ԳԵՆԵՐԱԼԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԶԴԵՑԻԿ ԾԱՆՈԹՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ընթացքում ՀՀ իրավապահներն արդեն երկրորդ դեպքն են բացահայտում, երբ ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողները, ցանկանալով իրենց երեխաներին ազատել ծառայությունից կամ մեկ զորամասից այլ զորամաս տեղափոխել, հայտնվում են քրեական պատմությունների կիզակետում:

2016 թվականի մարտի 18-ին ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Համլետ Ղազարյանը:
Պարզվել էր, որ Համլետ Ղազարյանը տարբեր քաղաքացիների մոտ ներկայանալով ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի բարձրաստիճան ղեկավարների անունից՝ ԼՂՀ տարածքում ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողներից խարդախությամբ գումար էր կորզել:
Իսկ ինչպես էր Ղազարյանը գործը գլուխ բերել: Նա զինվորների ծնողներին խոստացել էր նրանց զավակներին ԼՂՀ-ից տեղափոխել Հայաստան, իսկ իր ծառայության դիմաց յուրաքանչյուրից շորթել 160 հազարից մինչեւ 200 հազար դրամ:
Ըստ ԱԱԾ-ի՝ Համլետ Ղազարյանն իր հանցավոր գործունեության ընթացքում խաբել է տասնյակ քաղաքացիների: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Համլետ Ղազարյանը, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների անունից ներկայանալուց բացի, հանդես էր եկել նաեւ հանրությանը հայտնի գեներալների անունից:
Պարզեցինք, որ աղմկահարույց այս գործը 2016 թվականի սեպտեմբերի 1-ին ազգային անվտանգության ծառայության կողմից ուղարկվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Համլետ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախկինում 10 անգամ դատապարտված լինելով տարբեր եղանակներով հափշտակություն եւ խարդախություն կատարելու համար՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2015 թվականին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված լինելով, շարունակել է իր հանցավոր գործունեությունը եւ ԼՂՀ ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողներ Ս. Հանիսյանին, Ա. Թովմասյանին, Գ. Ստեփանյանին եւ Ա. Մնացականյանին ներկայացել է ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ պաշտպանության բանակի սպաների տվյալներով ու նշված անձանց որդիների հետագա ժամկետային զինվորական ծառայությունը ՀՀ տարածքում տեղակայված զորամասերում կազմակերպու դիմաց վերջիններից, իբրեւ օրինական պետական մուծում, հափշտակել ընդհանուր առմամբ 645.000 ՀՀ դրամ գումար:
Թվում էր, թե այս աղմկահարույց գործը պետք է որ դաս լիներ ոչ միայն ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողների, այլեւ նմանօրինակ խարդախություններով զբաղվողների համար: Սակայն ինչպես պարզվեց նախօրեին քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից՝ պատկերը միանգամայն այլ է:
Նոյեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ բացահայտվել է առողջական խնդիրների պատճառաբանությամբ, կեղծիքների միջոցով 2010-2015թթ. զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու 32 դեպք, որոնց հետ կապված մեղադրանքներ են առաջադրվել 12 անձի, եւս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ըստ քննչական կոմիտեի՝ Երեւանի մի բնակչուհի, չունենալով մշտական կամ ժամանակավոր աշխատանք, զարտուղի ճանապարհով, խարդախությամբ գումար վաստակելու նպատակով, տարբեր քաղաքացիների ներկայացել է որպես ՀՀ զինված ուժերի նախկին աշխատակից, գործող բուժհաստատություններում ազդեցիկ ծանոթներ ունեցող անձ եւ իր ծառայություններն առաջարկել ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից ազատվելու ցանկություն ունեցող անձանց՝ խոստանալով տարբեր չափերի գումարների դիմաց տարկետումներ տրամադրել, որոշ դեպքերում նաեւ` ընդհանրապես ազատել զորակոչից:
Քննության տվյալներով՝ նշված կինն ընդհանուր առմամբ համաձայնություն է ձեռք բերել մոտ երեք տասնյակ անձանց հետ եւ նրանցից ստանալով համապատասխան գումար՝ ապօրինի եղանակով կազմակերպել է տարկետումներ ապահովող բժշկական ախտորոշումներով կեղծ տեղեկանքների տրամադրումը, որոնց օգտագործմամբ զորակոչիկները ձեռք են բերել տարկետման իրավունք:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ նոյեմբերի 22-ին ՀՀ ՊՆ ՌՈ բաժին էր հրավիրվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ ոմն Ա.Կ.-ն եւ իրավապահներին պատմել, թե ինչպես է ինքը խաբվել Երեւան քաղաքի բնակչուհի Ա.Գ.-ի կողմից: Ըստ Դիլիջան քաղաքի բնակչուհու` Ա.Գ.-ն իրեն է ներկայացել որպես գործող բուժհաստատություններում ազդեցիկ ծանոթներ ունեցող անձ, եւ ինքը, հավատալով կնոջը, 2014թ. յոթ հազար ԱՄՆ դոլար է տվել, որ իր որդուն նույն թվականի ամառային զորակոչից երեք տարի ժամկետով տարկետում ձեւակերպվի: Արդյունքում իրավապահները սկսել են կնոջ հայտարարության հիման վրա նյութեր նախապատրաստել եւ հարցաքննել են Երեւան քաղաքի բնակչուհի Ա.Գ-ին, որը խոստովանել է եղելությունը: Նկատենք, որ այս պատմության մեջ, բացի ՀՀ զինված ուժերի նախկին աշխատակից ներկայացած կնոջից, ինչպես նաեւ խաբված ժամկետային զինծառայողների ծնողներից, իրենց մեղքի բաժինը ունեն նաեւ գործող բուժհաստատությունների համապատասխան աշխատակիցները: Չի բացառվում, որ քննության ընթացքում պարզվի, որ 2010-2015թթ. զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու 32 դեպքերում վերջիններիս ներգրավվածությունը կրել է համակարգված բնույթ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԿՐԿԻՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Մինչ հանրության տարբեր շերտեր քննարկում են՝ ինչու պետք է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ընդդեմ Հայաստանի կառավարության կայացրած վճիռների փոխհատուցումը վճարի ՀՀ քաղաքացին, վճիռները գնալով շատանում են: Հիշեցնենք՝ դեռեւս ընթացիկ տարվա օգոստոսի 18-ին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խիստ հանձնարարեց պարզել, թե որքան գումար է հատկացվել ՄԻԵԴ-ի որոշումների համար 2014-2015 թվականների ընթացքում: Վերջնական արդյունքները, սակայն, պաշտոնապես դեռ չեն հրապարակվել:
Եվ սրան զուգահեռ նախօրեին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում զինվորական ծառայության ընթացքում 2002 թվականին մահացած զինծառայող Սուրեն Մուրադյանի կյանքի իրավունքի խախտման փաստով վճիռ, որով պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը Մուրադյաններին հատկացնել 50 հազար եվրո փոխհատուցում: «Ժողովուրդ»-ն ուսումնասիրել է գործի նյութերը եւ մանրամասներ պարզել նախաքննությունից: Այսպես՝ մեզ հայտնի դարձավ, որ 1983 թվականին Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում ծնված Սուրեն Մուրադյանը միանգամայն առողջ վիճակում 2001-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր: Մինչ այդ սովորել է պոլիտեխնիկական ինստիտուտում: Ժամկետային պարտադիր զինծառայության է անցել ԼՂՀ Հորադիզի զորամասերից մեկում: Դեպքից հետո ապացուցվել է, որ մահվան պատճառն առողջական խնդիրները չեն եղել, իսկ որպես պաշտոնական պատճառ է նշվել հարվածից առաջացած ներքին սուր արնահոսությունը:
Զինծառայողի մահվան տեղեկությունը հաղորդողները սկզբում հայտարարել են, թե նրան 5 սպաներ են ծեծել: Քրեական գործ է հարուցվել, եւ որպես մեղադրյալներ են ներգրավվել զինծառայողներ Լեռնիկ Աթանյանն ու Արա Բեգլարյանը: Սակայն դատապարտվել է նրանցից միայն մեկը: Առաջին ատյանի դատաքննությունը տեղի է ունեցել Սյունիքում, ապա զինվորի հայրը՝ տուժողի իրավահաջորդ Հրաչյա Մուրադյանը, միայնակ` առանց փաստաբանի, դատավճիռը բողոքարկել է բոլոր ատյաններում եւ հասել է ՄԻԵԴ: Հ. Մուրադյանը վստահ է եղել, որ դատավճիռն ամբողջությամբ շինծու է, եւ իրականում պետք է պատիժ կրեն 5 հոգի: Նրա գանգատի համաձայն՝ դատարանում հնչեցվել են կեղծ ցուցմունքներ:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ զինծառայողի հայրը պատմել է, որ նշված հինգ հոգու մեջ են նաեւ զորամասի հրամանատարի տեղակալն ու հրետանու պետը, որոնց անգամ ներպետական ատյաններում մեղադրանք չի առաջադրվել: Իսկ զինվորի նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառը 100 դոլարն է եղել` արձակուրդ ուղարկելու համար: ՄԻԵԴ վճիռը, ըստ իրավապաշտպանի, նախադեպային է, քանի որ մատնանշվել են զինվորի նկատմամբ խոշտանգումներ իրականացնողները, այսինքն՝ մեղավորները: Ժ. Ալեքսանյանի դիտարկմամբ՝ ՄԻԵԴ-ի վճռում կոնկրետ բռնություն իրականացնողների անուններ են նշված: Ժաննա Ալեքսանյանն ընդգծում է, որ ներպետական ատյաններում բազմաթիվ կոծկված զինվորական գործեր կան, եւ մահվան դեպքերով բազմաթիվ գործեր են ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ այս գործով վճիռն ընդամենը սկիզբն է: «Բանակի ղեկավարությունը պետք է քայլեր ձեռնարկի բռնի մթնոլորտի վերացման համար»,- ասում է իրավապաշտպանը: Հուսանք…

