ԼՈՌԻՈՒՄ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆԵ՞Լ Է ԿՆՈՋԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, ներկայացնելով ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը, երեք ամիս առաջ հայտնել էր, որ նախորդ տարվա համեմատ կա դեպքերի աճ. «2016 թվականի վեց ամիսների ընթացքում արձանագրվել է 373 ընտանեկան բռնության դեպք, նախորդ տարվա 342-ի փոխարեն: Այս տարի հարուցվել է 60 քրեական գործ, որից 49 կարճվել է: Կան նաեւ սպանություններ, որոնք 4-ն են»:

Ինչ է փոխվել մեր մտածելակերպում, արժեհամակարգում, կամ միգուցե կին-տղամարդ հարաբերություններում, որը վերջին շրջանում հանգեցրել է ընտանեկան բռնությունների դեպքերի աճի: Հոգեբաններն ու վերլուծաբանները ընտանեկան ողբերգությունները սոցիալական հարթություն են տանում: Բայց ագրեսիան բնորոշ է մարդուն, առավել եւս Կովկասում:
Երեկ «Ժողովուրդը»-ը հերթական դեպքի մասին տեղեկացավ: Այսպես՝ Լոռու մարզի Պուշկինո գյուղում կնոջ հանկարծամահությունը ամիսներ անց պարզվել է՝ սպանություն է: Բանն այն է, որ սեպտեմբերի 9-ին արձանագրվել է Պուշկինո գյուղի բնակիչ 44-ամյա Արեւիկ Գագինյանի մահը: Դեպքից հետո դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որի արդյունքները ստացվել են երեկ: Եզրակացությամբ հիմնավորվել է, որ Ա. Գագինյանը սպանվել է:
Փորձաննության պատասխաններին ծանոթանալուց հետո մահացած կնոջ հայրը՝ Գյուլաքարակ գյուղի բնակիչ, 62-ամյա Վիլեն Գագինյանը, իրավապահներին հայտնել է, որ դուստրը մահանալուց մի քանի օր առաջ իրեն հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին իրենց տանը ամուսինը՝ 62-ամյա Հակոբ Կիրակոսյանը, ծեծի է ենթարկել իրեն, ինչի պատճառով դեմքին կապտուկներ են առաջացել: ՀՀ ոստիկանությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ` Հ. Կիրակոսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Իսկ ինչ է ավելի ստույգ պարզվել փորձաքննությամբ: Այս հարցի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց տուժածի եղբոր` Անդրանիկ Գագինյանի հետ: Վերջինս պատմեց, որ քույրը սպանվել է Պուշկինոյի իր առանձնատանը՝ արտաքին շնչառական ուղիներն օտար մարմնով փակվելու եղանակով:
Անդրանիկ Գագինյանից պարզեցինք, որ քույրը մոտ տասը տարի առաջ է ամուսնացել Հակոբ Կիրակոսյանի հետ, նրա երկրորդ կինն էր: Համատեղ երեխաներ չունեին. «Քույրս առաջին ամուսնությունից մի աղջիկ ունի, երկու թոռ: Իսկ Հակոբը` մի տղա, նա Ռուսաստանում է: Վիճաբանություններ, բռնություններ այնքան էլ հաճախ չէին լինում նրանց ընտանիքում, համենայն դեպս, քույրս այդ մասին մեզ հետ քիչ էր խոսում: Ո՞ւմ տանը վեճեր չեն լինում: Բայց այս ողբերգությունը որեւէ բացատրություն չունի: Քրոջս մահից հետո մեզ Ստեփանավանի բժշկական կենտրոնից տեղեկացրին, թե նախնական ախտորոշմամբ լյարդի ցերոզն է եղել մահվան պատճառը, բայց արի ու տես…»:
Մեր հարցին՝ տեղյա՞կ է, որ կասկածյալ փեսան հետախուզման մեջ է, Ա. Գագինյանը պատասխանեց, թե նա ոչ մի տեղ չունի փախչելու. «Ո՞վ ունի, որ ում մոտ գնա… մնալու, թաքնվելու տեղ չունի: Բոլորն էլ շատ լավ գիտեն նրա տեղը: Ի՞նչ հետախուզել: Տեղը գիտեն՝ չեն գտնում: Չլսված բան է…»,- վրդովված ասաց մահացած կնոջ եղբայրը: Վերջինս դժվարացավ ասել` ինչը կարող էր սպանության դրդապատճառ հանդիսանալ՝ չբացառելով տարբերակը, որ ընտանեկան տարաձայնությունները կարող էին սրել իրադրությունը:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ կասկածյալ տղամարդու հարազատների հետ: Սակայն Պուշկինո համայնքի ղեկավար Սուրեն Ավետիսյանը տեղեկացրեց, որ Հակոբ Կիրակոսյանը որեւէ հարազատ չունի. կնոջ մահից հետո միայնակ է մնացել: Համայնքապետից պարզեցինք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին` վաղ առավոտյան, Պուշկինո գյուղի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով շնչահեղձ էր եղել կասկածյալի եղբայրը՝ 60-ամյա Հարություն Կիրակոսյանը: Ի սկզբանե առաջ էր քաշվել ինքնասպանության վարկածը, որին իրավապահները հանգել էին տեղում հայտնաբերված դեղահաբերի առկայությունից: Համայնքապետի փոխանցմամբ՝ մահացած տղամարդը, ըստ երեւույթին, հոգեկան խնդիրներ ուներ, եւ այս պահին չի բացառվում, որ կնոջ սպանության մեջ կասկածվող տղամարդու մոտ եւս նման խնդիրներ են ի հայտ եկել. «Այդ ընտանիքը տասը տարի առաջ էր Երեւանից Պուշկինո եկել: Այս պահին գյուղում չեն բացառում, որ ամուսինն է սպանել կնոջը: Գուցե հոգեպես անառողջ չէր, կդժվարանամ հստակ պատասխանել»,- հավելեց համայնքի ղեկավարը:
Այդուհանդերձ, պետք է փաստել, որ վերջին շրջանում տեղի ունեցող ընտանեկան ողբերգությունների մեծ մասը կապվում են հոգեկան շեղումների հետ: Իսկ դրանք, որպես կանոն, ազատում են հանցագործին քրեական պատասխանատվությունից, արդյունքում՝ նա հարկադիր բուժում է անցնում համապատասխան բուժհաստատությունում եւ կրկին վերադառնում տուն` ապրելով հասարակության մեջ:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ԿՐԱԿԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԻ ԱՏՐՃԱՆԱԿԻՑ
ArmLur.am-ը երեկ հայտնեց, որ Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Վերին Շորժայի համայնքապետի` Արտեմ Երանոսյանի որդին` Խաչիկ Երանոսյանը, նոյեմբերի 22-ին Այրք գյուղում գազային ատրճանակից կրակել է նույն գյուղի բնակիչ Գագիկ Զաքոյանի եւ եւս մի քաղաքացու վրա:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի են դարձել կատարվածի ողջ մանրամասներն ու հանգամանքները: Այսպես, մեր տեղեկություններով՝ կատարվածի պատճառը եղել է այն, որ գյուղապետի որդին, բառիս ամենալայն իմաստով, զրկել է Այրք գյուղի բնակիչներին խմելու ջրից: Վերին Շորժայից իջնող Այրք համայնքի ջրագիծը Խաչիկ Երանոսյանը կտրել է, փոխել է ջրի հունը, որը ցրտի հետեւանքով ամբողջությամբ սառել է, եւ խնդիրը լուծելն ավելի է բարդացել: Արդյունքում բնակիչները 5 օր շարունակ զրկված են խմելու ջրից:
Եվ այն բանից հետո, երբ գյուղի տղամարդիկ փորձել են պարզաբանում ստանալ Վերին Շորժայի համայնքապետի որդուց, նա էլ հանել է իր մոտ եղած գազային ատրճանակը եւ կրակ արձակել Գագիկ Զաքոյանի ու նրան ուղեկցողներ Զարզանդ Պողոսյանի, Վաչե Նուժիկյանի ուղղությամբ: Նրանցից ոմանք ուշագնաց են եղել:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց կապ հաստատել տուժածներից Գագիկ Զաքոյանի հետ, ով հայտնեց, որ ջրի հարցը կատարվածից հետո եւս չի լուծվել. «Ջրի հունը, դա երբ փոխեց, մենք գյուղի 8-10 տղամարդկանցով գնացինք մոտը, հարցրինք` ինչ է եղել, խի է եղել, ու վիճաբանություն սկսվեց: Հետո հանեց հրազենը, մտածեցի՝ մարտական զենք է, ու խուճապի մեջ ընկա: Գյուղապետի տղա ա, եղբայրն էլ` Գարիկ Երանոսյանը, Վարդենիսի անձնագրային ծառայության պետն է: Էդ դեպքից հետո Խաչիկն ասեց, թե միլիցեն էլ ենք մենք, գյուղապետն էլ ենք մենք, ի՞նչ պիտի անեք: Ու ես կազդուրվելուց հետո նոր հաղորդում տվեցի ոստիկանությունում»:
Տուժած տղամարդը պատմեց, որ հաղորդումը ներկայացնելուց հետո նրա մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի իրականացվել: Գագիկ Զաքոյանն ուշագրավ տեղեկություն եւս հաղորդեց: Պարզվում է` գազային ատրճանակը, որով կրակոց է արձակվել, պատկանում է Վարդենիսի անձնագրային ծառայության պետ Գարիկ Երանոսյանին:
Թե ինչպես է անձնագրայինի պետի ատրճանակը հայտնվել եղբոր մոտ, դժվար չէ կռահել: Իսկ ահա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վերին Շորժայի գյուղապետ Արտեմ Երանոսյանը չբացառեց, որ որդիներից մեկը պաշտոնյա որդու ատրճանակից կրակած լինի. «Երեւի, չեմ իմանում: Կարող ա՝ մեքենայի մեջ ա էղել, էնտեղ անախորժությունների ժամանակ հանել, կրակել ա: Ճիշտն ասած՝ չեմ խոսել որդիներիս հետ կատարվածի մասին: Հաստատ չեմ կարող ասել, բայց չի բացառվում»: Հուսանք` գյուղապետի որդու ոստիկան լինելու հանգամանքը այս անգամ չի խոչընդոտի արդար քննություն իրականացնելուն:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ԵՐԵԽԱ Է ԿՈՐԵԼ
Լոռու մարզում շուրջ 10 օր է, ինչ անչափահաս երեխա է կորել. դեպքով զբաղվում է ոստիկանության Ստեփանավանի բաժինը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տղան 15 տարեկան Տ.Ս.-ն է, ով Ստեփանավանի տարածաշրջանի Ագարակ գյուղից է: Տղան սովորում է Երեւանի հատուկ դպրոցում, որտեղ նրան տեղափոխել են դեռեւս հունիսին: Մեզ հետ զրույցում Ագարակի գյուղապետ Ռուբեն Բարխուդարյանը հայտնեց, որ տղային վերջին անգամ իր թոռնուհին է տեսել 10 օր առաջ Ստեփանավանում ու տեղեկացրել իրեն: Համայնքի ղեկավարը շտապել է նշված վայր, քանի որ 15-ամյա տղան գրեթե միշտ աչքի է ընկել վատ վարքով ու չենթարկվող տեսակով: Համայնքի ղեկավարը, սակայն, թոռնուհու նշած վայրում տղային չի գտել: Տղայի որոնողական աշխատանքներով զբաղվում է Ստեփանավանի ոստիկանությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ 15-ամյա տղային հատուկ դպրոց են տեղափոխել, քանի որ նա գյուղում անկառավարելի է եղել, պարբերաբար փախել է դասերից ու տնից: Իսկ դպրոցից գյուղ եկել է նախորդ շաբաթ՝ արձակուրդների ժամանակ, ու փախել տանից: Մինչ նշված դեպքն էլ տղան պարբերաբար օրերով փախել է տնից: Տղան բնակվում է մոր, խորթ հոր ու մանկահասակ երկու քույրերի հետ, որոնցից մեկը դպրոցական է, մյուսը՝ ավելի փոքր: Գյուղապետի խոսքով՝ տղայի մյուս՝ ավագ քույրը գտնվում է կալանավայրում: Ագարակի բնակիչներից մեզ հայտնեցին, որ տղայի՝ կալանավայրում գտնվող քույրը ազատազրկման է դատապարտվել գողության համար: «Ժողովուրդը» փորձեց կապ հաստատել նաեւ տղայի ընտանիքի հետ, սակայն մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի

 

 

ԴԱԺԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արարատ Խանդոյանը իր պաշտպան Արա Ղարագյոզյանի միջոցով հայտարարություն է տարածել, որում ասված է. «24.11.2016թ.-ին իմ նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, եւ ինձ հինգ օրով տեղափոխել են պատժախուց: Այն գտնվում է նկուղային հարկում՝ ցուրտ եւ խոնավ: Ես, լինելով Արցախյան ազատամարտի մասնակից, որի ընթացքում վիրավորվելով՝ կորցրել եմ առողջությունս, մասնավորապես ձախ երիկամս, փայծախս, լյադրիս ձախ բլիթի մի մասը եւ հաստ աղիիս որոշակի հատվածը: Իմ այս վիճակը հաշվի չառնելով՝ ինձ տեղափոխել են անմխիթար վիճակում գտնվող պատժախուց: Պատժախուցը չի ջեռուցվում, եւ ամենասարսափելին այն է, որ պատուհանի ապակին կոտրված է, եւ ցուրտը ներթափանցում է պատժախուց: Նման ձեւով ռեժիմը ցանկանում է ճնշում գործադրել ինչպես իմ, այնպես էլ իմ եղբոր՝ քաղբանտարկյալ Արայիկ Խանդոյանի նկատմամբ: Սա եւս հիմք է տալիս ենթադրելու, որ մենք ենթարկվում ենք քաղաքական հետապնդման եւ մեր կալանավորումը քաղաքական որոշում է»:

 

 

ՉԻ ՀԱՍՆԻ ԶԻՆՎՈՐԻՆ
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով «1000 դրամի» նախագծին, խախաղ պայմաններում զոհված զինծառայող Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, նշել է, որ դեմ է այս նախագծին: «Դա չի գնալու բանակին: Եթե ուզում են բանակին օգուտ տալ, այնքան միջոցներ կան: Ով որ կերել, տռզել է, նրանցից թող հետ վերցնեն: Երբ որ վատառողջ զինվորի համար ցանկացած մարդ փող է հավաքում, ես տալիս եմ, որովհետեւ գիտեմ՝ իրեն է հասնելու եւ օգնելու է, իսկ այդ հազարական դրամները չեն հասնելու բանակին»,- նշել է զոհված զինծառայողի մայրը:




Լրահոս