ՀՀԿ համագումարի միակ դրական բանը, որ տվեց երկրին` ցեցերի սատկումն էր. Արամ Սարգսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով ՀՀԿ-ի 16-րդ համագումարում Ս. Սարգսյանի ունեցած ելույթին ասաց. «Սա Սերժ Սարգսյանի՝ որպես կուսակցության նախագահի, վերջին ելույթն էր»:  

-Առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարճ ժամանակ է մնացել: Արդյո՞ք Հանրապետություն կուսակցությունը մասնակցելու է Աժ ընտրություններին, եթե այո, ապա ի՞նչ ձեւաչափով:

-Նորմալ երկրներում գոյություն ունի իշխանություն եւ ընդդիմություն: Մեզ մոտ նորից փորձում է ձեւավորվել ոչ իշխանություն մասը, որը իշխանության եւ ընդդիմության միջակայքում է: Իշխանությունները, ակնհայտ է, ովքեր են, դա ՀՀԿ-ն է՝ իր համակարգով, վարչական ռեսուրսներով, թաղային հեղինակություններով, ոստիկանությամբ եւ այլն: Ոչ իշխանական ուժերը դրանք այն ուժերն են, որոնք անհամբեր սպասում են հարգարժան Գագիկ Ծառուկյանի մուտքին, որովհետեւ իր հետ ե՛ւ ապահով է, ե՛ւ անվտանգ է, ե՛ւ նյութական ռեսուրսների խնդիր չկա, մի բան էլ իրենք կարող են իրենց «մատները լպստել»: Եվ կան իրական ընդդիմադիր ուժեր, որոնցից երկուսի հետ այսօրվա դրությամբ Հանրապետություն կուսակցությունը ընդհանուր երկխոսության, ծրագրերի առումով՝ համաձայնության գալու գործընթացի մեջ է:

-Որո՞նք են այդ ուժերը:

-Այդ ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Այս ուժերի հետ ընդհանուր առմամբ մենք ունենք գրեթե նույն մոտեցումները ծրագրային առումով, բայց ընտրությունները դրանք գործընթաց են, որտեղ պետք է հանդես գաս ապագայի շուրջ քո մոտեցումներով, Հայաստանը կերտելու քո ձեւով, քո առաջնահերթություններով, որոնք լայն քննարկման, համաձայնության խնդիր են պահանջում, եւ այս շրջանում այդ հարցերն են, որ միասնական քննարկում ենք: Կան էլի ուժեր, որոնց ես ընդդիմադիր եմ համարում, որոնք ոչ իշխանական դաշտում չեն, բայց եկեք, սպասենք, ժամանակը ցույց կտա:

-Իսկ ո՞ր քաղաքական ուժերի հետ եք բացառում համագործակցությունը: Կոնկրետ կնշե՞ք:

-Դրանք այն ուժերն են, որոնք մարտի 1-ից հետո, շամպայնի բաժակները ձեռքներին, շրխկացրին Սերժ Սարգսյանի հետ, կոալիցիա կազմեցին եւ կիսեցին ՀՀԿ-ի այն մոտեցումը, որ նույնիսկ մարդկանց սպանելու գնով կարելի է իշխանություն պահել եւ հաջողությունների հասնել: Այդ ուժերի հետ անցնելու ճանապարհ չունենք: Դա «Օրինաց Երկիր» կուսակցությունն է /ներկայումս՝ ՀՎԿ, Ք. Մ/, Դաշնակցությունն է, «Բարգավաճ Հայաստանն» է, որը հիմա ինչ-որ փոփոխությունների է ուզում ենթարկվել, դա «Համախմբում» կուսակցությունն է, որի ղեկավար Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի աջ թեւն էր եւ ամեն ինչ անում էր՝ արտաքին քաղաքական դաշտում մարտի 1-ի գործողությունները արդարացնելու համար, մինչդեռ այսօր իրեն Մայր Թերեզայի տեղ դրած՝ ուզում է ինչ-որ կերպ արդարանալ: Եվ, իհարկե, բոլոր այն ուժերը, որոնք Հայաստանի զարգացումը տեսնում են Եվրասիական տնտեսական միությունում, որոնք Կրեմլի ջատագովն են:

-Նոյեմբերի 26-ին կայացավ ՀՀԿ 16-րդ համագումարը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդես եկավ հաշվետու ելույթով: Ինչպիսի՞ տպավորություն ունեցաք այդ ելույթից եւ համագումարից առհասարակ:

-Տպավորությունն այն է, որ սա Սերժ Սարգսյանի՝ որպես կուսակցության նախագահի, վերջին ելույթն էր: Իմ կարծիքով Սերժ Սարգսյանը ենթագիտակցական մակարդակում ինքն էլ էր դա զգում, եւ նաեւ դա էր պատճառը, որ նա բարձրացել էր «Ծիծեռնակաբերդի լեռը»՝ Մովսեսի նման պատվիրաններ իջեցնելու եւ պատվիրաններով էր դիմում ժողովրդին: Ու ինչ էր այդ առաջին պատվիրանը. ամբողջ իմաստը այն էր, որ մեր երկրի համար մեկ արժեքը մեր անկախությունն է, մեր ազատությունն է, մենք դա պարտավոր ենք գնահատել: Հետաքրքիր է՝ ում էր ուղղված այդ պատվիրանը. մեկ գիշերում ՀՀԿ-ին անդամակցած օտարերկրյա պետության աշխատողներ հանդիսացող գազավիկների՞ն, թե իր ռուսիանո վարչապետին: Սա լուրջ խնդիր է, վաղն էլ կարող է նույն հաջողությամբ էլի մի 7 հազար մարդ՝ այդ նույն օտարերկրյա պետության բաշխիչ ցանցերի աշխատողները, դառնան Հանրապետական կուսակցության անդամ, մյուս օրը՝ երկաթգծի աշխատողները, ու բարով ես եկել անկախություն: Սա ազգային անվտանգության խնդիր է, սրանով պետք է ազգային անվտանգությունը զբաղվի:

Բանը հասել է նրան, որ ՀՀԿ փոխնախագահը հայտարարում է, թե մեզանում քաղաքական նորաձեւության առաջատարը Հանրապետական կուսակցությունն է: Տո՛, պարո՛ն Աշոտյան, դուք ոչ միայն նորաձեւ չեք, դուք այնքան հին եք, այնքան կոմունիստական, այնքան նավթալինոտ, որ ձեր այդ հոտերից մարզահամերգային համալիրում ինչքան ցեց կար, սատկեց: Երեւի միակ դրական բանը, որ համագումարը տվեց այս երկրին, դա էր: Այդ համագումարը շատ-շատ նման էր կոմունիստական կուսակցության վերջին՝ 25-րդ համագումարին:

Ասել ու շարունակում եմ պնդել, որ Սերժ Սարգսյանը երկու խոշոր ներքաղաքական սխալ է արել: Առաջինը դա Սահմանադրության փոփոխությունն էր՝ ընտրական օրենսգրքի փոփոխության հետ միասին, եւ երկրորդը՝ Կարեն Կարապետյանին, այսինքն՝ դրսից ուղարկած մարդուն, դրսի ցանկությամբ վարչապետ նշանակելը: Այս երկուսի համար ինքը շատ լուրջ պատասխան է տալու ու հաջորդ համագումարում ինքը չի ընտրվելու նախագահ:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս