Հայ-իրանական համագործակցություն` նանոտեխնոլոգիաների ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով դեսպանին և պատվիրակության անդամներին` նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտում բարեկամ Իրանի հետ հարաբերություններն առավել գործնական բնույթ են կրում` ընդլայնելով համագործակցության շրջանակը: Նրա խոսքով` հանրակրթության և բուհական ոլորտներում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությանն այժմ միանում է նաև գիտության ոլորտը` մասնավորապես նանոտեխնոլոգիաների ուղղությամբ: «Հայ գիտնականները բավականին ակտիվ են նանոտեխնոլոգիաների ասպարեզում, և իրանական կողմի առաջարկը` համագործակցել այս ոլորտում, խիստ արդիական է: Վստահ եմ, որ առաջիկայում, երբ կհստակեցնենք գործակցության ծրագիրը, այն կընդգրկի ոչ միայն նանոտեխնոլոգիաների ոլորտը, այլ նաև գիտության այլ ճյուղեր»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ կրթության և գիտության նախարարին` ջերմ ընդունելության և ոլորտում առկա համագործակցության համար, դեսպան Սաջադին հանդես է եկել գիտության ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման առաջարկով, որը դեսպանի խոսքով` նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացմանը: Հայաստանի կրթության և գիտության նախարարը ևս կարևորել էնման հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը:
Սայեդ Սարքարը տեսաֆիլմի միջոցով ներկայացրել է Իրանում նանոտեխնոլոգիաների զարգացման բնագավառում կատարված աշխատանքները և Հայաստանի կրթության ոլորտի` մասնավորապես հանրակրթության հատվածի հետ համագործակցության հնարավորությունները: Տարածաշրջանում որպես այս ոլորտի զարգացման առաջատար դիրք ունեցող երկիր՝ Իրանը, ըստ պրոֆեսոր Սարքարի, պատրաստ է կրթության և գիտության ոլորտներում արդյունավետ փոխգործակցության միջոցով համատեղ ծրագրեր իրականացնել:
Նախարար Լևոն Մկրտչյանը ողջունել է նախաձեռնությունը` միաժամանակ տեղեկացնելով, որ Հայաստանը «Հորիզոն-2020»-ի ասոցացված անդամ է և լայն հնարավորություններ ունի եվրոպական տարբեր երկրների հետ համատեղ գիտական ծրագրերի իրականացնելու համար:

Հանդիպմանը ներկա ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի գիտության ներուժը և գիտության ամենատարբեր ճյուղերում համագործակցության հնարավորությունները:
Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:




Լրահոս