Հալեպի հյուսիս-արևելքի ազատագրումը վկայում է Ռուսաստանի գլխավորած կոալիցիոն ուժի մասին, որը գործում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օգտին, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
Պարբերականը նշում է, որ Սիրիայի նախագահը իսլամիստներից Հալեպի մոտալուտ ազատագրման հույս ունի:
«Բացառված չէ, որ Սիրիայում կողմերի հաշտեցման գործին կմիանան Ռուսաստանի և Սիրիայի մի շարք դաշնակից երկրներ: Իրանից բացի, հաշտարարի դերում կհայտնվեն Եգիպտոսը, Չինաստանը, Սերբիան և ԱՊՀ մի շարք երկրներ, առաջին հերթին, Հայաստանն ու Ադրբեջանը»,-գրում է պարբերականը՝ հղում անելով ռուսական ռազմադիվանագիտական աղբյուրներին:
«Նեզավիսիմայա գազետա»-ի աղբյուրները հայտնում են նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցները կապված էին ոչ միայն Սիրիայի իրավիճակին, այլև այն անհանգստությամբ, որ Անկարան այլևս չի վերահսկում Հալեպը: Մի շարք արաբական ԶԼՄ-ներ նշում են, որ Թուրքիայի նախագահը կանգնած է ընտրության առջև. լայնամասշտաբ պատերազմ սկսել Դամասկոսի հետ կամ խորացնել Ռուսաստանի հետ ռազմական հարաբերություններն ու գլխավորել կոալիցիան: