Մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ մեղադրվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Ժիրայր Սէֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանից:
«Տեղեկություն չունեմ, ես էլ եմ իմացել լրատվամիջոցներից: Որևէ որոշում չենք ստացել, չենք ծանուցվել որոշման հետ կապված: Չգիտենք՝ ինչ հիմնավորումներով, ինչի հիման վրա են տեղափոխումն իրականացրել»,- ասաց Ժիրայր Սէֆիլյանի պաշտպանը:
Ըստ պաշտպանի` պետք է որոշում ստանան, հասկանան՝ ինչի համար է և եթե տեսնեն անօրինական է կամ անհիմն է, կբողոքարկեն դատական կարգով. «Կարող ենք ասել, որ խոչընդոտվում է պաշտպանական իրավունքին: Եվ այս փուլում, մենք գործի նյութերի ենք ծանոթանում և բավականին խոչընդոտներ է առաջանում տեսակցելու պաշտպանյալին, ավելի հեռու ճանապարհ գնալու, քննարկելու նրա հետ: Այն պարագայում, երբ համաձայն օրենսդրության իրեն պետք է պահեին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում»:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ի դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Մեղադրանք է առաջադրվել Հովհաննես Պետրոսյանին, Ներսես Պողոսյանին, Հրայր Թոփչյանին, Աշոտ Գուգուշյանին, Գալուստ Գրիգորյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Արթուր Մովսիսյանին, ով գտնվում է հետախուզման մեջ եւ Սմբատ Գալոյանին, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հավելենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը կալանավայրերի շուրջ աղմուկը մեղմացնելու համար գործուն քայլեր է իրականացնում: «Ժողովուրդ»-ը անդրադարձել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի կողմից ՔԿՀ-ից մի շարք քաղաքացիներից խարդախությամբ տարբեր իրերի հափշտակությունների դեպքերին: Եվ ահա երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Սպարտակ Դանիելյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են Արմավիրի քրեակատարողակայն հիմնարկ: Ըստ լուրերի՝ Արմավիր ՔԿՀ-ում առավել խիստ պայմաններ են, որտեղից վարչությունը հույս ունի, որ դատապարտյալը չի կարող շարունակել իր հանցավոր գործունեությունը եւ մարդկանց համացանցի կամ հեռախոսի միջոցով խաբել, թե օգտագործված ինչ-որ իր է ցանկանում գնել: Տեսնենք, թե ինչ արդյունք կտա այս տեղափոխությունը: Ի դեպ, նշենք, որ Սպարտակ Դանիելյանից բացի՝ այլ դատապարտյալների տեղափոխություն եւս եղել է, որը կապված է եղել ՔԿՀ-ում հանցավոր խումբ ստեղծելու մասին տարածված լուրերի հետ»:
Այս ամենը հաշվի առնելով, թերևս կարող ենք ենթադրել, որ Ժիրայ Սէֆիլյանին տեղափոխելը ևս ՔԿՀ-ում հանցավոր խումբ ստեղծելու մասին տարածված լուրերի պատճառով է:
Լիդա Եղիազարյան