Ինչու է գաղտնի պահվել զինվորի վիրավորվելու հանգամանքը. արատավոր երևույթն ավանդո՞ւյթ է դառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացավ 20-ամյա զինծառայող Նարեկ Ասատրյանը՝ զորացրվելու նախորդ օրը գլխի շրջանում վիրավորում ստանալու հետևանքով:

Ի պատասխան ArmLur.am-ի հարցին` ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սկզբում հայտնեց, որ մահացած զինծառայողը վիրավորումը ստացել է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:

Նույն հանգամանքը Ա. Հովհաննիսյանը կրկնեց համացանցի իր էջում` կիսվելով սույնի մասին լրատվամիջոցներից մեկի հոդվածով:

15218333_1822968634652243_197115860_n

Ավելի ուշ, սակայն, լրատվամիջոցներում միանգամայն այլ տեղեկություն սկսվեց շրջանառվել: Մասնավորապես, մահացած զինծառայողի հայրը Վլադիմիր Ասատրյանը, հայտնեց, որ որդին ականի պայթյունից է վիրավորվել ընթացիկ տարվա հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը:

ArmLur.am-ին Վ. Ասատրյանը ներկայացրեց դեպքի որոշ մանրամասներ. «Այդ օրը հակառակորդը դիվերսիոն հարձակում է կատարել: Որդիս խրամատում է եղել, որտեղ էլ ական է պայթել, ու նա վիրավորվել է: «Առաջարկել եմ, որ տանենք դրսում բուժենք, ասել են՝ տեղաշարժել չի կարելի, կմահանա: Որդիս ապրիլյան պատերազմի մասնակից է եղել, ծառայել է Մատաղիսում»:

Եվ այս հրապարակումներին զուգահեռ փոխվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի համացանցի գրառումը: Խմբագրված տարբերակում արդեն ավելացվել է հետևյալը. «…Սակայն ինքը վիրավորվել էր ապրիլից հետո»:

15301321_1822967907985649_1131236913_n

Ինչով է պայմանավորված ստեղծված իրավիճակը, եւ առհասարակ, ինչո՞ւ զինվորի վրավորվելու մասին տեղեկություն պաշտոնապես չի հաղորդվել: Արծրուն Հովհաննիսյանը լրատվամիջոցներին պարզաբանել է. «Ես բազմիցս ասել եմ, որ պարտադիր չէ բոլոր վիրավորների մասին հաղորդագրություն տարածելը»:

Ստացվում է` Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի պաշտոնը զբաղեցնող Արծրուն Հովհաննիսյանը տրամադրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, սակայն ավելի ուշ իմանալով իրականում տեղի ունեցածը`նախ սրբագրել է իրեն, ապա լրատվամիջոցներին:

Հիշեցնենք` նոյեմբերի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է, որ լրատվամիջոցների ղեկավարների հետ նոյեմբերի 15-ին կայացած հանդիպման ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչ հանգամանքներում են այդ օրը վիրավորվել 6 զինվորներ, որոնցից 2-ը անհետաձգելի բուժօգնություն են ստանում Երեւանի Մուրացանի հոսպիտալում: Նախարարը հերքել է՝ ասելով, որ նման միջադեպ չի եղել, համենայնդեպս, իրեն այդպիսի բան չեն զեկուցել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ իրականում այդ օրը 2 զինվորներ ծանր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Նրանցից մեկը ծագումով արցախցի է՝ Գեւորգ Սեյրանի Դադասյանը, մյուսը՝ Ռոման Արայի Սուքիասյանը, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ: Ավելին, զինվորներից մեկի աչքը հեռացվել է:

Եվ ցավով պետք է արձանագրել, որ պաշտոնապես զինվորների վիրավորվելու մասին չհայտնելու նման գործելաոճը, կարծես, ավանդույթ է դառնում:

Եվ ՊՆ պաշտոնական հաղորդուներից սպասող և դրանցից եզրահանգումներ անող քաղաքացիներն այսուհետ որքանո՞վ հանգիստ լինեն, որ ոչինչ խնամքով չի թաքցվում:




Լրահոս