«Ո՞ՆՑ ԿԱՐԵԼԻ Է «ՏԱՍՈՎԿԱՆԵՐՈՎ» ԱՌԱՋ ԳՆԱԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է մի շարք հեռուստանախագծերից, սերիալներից հայտնի դերասան Արթուր Պետրոսյանի հետ:

-Արթո՛ւր, այժմ ինչո՞վ եք զբաղված, թատրոնում կամ ֆիլմերում Ձեզ կտեսնե՞նք:
-Արդեն մի քանի տարի է` զբաղվում եմ ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի կրկնօրինակմամբ: Այս պահին հեռուստաընկերություններից որեւէ մեկում որպես դերասան զբաղվածություն չունեմ, հուսամ` կունենամ: Տարիներ առաջ աշխատել եմ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, սակայն հետագայում զգացի, որ այն շատ ժամանակ է խլում, եւ ընտրության առաջ կանգնեցի: Ամեն դեպքում, ինձ համարում եմ սունդուկյանցի ու անընդհատ մտածում եմ թատրոն վերադառնալու մասին: Չի բացառվում, որ առաջիկայում հայտնվեմ որեւէ թատրոնում: Ինձ մոտ այժմ փնտրտուքների փուլ է:
-Դուք նշեցիք, որ կանգնած եք եղել ընտրության առջեւ: Կշեռքի երկրորդ նժարին ի՞նչն էր դրված:
-Երբ դերասանները կամուկացի մեջ են ընկնում, դա մեծ մասամբ կապված է լինում ֆինանսի հետ: Ցավոք, արվեստն այդ փորձությանը հաճախ չի դիմանում:
-Որպես դերասան` Ձեր ապագան բեմի՞ հետ եք կապում, թե՞ էկրանի:
-Դերասանի ե՛ւ ներկան, ե՛ւ ապագան թատրոնն է: Դա նրա տունն է, բնակության վայրը: Ինչ վերաբերում է ֆիլմերին, ապա դրանցում հայտնվելու համար բացի շնորհքից` հաճախ ուրիշ գործոններ են որոշիչ լինում: Երբեմն մենք ֆիլմերում տեսնում ենք ապաշնորհ մարդկանց, որոնք պարզապես լավ կապեր ունեն կամ տեսակով ճարպիկ են: Դա ես երբեք չեմ հասկացել: Հատկապես արվեստում խնամի-ծանոթ-բարեկամներին ո՞նց կարելի է գործի դնել, «տասովկաներով» առաջ գնալ:
-Կա՞ մի դեր, որ ցանկացել եք թատրոնում խաղալ, բայց առիթ չի ընձեռվել:
-Այո՛, շատ դերեր կան, օրինակ` Սիրանո դը Բերժերակի կերպարը կցանկանայի կերտել:
-Արթո՛ւր, հանդիսատեսի շրջանում շատերն ասում են, որ այսօր ֆրունզիկներ, փափազյաններ չեն ծնվում: Համաձա՞յն եք: Եվ եթե նույնիսկ այդպես է, ի՞նչն է պատճառը:
-Ախր ո՞նց ի հայտ գան ֆրունզիկներ: Սա կապված է դերասանին ընձեռած հնարավորությունների ու տվյալ ժամանակի հետ: Իսկ ավելի վաղ սերնդի մեծերը` Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, ինչպե՞ս ծնվեցին: Այդ մարդկանցից շատերը դրսից եկան, ամեն մեկը` մի տեղից, եւ պետական հոգածության պայմաններում սկսեցին ստեղծագործել: Հայրենիք ստեղծելու, մշակույթ զարգացնելու խնդիր կար դրված: Եվ այդպես էլ եղավ: Հիմա ո՞նց պետք է այդպիսիք ծնվեն, եթե տաղանդավորին համապատասխան հնարավորություն չի ընձեռվում: Երեւի մեր սերունդը ժամանակի զոհն է, չգիտեմ…
-Մշակույթի նախարարությունն առաջնահերթ ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնի, ի՞նչ խնդիրներ պետք է լուծի:
-Կարծում եմ` անհրաժեշտ է այնպիսի պայմաններ ապահովել, որ կոմերցիան դուրս մնա արվեստից կամ կոմերցիայի դեպքում նոր ցենզեր մշակվեն: Եթերում, որքանով տեղյակ եմ, վերջին շրջանում էթիկային առնչվող որոշ կանոններ խստացվել են, օրինակ` դերասանի վերնաշապիկի բոլոր կոճակները պետք է կոճկված լինեն: Բայց սա ֆորմալ, կոսմետիկ փոփոխություն է: Հասկացանք, որ ինչ-որ բաներ են ուզում պահել, բայց կոճկած վերնաշապիկով այդ մարդիկ եթերում մարդ են սպանում: Հասկանո՞ւմ եք` կարեւոր խնդիրները թողած` ինչի հետեւից ենք ընկել: Դաշտում ընդհանուր անկում կա. մենք սերիալներով ենք սնում մեր ազգին: Եվ հետո` երիտասրադներին աջակցելու խնդիր պետք է դրվի: Թատերականի ուսանողներն ավարտում են կինոռեժիսուրայի բաժինն ու կինո նկարելու միջոցներ չունեն: Ինստիտուտը նոր ավարտած 21-22 տարեկան ռեժիսորն ի՞նչ միջոցներով պետք է կինո նկարի: Ստիպված հարսանիքներ, տեսահոլովակներ, փոքր-մոքր բաներ են նկարում: Այդ մարդկանց պետք է օգնել, որ կայանան: Կցանկանայի անդրադառնալ նաեւ կոչումների թեմային: Կան մարդիկ, որոնք վաղուցվանից արժանի են կոչման, բայց չեն ստացել, իսկ ինչ-որ մեկը հանկարծ հայտնվում է դաշտում ու, մեկ էլ հոպ, արժանանում է այդ կոչմանը: Օրինակ՝ եթե, Աստված չանի, ինձ կոչում տան, ես կհրաժարվեմ, կասեմ` մի րոպե, ամոթ է, ավելի արժանավորները կան… Ոլորտին առնչվող մեկ այլ խնդիր էլ պետք է լուծել` արտերկրի արտիստների, ստեղծագործողների հետ շփման շրջանակը լայնացնելը: Միայն փառատոները դրա համար քիչ են. փոխադարձ հրավերներ, փորձի փոխանակում, մաստեր-կլասներ են պետք: Թե չէ ամեն մեկս մեր տեղում լճանում ենք: Անհրաժեշտ է համատեղ նախագծեր իրականացնել, բայց ոչ միայն մասնավոր, այլեւ պետական միջոցներով: Ամփոփելով նշեմ` միակ ցանկությունս այն է, որ արվեստին պետական մակարդակով ուշադրություն դարձվի:

 

 

 
ՊՐՈԴՅՈՒՍԵՐԸ` ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ

Դեկտեմբերի 9-ին տեղի կունենա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը: Տնօրենի պաշտոնի հավակնորդներից մեկն էլ թատրոնի գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն է: «Ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվեց` ինչպես ստացվեց, որ վերջինս որոշեց առաջադրել իր թեկնածությունը, եւ ինչու պրոդյուսերն այդ քայլին չէր դիմել ավելի վաղ` սեպտեմբերին հայտարարված մրցույթի ընթացքում:

«Նախ` արդեն շուրջ տասը տարի է` աշխատում եմ այս թատրոնում, կրթությունս էլ (արվեստի կառավարում) համապատասխանում է թատրոնի տնօրենից ակնկալվող պահանջներին: Միշտ մտածել եմ, որ կգա ժամանակ, երբ մշակութային օջախի կառավարման համար բարձրագույն մասնագիտական կրթությունը պարտադիր պայման կլինի: Իսկ ավելի վաղ հայտարարված մրցույթին թեկնածությունս չէի առաջադրել, որովհետեւ հավասար պայմաններ էին ստեղծված մասնագիտական կրթություն ունեցողների եւ չունեցողների միջեւ: Արդեն վերջին մրցույթի դեպքում, երբ մասնագիտական կրթությունը կարեւորվեց, այդ հանգամանքն ու թատրոնի փակուղային վիճակն ինձ ստիպեցին քայլ անել, հատկապես, որ իմ թիկունքին ունեի կոլեկտիվի աջակցությունը»,-մեկնաբանեց Տ. Վիրաբյանը:
Մամուլում վերջերս տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ թեեւ թատրոնում ներքին տարաձայնություններ կան, աշխատակազմը հակված է տնօրենի պաշտոնում տեսնել Տիգրան Վիրաբյանին: Մենք նրան հարցրինք` տեղյակ է արդյոք այդ տարաձայնություններից եւ ինչպես է վերաբերվում դրանց. «Քանի որ մեր թատրոնն առողջ կոլեկտիվ ունի, բնական է, որ կլինեն որոշ մարդիկ, որոնք իմ առաջադրմանը կողմ չեն լինի, կլինեն նաեւ հակառակ կարծիք ունեցողներ: Ես միշտ վախենում եմ այն մարդկանցից, որոնք համատարած կերպով սիրված եւ ընդունված են: Մարդ չի կարող ընդունելի լինել 136 հոգու համար: Պարզապես պետք է հասկանալ, թե քո դեմ դժգոհողների շրջանում ինչ տոկոս են կազմում թատրոնի ստեղծման, կայացման հարցում մեծ վաստակ ունեցողները, այսպես ասած` քաշող ուժերը: Ինձ համար առավելապես կարեւոր է վերջիններիս կարծիքը»,-շեշտեց պրոդյուսերը:
Հարցին, թե արդյոք տեղեկություններ ունի տնօրենի թափուր պաշտոնում առաջադրված որեւէ այլ թեկնածուի մասին, Տ. Վիրաբյանը պատասխանեց. «Քանի որ մշակույթի նախարարությունը նոր մրցույթ չհայտարարեց, դա թույլ է տալիս կարծելու, որ թեկնածուները մեկից ավելին են: Ով էլ որ առաջադրվեր, կցանկանայի, որ արժանավոր մարդ լիներ, համոզված եմ` այդպես էլ կա: Թատրոնում թեկնածուների անուններ են շրջանառվում, սակայն ես չեմ ցանկանում խոսակցությունների մակարդակով տեղեկություններ հանրայնացնել»,-եզրափակեց պրոդյուսերը: Հիշեցնենք, որ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը երկու անգամ չեղարկվել էր: Սեպտեմբերի 14-ին կայանալիք մրցույթում մասնակցության հայտ ներկայացրածներից մեկը հետ էր վերցրել փաստաթղթերը, իսկ մեկ թեկնածուի դեպքում մրցույթ նախատեսված չէ: Նոյեմբերի 18-ին հայտարարված մրցույթին էլ թեկնածուներ առհասարակ չէին առաջադրվել:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
«ԿՈՎԿԱՍԻ ՄԻՋՈՎ»
Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Դաղստանի եւ Չեչնիայի ժամանակակից նկարիչները նոյեմբերի 25¬ից իրենց աշխատանքները կներկայացնեն «Կովկասի միջով» խորագիրը կրող ցուցահանդեսում, որը կկազմակերպվի Թբիլիսիի Ի. Գրիշաշվիլիի անվան պատմության ազգային թանգարանում՝ «Կարվասլա»¬ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 12¬ը, կանցկացվի «Ժամանակակից արվեստի պատկերասրահ» նախագծի շրջանակներում, որի նպատակը Վրաստանում ժամանակակից արվեստի աջակցումն ու զարգացումն է, նաեւ նրա առաջմղումը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային ասպարեզում: «Կովկասի միջով» ցուցահանդեսն այս ծրագրի արդեն չորրորդ նախագիծն է: Այն միավորել է կովկասյան տարածաշրջանի հինգ նկարիչների` Վահրամ Աղասյանին (Հայաստան), Ալի Հասանովին (Ադրբեջան), Վաժիկո Չեչխիանիին (Վրաստան), Տաուս Մախաչեւին (Դաղստան) եւ Ասլան Գայսումովին (Չեչնիա):

 

 

«System of a Down»-Ը` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
2017-ին ամենամյա «Park Live» փառատոնը խոստանում է չկրկնվող շոու մոսկովյան ԲԿՄԱ-ի (ֆուտբոլային ակումբ) արենայում: Հուլիսի 5-ին կայանալիք հոբելյանական 5-րդ փառատոնի հեդլայները կլինի աշխարհահռչակ «System of a Down» ռոք խումբը, որը հանդես կգա 28 հազար հոգանոց հանդիսատեսի առջեւ:
Հիշեցնենք, որ «System of a Down» խմբի անդամները տեւական դադարից հետո վերամիավորվել են: Մենակատար Սերժ Թանկյանը, կիթառահար Դարոն Մալաքյանը, բաս կիթառահար Շավո Օդաջյանը եւ թմբկահար Ջոն Դոլմայանը 2017-ի հունիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում պատրաստվում են համերգներով հանդես գալ նաեւ Եվրոպայի տարբեր քաղաքներում:

 

 

ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՅԻ
Երգչուհի Բեյոնսեն եւ նրա ամուսինը` ռեփեր Ջեյ Զին, Նյու Յորքից տեղափոխվել են Լոս Անջելես, որպեսզի իրենց 4-ամյա դուստր Բլյու Այվին կարողանա մասնավոր դպրոց այցելել: The Daily Mail-ը տեղեկացնում է, որ տվյալ դպրոցում ուսման վարձը կազմում է տարեկան 19.000 դոլար: Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ Բեյոնսեն եւ Ջեյզին բավական հոգատար եւ պատասխանատու ծնողներ են, անձամբ են երեխային ուղեկցում դպրոց եւ տանում տուն:
Հավելենք, որ նույն դպրոցում ուսանում են նաեւ դերասանուհի Գվինեթ Փելթրոուի երեխաները:




Լրահոս