Օրերս լրատվամիջոցներն ահազանգեցին, որ ուրբաթ օրը փարիզյան աուկցիոններից մեկում պետք է կայանար աճուրդ, որի ընթացքում վաճառքի էր հանվելու հայկական մշակութային ժառանգություն հանդիսացող միանգամից 168 նմուշ («Ժողովուրդ»-ը կփորձի առաջիկայում աճուրդի մասին նոր մանրամասներ հայտնել): Դրանց թվում են` Թորոս Սարկավագի 4 մանրանկարները (13-րդ դար), Սարգիս Ճգնավորի «Նարեկացի» հմայիլը, Հովհաննես Այվազովսկու 3, Մարտիրոս Սարյանի 13 գործ, Հակոբ Կոջոյանի, Գրիգոր Խանջյանի, Երվանդ Քոչարի, Մինասի, Արշիլ Գորկու, Էդգար Շահինի, ինչպես նաեւ` 18-19-րդ դդ. օսմանյան կայսրության հայ նկարիչների կտավները, 16-18 դդ. հայ վարպետների մի շարք կենցաղային եւ դեկորատիվ իրեր` փորագրված վարպետի եւ տիրոջ անուններով, նաեւ ժամանակակիցների գործեր: Այս շարքը դեռ երկար կարելի է թվել:
Մենք չենք կարող միանշանակ նշել, որ այս կտավներն իրական են, կեղծված չեն, սակայն ոչ մի երաշխիք չունենք պնդելու նաեւ հակառակը: Եթե այս կտավներն իրական են, հարց է ծագում` ինչ են մտածում այս իրողության վերաբերյալ մշակույթի նախարարությունը, Մատենադարանի եւ մյուս թանգարանների տնօրինությունները: Կամ արդյո՞ք վերջիններս որեւէ անելիք չունեն, եթե նույնիսկ այդ կտավները կեղծ են: Ո՞ւմ թույլտվությամբ եւ ի՞նչ ճանապարհներով են արվեստի այդ նմուշները հայտնվել աճուրդում: Այս եւ մյուս հարցերով «Ժողովուրդ»-ը կդիմի պատկան մարմիններին եւ կներկայացնի նրանց մեկնաբանությունը, իսկ մինչ այդ զրուցել ենք արվեստի քննադատ, արվեստաբան Նազարեթ Կարոյանի հետ:
Մենք հարցրինք` ինչ պետք է անի պետությունը, որպեսզի այդ արժեքները չկորցնի, կամ եթե նույնիսկ պարզվի, որ կտավները կեղծ են, ինչ է հարկավոր ձեռնարկել պետական մակարդակով. «Եթե հարցը դիտարկենք իրավական հարթության վրա, ապա չեմ պատկերացնում, թե պետությունն ինչ կարող է անել: Պատկերացրեք` ինչ-որ մեկը Սարյան է կեղծել, հետո այդ կեղծ նկարը հայտնվել է չգիտես ում մոտ, ապա` աճուրդում, պետությունն ի՞նչ պետք է անի. կեղծիքի մասին պարզելը նրանց խնդիրն է, ովքեր գործարքի մեջ են մտնում: Սա այն դեպքում, եթե խոսքը հանրային հավաքածուին չի վերաբերում, եւ նմուշը պատկանում է անհատի: Ուրիշ բան, եթե հարցը դիտարկենք մշակութային քաղաքականության տեսանկյունից: Եթե պետությունը չի ուզում, որ Սարյանի ստեղծագործությունները դուրս գան երկրից, իսկ տվյալ նմուշի սեփականատերը, այնուամենայնիվ, նման ցանկություն ունի, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի նմուշը ձեռք բերի, պետք է որոշակի առաջնայնություն ունենա այդ հարցում: Այսինքն` առաջին գնորդը պետք է ինքը լինի, եւ եթե նման ցանկությունը բացակայի, նոր միայն սեփականատերը իրավունք պետք է ստանա վաճառել նմուշը մեկ ուրիշին»:
Մենք նաեւ կարծիք հարցրինք` եթե նմուշն արդեն իսկ հայտնվել է աճուրդում, եւ այն կեղծ չէ, ինչպիսին պետք է լինի պետության քաղաքականությունը. «Եթե նմուշը Հայաստանից դուրս է եկել եւ պետությանը չի պատկանում, վերջինս Ձեր նշած իրողությունը պետք է ընդունի ի գիտություն: Օրինակ` Հայաստանում նմանատիպ աճուրդներ չկան. երկրորդային շուկան զարգացած չէ: Պետությունը պետք է մտածի` ինչ անի, ինչ լծակներ գործի դնի, ինչ քաղաքականություն վարի, որ արվեստի շուկան զարգանա: Գուցե, օրինակ, հարկավոր է սահմանել հարկային արտոնություններ: Մի շարք անհատների մոտ արվեստի արժեքավոր գործեր կան: Եթե մեզ մոտ աճուրդ լինի, նմուշների մեկնարկային գներն էլ համեմատաբար ցածր լինեն, մարդիկ այդ նմուշներն արտասահման չեն տանի, այլ մեզ մոտ կդնեն աճուրդի, դրսից էլ կիմանան, որ մեզ մոտ կարելի է էժան գներով գործեր ձեռք բերել, կգան, այստեղի աճուրդին կմասնակցեն, պետության շահն էլ այն կլինի, որ աճուրդից շահութահարկ կստանա»,-եզրափակեց Նազարեթ Կարոյանը:
«ՏԵՎԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆՍ ԿԱՊՎԱԾ ԷՐ ԱՆՁՆԱԿԱՆԻՍ ՀԵՏ»
Երգչուհի Իրինա Հարությունյանը երկրպագուների համար նոր տեսահոլովակ է պատրաստում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ երգի հեղինակը «Ֆուլ հաուս» սիթքոմից հայտնի դերասան Գոռ Հակոբյանն է: Պարային այդ ստեղծագործության հիման վրա տեսահոլովակի հեղինակը Նիկ Եգիբյանն է: Իրինայի խոսքով` ինքն ու Գոռը, լինելով գյումրեցի, վաղեմի ընկերներ են, իսկ համագործակցությունը հանպատրաստից է ստացվել: Հաշվի առնելով, որ վերջին շրջանում Գոռ Հակոբյանը ներկայանում է նաեւ որպես երգիչ, հարցրինք` հնարավոր է արդյոք, որ Իրինան եւ Գոռը երբեւէ հանդես գան դուետով. «Այդ ուղղությամբ չենք մտածել, բայց հնարավոր է»,-պատասխանեց երգչուհին: Նա նշեց, որ նոր տեսահոլովակը եթերում կլինի կա՛մ մինչեւ տարեվերջ, կա՛մ հաջորդ տարվա սկզբին:
Իրինան տեղեկացրեց, որ երգում է ակումբներում, համերգների հրավերներ ունի նաեւ արտերկրից:
Հեռուստադիտողները մեր զրուցակցին հիշում են նաեւ «Վերջին հայրիկը» սերիալից, որտեղ նա հանդես էր գալիս որպես դերասանուհի: Մենք հետաքրքրվեցինք` արդյոք վերջինս սերիալներից նոր առաջարկներ ունի. «Այո՛, էլի ունեմ նմանատիպ առաջարկ, սակայն դեռեւս բանակցությունների փուլում ենք, ուստի մանրամասներ հայտնել չեմ կարող»,-ասաց Իրինան:
Շուրջ մեկ տարի առաջ երգչուհին տեւական դադարից հետո վերադարձավ ասպարեզ: Մենք հարցրինք` ինչով էր պայմանավորված լռությունը. «Իսկապես, տարիներ շարունակ ոչ մի նորություն չունեի, խոստանում եմ` այսուհետ ավելի ինտենսիվորեն եմ աշխատելու: Իսկ լռությունս կապված էր անձնական կյանքիս հետ»:
Նշենք, որ Իրինան երկու զավակ ունի` 12-ամյա դուստր եւ 5-ամյա որդի: Մեր այն դիտարկմանը, որ երգչուհին` որպես երկու երեխաների մայր, բավական երիտասարդ տեսք ունի, վերջինս պատասխանեց. «Պարզապես շատ շուտ եմ ամուսնացել: Իսկ գեղեցկության առանձնահատուկ գաղտնիք չունեմ. ուղղակի ուրախ մարդ եմ»:
Ու թեեւ Իրինան այս պահին ամուսնացած չէ, նա լավ է պատկերացնում, թե կին-տղամարդ հարաբերություններում որ գործոններն են էական. «Կարեւորում եմ տղամարդու տեր լինելը, կնոջ` հնազանդ: Այս առումով բալանսը չպետք է խախտվի: Կարեւոր գործոն է նաեւ ֆինանսականը, սակայն ոչ ամենակարեւորը»,-շեշտեց երգչուհին:
Նա պատմեց, որ իր երկու զավակներն էլ երաժշտական ձիրք ունեն, սակայն երգչուհին չի ցանկանում, որ նրանցից որեւէ մեկն իր ոլորտն ընտրի. «Լավ ծանոթ եմ մեր ասպարեզի դժվարություններին, հատկապես մեր երկրում, ուստի ինքս նրանց դեպի իմ ոլորտ չեմ ուղղորդի»,-եզրափակեց Իրինան:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՆՇԱՆԱԴՐՎԵԼ Է
Երգչուհի Նարե Գրիգորյանը` երգիչ, հաղորդավար, շոումեն Սամվել Գրիգորյանի դուստրը, նշանադրվել է: Այս մասին տեղեկանում ենք Նարեի ֆեյսբուքյան էջից: Նրա ընտրյալը մասնագիտությամբ իրավաբան Արամ Շամիլյանն է: Նշանադրության արարողությունը տեղի է ունեցել երեւանյան ռեստորաններից մեկում։ Հյուրերի թվում եղել են նաեւ շոուբիզնեսցիներ Նարեկ Մակարյանը, Անահիտ Շահբազյանը՝ ամուսնու՝ Կարեն Զադիրյանի հետ, Իրինա Հարությունյանը, հաղորդավար Հակոբ Հակոբյանը եւ ուրիշներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նարեն նշանադրված էր ամերիկաբնակ երգահանի հետ, սակայն նրանց նշանադրությունը չեղյալ հայտարարվեց:
ԱՍՏՂԱԲՈՒՅԼԸ` ՆՈՐ ՖԻԼՄՈՒՄ
Հոլիվուդյան հայտնի դերասանների աստղաբույլը, որի կազմում են Էդի Մերֆին, Առնոլդ Շվարցենեգերն ու Դենի դե Վիտոն, հանդես կգան 1988թ. նկարահանված «Երկվորյակները» (Twins) ֆիլմի շարունակությունում: NME-ն տեղեկացնում է, որ ֆիլմի նոր տարբերակը կոչվելու է «Եռյակը» (Triplets): Մերֆին խաղալու է Շվարցենեգերի ու դե Վիտոյի կերպարների կորած եղբոր դերը: Ֆիլմի ռեժիսոր Այվեն Ռայթմենը հայտնել է, որ իրենք այժմ աշխատանքներ են տանում սցենարի վրա:
Հիշեցնենք, որ «Երկվորյակները» ֆիլմն ավելի վաղ համաշխարհային կինովարձույթում հավաքել էր 216 մլն դոլար:
ԳՈՄԵՍԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը, ով վերջերս American Music Awards-ի շրջանակում արժանացավ մրցանակի` «Փոփ/ռոք ոճում լավագույն կին կատարող» անվանակարգում, ուրախ լուր ունի երկրպագուների համար: Տեւական ժամանակ էր` երգչուհին տառապում էր դեպրեսիայով (պատճառը գայլախտ հիվանդությունից առաջ եկած հոգեբանական վախերն էին), այժմ արդեն նա հաղթահարել է իր կյանքի դժվարին փուլն ու վերադարձել է Instagram: Գոմեսը երկրպագուների հետ լուսանկար է հրապարակել եւ գրել. «Այս տարի շատ բանի համար կարող եմ շնորհակալություն հայտնել: Սա ամենադժվար, բայց ամենաօգտակար տարին էր իմ կյանքում: Կցանկանայի արտացոլել այն ամբողջ սերը, որ նվիրել եք ինձ այս տարիների ընթացքում, եւ ցույց տալ, թե որքան կարեւոր է ձեր մասին հոգ տանելը: Բարին միշտ հաղթում է: Սիրում եմ ձեզ: Թող Աստված օրհնի ձեզ»: