱԺ-ում: 2008թ. նախագահական քարոզարշավի ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրապարակավ իշխանություններին մեղադրեց իր սպանությունը պատվիրելու մեջ: Ամբողջ քարոզարշավի ընթացքում Բաղդասարյանը հետեւողականորեն քննադատում էր իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանին՝ երկրում առկա արատավոր երեւույթները հովանավորելու համար, սակայն ընտրություններից 10 օր անց նշանակվեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնում` ազատելով իշխանության ձեռքերը մարտիմեկյան ոճրագործության համար:
Թեեւ քաղաքական սկզբունքայնության տեսանկյունից ԱՄՆ-ն չի փայլում ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը, սակայն պետական բարձր պաշտոն ստանձնելու հարցում տարբերությունը հսկայական է: ԱՄՆ-ում բարձրագույն պաշտոններին հավակնողները ֆինանսական խնդիրներ չեն լուծում, մինչդեռ Հայաստանում պաշտոնն անմիջապես ասոցացվում է նոր եկամուտների հետ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԸ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
ՀՀ վերահսկիչ պալատը այս տարվա փետրվարի 29-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը ուսումնասիրություններ է իրականացրել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում: Ուսումնասիրվել է 2014թ. հունվարի 1-ից 2016թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ պետական բյուջեից հիմնադրամին հատկացված միջոցների օգտագործումը, պետական սեփականության կառավարումն ու օգտագործումը՝ 2006թ հունվարի 1-ից 2016թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ: Արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ:
Նշենք, որ էկոնոմիկայի նախարարության «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ստեղծվել է 2001 թվականի նոյեմբերի 27-ին: Տնօրենն է Բագրատ Ենգիբարյանը: Ըստ ՎՊ-ի՝ հիմնադրամի տնօրենի հրամաններով տրվել են պարգեւատրումներ, այդ թվում՝ հիմնադրամի տնօրենին: Սակայն հիմնադրամի ծախսերի նախահաշվով տնօրենին պարգեւատրելու համար ֆինանսավորում նախատեսված չի եղել: Արդյունքում խախտվել է ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 219-րդ հոդվածով սահմանված պահանջը. այն է՝ աշխատողին խրախուսում է գործատուն, այս դեպքում՝ խորհուրդի նախագահը: Իսկ 2010 եւ 2011 թվականներին արձանագրված երկու դեպքով պարգեւատրման նպատակով հատկացվել է մոտ 5.5 մլն դրամ, որից միայն տնօրենի պարգեւատրումը կազմել է մոտ 3.2 մլն դրամ:
Հիմնադրամի տնօրենը (խոսքը՝ Բագրատ Ենգիբարյանի մասին է) Հայաստանից դուրս գործուղվել է միայն իր հրամանների հիման վրա: Մինչդեռ ՀՀ կառավարության՝ 2005 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 2335 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն՝ դրանք պետք է իրականացվեին գործատուի (հիմնադրամի խորհուրդի նախագահ) կողմից տրված հրամանի համաձայն: Բացի այդ՝ նույն կարգի 10-րդ կետով սահմանվում են նաեւ գործուղման նորմաները, որոնք Բագրատ Ենգիբարյանի կողմից մի շարք դեպքերում գերազանցվել են:
Օրինակ՝ տնօրենի՝ 2012 թվականի փետրվարի 6-ի թիվ 6-Ա հրամանով, նույն ինքը՝ հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, գործուղվել է Իսպանիա եւ Ֆրանսիա: Այդ նպատակով ծախսվել է մոտ 2.4 մլն դրամ, որի գրեթե կեսը՝ 1 մլն 50 հազար դրամը, գերազանցել է նորմատիվ ակտով սահմանված գործուղման նորմաները: Այսինքն, ըստ ՎՊ-ի՝ 2014 թվականի հունվարի 1-ից 2016 թվականի սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում հիմնադրամի տնօրենի գործուղման ծախսերը կազմել են 18.6 մլն դրամ:
Իսկ հիմնադրամի ներկայացուցչական ծախսերի մեծ մասը կատարվել է տնօրեն Բ. Ենգիբարյանի անվամբ բացված պլաստիկ քարտի միջոցով, առանձին դեպքերում նաեւ կանխիկ վճարումներով: Իսկ ՎՊ-ի կողմից ուսումնասիրությամբ ընդգրկված ժամանակահատվածում տնօրենի պլաստիկ քարտի միջոցով եւ կանխիկ գումարով կատարվել են մոտ 9 մլն դրամի վճարումներ: Դրանց իրականացման համար հիմք են հանդիսացել ռեստորանների եւ սրճարանների հաշիվ-ճաշացուցակների կտրոնները, ՀԴՄ կտրոնները, բայց հանդիպումների կազմակերպման նպատակների, մասնակիցների թվաքանակի վերաբերյալ տեղեկություններ չկան, բացակայում են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԶՈՐԱՑՐԵԼ ԵՆ

Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի Սոֆյա Խասիկյանը 2010թ. մարտից որպես պայմանագրային զինծառայող` սանհրահանգիչ (բուժքույր), կոչումով շարքային, ծառայել է Իջեւանի տարածաշրջանում տեղակայված զորամասում:

Ծառայել է առաջնագծում, լավ ծառայության համար բազմիցս արժանացել պատվոգրերի: Պայմանագրային զինծառայության նրա ժամկետը լրանում է 2017թ. հուլիսի 25-ին: 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ նոյեմբերի 10-ը գտնվել է հերթական արձակուրդի մեջ: Նոյեմբերի 11-ին վերադառնալով պայմանագրային գումարտակ՝ իմացել է, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հրամանով ինքն ազատված է զինծառայությունից, քանի որ 51 տարեկան է: Ս. Խասիկյանը «ժողովրդին» ասաց, որ իրեն զորացրելու հրամանը տրվել է նոյեմբերի 7-ին, երբ ինքն արձակուրդի մեջ է եղել: Ս. Խասիկյանի ներկայացմամբ՝ իրենց գումարտակում կան պայմանագրային զինծառայող կանայք, ովքեր 51, 54 կամ 55 տարեկան են: Միայնակ ապրող Սոֆյան հայտնեց, որ ֆինանսական վատ վիճակում է, «Հայբիզնեսբանկից» վարկ է վերցրել՝ բնակարանը նորոգելու համար, որը պետք է մարեր աշխատավարձով: Նոյեմբերի 11-ին Ս. Խասիկյանը Դիլիջանի քաղաքապետարանի շենքում հանդիպել է Դիլիջան այցելած Կարեն Կարապետյանին: Վարչապետը լսելով խնդրի մասին՝ Ս. Խասիկյանին ասել է, որ նա կշարունակի իր ծառայությունը: Վարչապետին ուղղված Ս. Խասիկյանի դիմումը նոյեմբերի 16-ին ուղարկվել է ՊՆ, որտեղից դեռ պատասխան չկա:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս