«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԹԵՐԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված առանցքային հարցերից մեկը «ՀՀ կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի նախագիծն է:

Նախ այն մասին, թե ինչու կառավարությունը լծվեց այս գործընթացին: Ըստ կառավարության կողմից ներկայացրած եզրակացության` հաշվի առնելով 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունները՝ «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագիրը, ինչպես նաեւ միջազգային փաստաթղթերով կուսակցությունների կազմակերպման եւ գործունեության վերաբերյալ ներպետական իրավակարգավորումներին առաջադրվող պահանջները` անհրաժեշտություն է առաջացել ընդունելու կուսակցությունների վերաբերյալ նոր` սահմանադրական օրենք:
Ըստ կառավարության` այս օրենքը համապատասխանեցվելու է ՀՀ Սահմանադրության, ինչպես նաեւ միջազգային փաստաթղթերի պահանջներին` խթանելով բազմակուսակցական համակարգի հետագա զարգացմանը: Առաջարկվող փոփոխություններով՝ մասնավորապես կդյուրացվեն եւ կպարզեցվեն կուսակցությունների հիմնադրման եւ պետական գրանցման հետ կապված հարցերը, կապահովվեն իրավական երաշխիքները՝ կուսակցությունների պետական գրանցման անհիմն մերժումները բացառելու համար, համալիր իրավական կարգավորում կստանա կասեցման ինստիտուտը, որով կապահովվի վերջինիս գործնական կիրառությունը, կհստակեցվեն կուսակցությունների գործունեության կասեցման եւ արգելման արդյունքում առաջացող բացասական հետեւանքները, կստեղծվեն կուսակցությունների գործունեության անխոչընդոտ իրականացման համար հավասար եւ ոչ խտրական պայմաններ:
Սակայն օրենքի այս նախագիծը տարընթերցումների տեղիք է տալիս եւ մի շարք հարցեր առաջացնում: Հիմա հասկանանք` ինչու:
Օրենքի նախագծի հոդված 5-ի 1-ին կետով սահմանվում է. «Արգելվում է այն կուսակցությունների ստեղծումը կամ գործունեությունը, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով»:
Ի՞նչ է նշանակում կուսակցության կողմից բռնություն կիրառել, արդյո՞ք որեւէ կուսակցության մեկ կամ մի քանի անդամների կողմից բռնություն կիրառելը կարող է գնահատվել որպես կուսակցության կողմից բռնության կիրառում: Ձեւակերպումը վերցված է ՀՀ Սահմանադրության 46 հոդվածից: Սակայն, ի տարբերություն Սահմանադրության, օրենքը պետք է ավելի առարկայական լինի եւ տարընթերցումների տեղիք չտա:
Կուսակցության անդամների վերաբերյալ բաժնում սահմանված է. «Կուսակցության անդամներ կարող են լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները: Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքով օժտված այլ անձինք կարող են անդամակցել կուսակցությանն առանց նրա կանոնադրության եւ ծրագրի հաստատման, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի»:
Այս ձեւակերպմամբ էլ սահմանափակում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ու ընտրական իրավունք ունեցող հաշմանդամների կուսակցական լինելու եւ քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը: Կուսակցական լինելու իրավունքը պետք է պայմանավորված լինի միայն քաղաքացու՝ ընտրելու իրավունք ունենալ-չունենալու հանգամանքով:
«Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի հոդված 19-ի 3-րդ կետի համաձայն` «Կուսակցության համագումարի որոշումները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ընդունվում են համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների ձայների մեծամասնությամբ», իսկ 4-րդ կետի համաձայն` «Կուսակցության կանոնադրության հաստատման եւ ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության (նշանակման), կուսակցության վերակազմակերպման, լուծարման մասին որոշումներն ընդունվում են ընտրված պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:
Այս ձեւակերպումները ոչ միայն չեն նպաստում կուսակցությունների ներքին ժողովրդավարության բարձրացմանը (մասնավորապես, որպեսզի կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները ռեյտինգային քվեարկությամբ ընտրվեն), այլեւ սահմանափակում են կուսակցությունների կողմից նման կարգ կիրառելու հնարավորությունը: Նման պրակտիկա արդեն իսկ ունեցող կուսակցություններին այս ձեւակերպումը կստիպի ռեյտինգային ընտրությունների արդյունքները կրկին ներկայացնել համագումարի պատվիրակների հաստատմանը:
Նման դիտարկումների շարքը երկար է: «Ժողովուրդ»-ի հետ զրուցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանն էլ ներկայացրեց հետեւյալ դիտարկումները. «Մասնավորապես ԿՄ նոր օրենքի նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանվում է, որ մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրությունը (նշանակումը) կուսակցության համագումարի բացառիկ իրավասությունն է: Այս ձեւակերպումը սահմանափակում է կուսակցությունների՝ ղեկավար մարմնի ձեւի ընտրության հարցը: Այս ձեւակերպմամբ թույլատրվում է միայն մեկ տեսակի՝ առաջնային մանդատով օժտված կուսակցության նախագահ ունեցող կուսակցությունների գործունեությունը: Այսպիսով` բացառվում է այն տարբերակը, ըստ որի` համագումարն ընտրում է վարչության անդամներին, այնուհետեւ նորընտիր վարչությունն իր կազմից նախագահ է ընտրում»,-ներկայացրեց Հովակիմյանը:
Չնայած այս թերություններին՝ երկու օրից «Կուսակցությունների մասին» օրենքը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի օրենսդիրներին: Հուսանք, որ Աժ-ում գոնե վերը նշված խնդիրներին պատշաճ ուշադրություն կդարձվի եւ օրենքը ընդունելուց առաջ հնարավորինս կլրամշակվի:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ԱԶԱՏՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ
«Ժողովուրդ»-ին երեկ լուրեր հասան, որ Շիրակի մարզի Այգաբաց համայնքի ղեկավար Սասունիկ Վանեցյանը մեկը մյուսի հետեւից ազատում է գյուղապետարանի աշխատակիցներին: Երբ աշխատակիցները հետաքրքրվում են, թե ինչով է պայմանավորված որոշումը, վերջինս որեւէ հիմնավորում չի ներկայացնում:
Այս լուրերի իսկությունը պարզելու նպատակով զրուցեցինք Այգաբացի համայնքապետ Սասունիկ Վանեցյանի հետ, ով վստահեցրեց, թե իր աշխատողները տասը հոգի են, տասն էլ տեղում են, ոչ մեկն էլ չի ազատվել: Սակայն ավելի ուշ խմբագրություն ահազանգեց համայնքապետի աշխատակազմի ղեկավար Լուսինեն եւ միանգամայն այլ տեղեկություն տրամադրեց, թե. «Աշխատակազմի քարտուղարն ընտրվում է ատեստացիայի միջոցով, պաշտպանում է իր աշխատանքը, եւ համայնքի ղեկավարը չի կարող ազատել աշխատանքից: Մյուս աշխատակիցներին ընդունում եւ ազատում է աշխատակազմի ղեկավարը: Այս տարվա ընթացքում մեկ հոգի է աշխատանքից ազատվել իր դիմումի համաձայն»: Ըստ նրա՝ այդ աշխատակիցն ազատվել է արտագնա աշխատանքի մեկնելու նպատակով. «Մեր աշխատակազմն ընդամենը 9 հոգ է, համայնքի ղեկավարն էլ հետը»: Դատելով աշխատակազմի ղեկավարի եւ համայնքապետի միանգամայն տարբեր մեկնաբանություններից, պարզ է դառնում, որ գյուղապետարանում այդքան էլ խաղաղ մթնոլորտ չէ:

 

 

ԿԳՐԱՎԵՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները, ում «Աշտարակ կաթ» ընկերությունը հսկայական պարտքեր ունի, իրենց գումարները ընկերությունից ստանալու նպատակով վճռական քայլերի կդիմեն: Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ, որ այլեւս չի կարողանում զսպել ճամբարակցիների զայրույթը: Հայտարարեց, որ բնակիչները պատրաստվում են «գրավել» ընկերության՝ Ճամբարակում գտնվող գործարանը եւ պանիրը վաճառել: «Միայն չգիտեն, թե ինչպես իրացնեն պանիրը: Այլ ելք չկա: Մարդիկ չեն կարողանում ապրել»,- հավելեց Ավալյանը: Ի դեպ, նշենք, որ երեկ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, գնել է «Աշտարակ կաթ» ընկերությունը: Սակայն պատգամավորը Armlur.am-ի հետ զրույցում հերքեց իր կողմից գործարանը գնելու մասին տեղեկությունը: Նկատենք, որ մեկ շաբաթից ավել է, ինչ մամուլով բարձրաձայնվում է ընկերության փակման մասին տեղեկությունը, սակայն տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը դեռ շարունակում է անպտուղ քննարկումներ անել:

 

 
ՀԱՅ-ԲՈՒՐՈՒՆԴԱԿԱՆ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Բուրունդիի արտաքին գործերի եւ տարածաշրջանային համագործակցության նախարար Էյմե Ալան Նյամիտվեի հետ: Հանդիպման ավարտին ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ ԱԳՆ-ի եւ Բուրունդիի արտաքին գործերի ու միջազգային համագործակցության հարցերով նախարարության միջեւ:
 

ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Երեկ տեղի է ունեցել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրներին, ինչպես նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ է ընտրվել վարչության անդամ Անժելա Խաչատրյանը, իսկ մամուլի խոսնակ՝ Սոնա Մինասյանը: Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նախօրեին կուսակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել՝ իր որոշումը հիմնավորելով այն հանգամանքով, որ դեմ է դաշինքներին:

 

 

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ՀՀ կառավարությունում երեկ տեղի է ունեցել արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ, EITI) բազմաշահառու խմբի առաջին նիստը, որի ժամանակ տրվել է ՀՀ-ում ԱՃԹՆ-ի ստանդարտը ներդնելու աշխատանքների պաշտոնական մեկնարկը: Նիստը վարել է բազմաշահառու խմբի նախագահ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: 2017թ. EITI-ի թեկնածության հայտի ներկայացումն ամրագրվել է նաեւ ՀՀ կառավարության ծրագրում: ՀՀ-ում սկզբնական շրջանում EITI-ը ներառելու է մետաղական հանքարդյունաբերությունը, հետագայում կարող է որոշում կայացվել ընդլայնելու EITI-ի ընդգրկման շրջանակները:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական կապերի սերտացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:




Լրահոս