Քննարկվել են Իրանի հետ համագործակցության հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար, պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը:

Շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ նախարարը նշեց, որ բարձր է գնահատում ԻԻՀ հետ համագործակցությունը տրանսպորտի ու կապի ոլորտում և լիահույս է, որ այն կձևավորվի և կամրապնդվի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։

Պրոֆեսոր Սայեդ Սարքարին, հանգամանորեն ներկայացնելով նանոտեխնոլոգիաների ոլորտում ԻԻՀ ունեցած ձեռքբերումները և գործունեության շրջանակներն, ընդգծեց, որ նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի և Հայաստանի միջև կարող է լուրջ համագործակցություն ձևավորվել։

Նախարարը, ողջունելով համագործակցության առաջարկը, նշեց, որ Հայաստանում նախատեսվում է կառուցել ինժեներական քաղաք, որտեղ ներկայացված կլինեն այնպիսի միջազգային կազմակերպություններ, որոնք հաջողությունների են հասել տեխնոլոգիաների ոլորտում, և առաջարկեց, որպեսզի իրանական կողմը նույնպես ներկայացված լինի։

Պրոֆեսոր Սայեդ Սարքարին ընդունելով առաջարկը՝ ընդգծեց այս ոլորտում համատեղ ծրագրերի կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՏՏ և նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները, կապի և տրանսպորտի ոլորտում երկկողմ գործակցության շրջանակները մեծացնելու հետ կապված մի շարք հարցեր։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս