«Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանը և նրա պաշտպանը հայտարարությամբ են հանդես եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանը և նրա պաշտպանը հայտարարությամբ են հանդես եկել:

Նրանք իրենց դիմումում, մասնավորապես, նշել են.

«26/11/2016թ.-ին պաշտպանյալս ինձ հայտնել է, որ կալանավորվելուց և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց մոտ 10 օր անց, այսինքն՝ մոտավորապես ս.թ. օգոստոսի 12-ից սկսած իր մոտ սկսել է և մինչ օրս շարունակվում է թարախակալման պրոցես, ինչն արտահայտվել է, մասնավորապես, դեմքի, գլխի, նաև՝ ծոծրակային հատվածի, մարմնի, այդ թվում՝ կրծքավանդակի շրջանի և մեջքի, այդ թվում՝ երիկամային շրջանի թարախակալմամբ: Թարախակալումն ուղեկցվում է մարմնի թարախակալված մասերի ցավերով, մասնավորապես՝ ուժգին գլխացավերով, նաև՝ մազաթափությամբ: Դեմքի վիզուալ ուսումնասիրությամբ պարզորոշ երևում են մազածածկույթի տակի մաշկի վնասված հատվածներ:

Պաշտպանյալս տեղեկացրել է, որ վերոնշյալ առողջական խնդրի ի հայտ գալուց ի վեր անցած ավելի քան երեք ամիսների ընթացքում բազմիցս դիմել է իրեն բժշկական օգնություն տրամադրելու խնդրով, սակայն այդպես էլ որևէ բուժօգնություն նրան չի տրամադրվել. Բժիշկ կանչելու նրա պահանջները հիմնականում մնացել են անարձագանք (որևէ բժիշկ և բուժաշխատող նրան տևական ժամանակ չի այցելել), մեկ անգամ նրան այցելել է բուժակ, ով լսելով գանգատները, հայտնել է, որ ոչնչով օգնել չի կարող, երկու անգամ քննության նպատակով նրանից վերցրել են արյուն, որոնց արդյունքների մասին ոչինչ չեն հայտնել մինչ օրս և, վերջապես, մեկ անգամ հաջողվել է հանդիպել բժշկին, ով ասել է, որ դեղեր կնշանակի, սակայն այդպես էլ որևէ դեղորայք չի տրամադրվել:

Փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չէ իր հսկողության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորների և դատապարտյալների համար ապահովել պատշաճ բժշկական օգնության տրամադրում:

Ավելին՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկում (նվազագույն կենցաղային, սանիտարա-հիգիենիկ և մարդու արժանապատիվ կեցության համար անհրաժեշտ մյուս պայմանների բացակայության հաշվառմամբ) պահվելը ինքնին անհամատեղելի է մարդու արժանապատվության հետ և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է ցանկացած կալանավորի կամ դատապարտյալի համար: Այդուհանդերձ, անվիճելի է, որ պետությունը պարտավոր է ապահովել անհրաժեշտ և որակյալ բուժօգնության տրամադրումը կալանավորված անձանց համար: Ուստի, պաշտպանյալիս մոտ առկա առողջական խնդիրը ախտորոշելու և բուժում նշանակելու նպատակով նրա անհապաղ հետազոտումը կազմակերպելուց զատ, խնդրում եմ նաև պատասխանել հետևյալ հարցերին՝

1.Ո՞վ է պատասխանատու Ա. Սողոմոնյանին տևական ժամանակ բժշկական օգնություն չտրամադրելու համար:

2.Արդյո՞ք Ա. Սողոմոնյանի բժշկական քարտում կատարված է որևէ գրառում նրա գանգատների կապակցությամբ: Առկայության դեպքում խնդրում եմ նաև տրամադրել բժշկական քարտի լուսապատճենը:

3.«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը արդյո՞ք պարտավոր չէր, Ա. Սողոմոնյանին անհապաղ պատշաճ բուժօգնություն տրամադրելուց զատ, պարզել նաև նրա հետ նույն խցում գտնվող անձանց առողջության համար հնարավոր վտանգի առկայության և նման վտանգի դեպքում՝ նրան մեկուսացնելու հանգամանքները»:




Լրահոս