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ՀԱՅ-ՂՐՂԶԱԿԱՆ
Նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ: Հանդիպումը կայացել է ղրղզական կողմի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են հայ-ղրղզական միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր, կարեւորվել է միջազգային հարթակներում համագործակցված աշխատանքը: Հանդիպման վերջում Ղրղզստանի խորհրդարանի նախագահն առաջարկել է ՀՀ Աժ փոխնախագահին գլխավորել Ղրղզստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը:

 

 

ԿԼԱՆՎԵՑ
Երեկ ՀՀ կենտրոնական բանկը հավանություն է տվել «Արդշինբանկ» ՓԲԸ եւ «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միացման պայմանագրի կնքմանը: Նշված գործարքի կնքումից հետո «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ-ն կմիանա «Արդշինբանկ» ՓԲԸ-ին, որի արդյունքում «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ-ի՝ որպես առանձին իրավաբանական անձի գործունեությունը կդադարի, եւ նրա բոլոր իրավունքներն ու պարտականությունները կանցնեն պահպանվող իրավահաջորդ բանկին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ին: Միացյալ բանկը շուկայում հանդես կգա «Արդշինբանկ» բրենդի ներքո: Միացման արդյունքում «Արդշինբանկը» կդառնա ՀՀ-ում ամենախոշոր բանկը բանկային կապիտալի, ակտիվների եւ մասնաճյուղային ցանցի առումով: «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալը կկազմի մոտ 74 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները կհասնեն մոտ 540 միլիարդ ՀՀ դրամի, իսկ վաճառքի ցանցը բաղկացած կլինի թվով 72 ունիվերսալ մասնաճյուղերից:

 

 

ԱՊՀ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մեկնարկել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Արմեն Ավետիսյանը եւ Արայիկ Հովհաննիսյանը: ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի փոխնախագահ է վերընտրվել Հերմինե Նաղդալյանը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաեւ ԱՊՀ 25-ամյակի եւ ժամանակակից իրողություններին ԱՊՀ համապատասխանեցման մասին հարցը, որի վերաբերյալ հայկական պատվիրակության ներկայացուցիչները առաջարկներ են ներկայացրել: Նույն օրը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում տեղի է ունեցել հանդիպում Եվրասիական միության երկրների խորհրդարանների ղեկավարների հետ, որին մասնակցել է Հերմինե Նաղդալյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական հեռանկարներին, ԵԱՏՄ երկրների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր:




Լրահոս