Ինչու են արգելում, որպեսզի Վահան Շիրխանյանը հանդիպի լրատվամիջոցների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունը զավթելու մեջ մեղադրվող ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ տեսակցություններն արգելվել են: Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ մանրամասնելով, որ սահմանափակումը վերաբերում է ոչ թե իր պաշտպանյալի հարազատներին, այլ լրագրողներին:

Բանն այն է, որ այս ամիս արդեն երկու անգամ սահմանված տեսակցությունը լրացել է, եւ սա նոր խոչընդոտի առաջ է կանգնեցրել Վահան Շիրխանյանին: Հայկ Ալումյանի փոխանցմամբ, Վ. Շիրխանյանը հաշվի առնելով ստեղծված հանգամանքը, կրկին դիմել է հաջորդ ամսվա ընթացքում լրագրողների հետ հանդիպելու խնդրով:

Սրանից անմիջապես հետո գործը հսկող դատախազը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի արգելվի Շիրխանյանի եւ լրատվամիջոցների հետ հանդիպումը՝ պատճառաբանելով, թե դա կխոչընդոտի գործի քննությանը. «Դատարանը, բնականաբար, բավարարել է միջնորդությունը: Երբ խոսքը վերաբերում է Ազգային անվտանգության ծառայությանը, ես այնտեղ դատարան չեմ տեսնում: Դա ստորադասված մի կառույցի է վերածվում»,- եզրափակեց Հ. Ալումյանը:




Լրահոս