«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին մի գիշերում Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, պետական մակարդակով պրոպագանդվում էր, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ավելի քան 200 միլիոն բնակչությամբ շուկաներում ազատ մուտք ենք ունենալու, որը կաշխուժացնի մեր տնտեսությունը: Սակայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 2013թ.-ին ՀՀ-ից Ռուսաստան արտահանվել է 334 մլն դոլարի ապրանք, իսկ 2015 թվականին՝ մոտ 244 մլն դոլարի, այսինքն՝ մոտ 110 մլն դոլարով պակաս: 2013-ին դեպի Բելառուս արտահանվել է ավելի քան 8 մլն դոլարի ապրանք, իսկ 2015-ին` մոտ 7 մլն: 2013-ին Ղազախստան արտահանվել է ավելի քան 7 մլն դոլարի, իսկ 2015-ին՝ մոտ 4 մլն դոլարի եւ, վերջապես, Ղրղզստան է արտահանվել մոտ 1 մլն դոլարի ապրանք, իսկ արդեն 2015-ին՝ 370 հազար դոլարի:
Այսինքն՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո միության անդամ երկրներ ուղարկված ապրանքների ծավալը կտրուկ նվազել է: Ոչինչ չի փոխվել նաեւ ԵԱՏՄ անդամ երկրներ մուտք գործելու կարգի մասով. հայկական համարանիշներով բեռնատարները ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ ԵԱՏՄ անդամակցելուց հետո օրերով հերթ են կանգնում Վրաստան-Ռուսաստան սահմանային անցակետում ադրբեջանցիների, թուրքերի, վրացիների եւ մյուս երկրների ներկայացուցիչների նման: Թեեւ հայտարարվեց, որ Լարսի անցակետում ԵԱՏՄ երկրների ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների համար ստեղծվել է «կանաչ անցուղի», որի շնորհիվ մեր բեռնափոխադրողները եւ ուղեւորափոխադրողներն ավելի քիչ ժամանակ պետք է ծախսեին՝ անցակետը հատելու համար, այնուամենայնիվ, խոստացված կանաչ միջանցքը այդպես էլ չի գործարկվում:
Իսկ ո՞վ շահեց այդ համաձայնագրի ստորագրումից. ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը բարձր աշխատավարձով ազդեցիկ պաշտոն գրավեց՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ: Հիշեցնենք, որ 2008 թ.-ին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելիս Տիգրան Սարգսյանն իր անձնական հաշիվներում ուներ 17 միլիոն 247 հազար դրամ եւ 22 հազար դոլար, իսկ 2014-ին երբ ստիպված հրաժարական տվեց, բացի մի քանի անշարժ գույքերից, բաժնետոմսից ստացած գումարից՝ Սարգսյանը հայտարարագրեց 2 մլն 500 հազար դրամ եւ 955 հազար դոլար «քեշ գումար»: Սրանք պաշտոնապես»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: