Կրթական ծրագրերը կենսունակ են մեծ շուկաների պահանջարկի համատեքստում. Լևոն Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներկա է գտնվել գիտխորհրդի ընդլայնված նիստին, որտեղ քննարկվել են ՀՀ կառավարության՝ ագրոկրթության զարգացման հանձնարարականի շրջանակում ագրոմասնագիտությունների ցանկի և կրթական ծրագրերի վերլուծությանն ու վերանայման առնչվող մի շարք հարցեր:

Համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանի զեկուցմամբ՝ վերջին երկու շաբաթների ընթացքում բուհում կազմակերպվել են ակտիվ քննարկումներ՝ ներգրավելով ոլորտի խոշոր գործատուներին: Ձևավորվել են համապատասխան առաջարկություններ, որոնք ներկայացվելու են ՀՀ կառավարություն:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի համար գյուղատնտեսության ոլորտի և ագրոկրթության զարգացումը գերակա նշանակություն ունի. «Ագրարային համալսարանի վրա բավականին մեծ պատասխանատվություն է ընկնում՝ սկսած ագրոկրթությունից, վերջացրած այս ոլորտում գիտական նորարարությունների ներմուծումը: Մեր հիմնական խնդիրն աշխատաշուկայի ագրոկրթության պահանջների համապատասխանեցումն է և մենք պետք է լուծումներ գտնենք: Մենք կարող ենք մարզերում ներդնել ագրոդպրոցի գաղափարը, որի հաջողված փորձը մի քանի օրինակով արդեն ունենք»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ագրոկրթության որոշ մակարդակներ պետք է հասանելի լինեն նաև հասարակության լայն շերտերին: «Ես, որպես կրթության և գիտության նախարար, ագրարային համալսարանից ակնկալում եմ նաև միջին մասնագիտական և արհեստագործական կրթության համակարգում ագրոմասնագիտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրերի իրագործում՝ առավել որակյալ գյուղատնտեսական կադրեր պատրաստելու հեռանկարով»,- նշել է նախարարը՝ շեշտելով աշխատաշուկայի և գործատուների հետ սերտ համագործակցության և ընդհանրապես ագրոմասնագիտությունների մրցունակ պահանջարկի ձևավորման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով կրթական ծրագրերի զարգացմանը՝ նախարարը շեշտել է, որ մասնագիտությունների ճիշտ և ֆունկցիոնալ նկարագրությունը բոլոր բուհերի, այդ թվում նաև ագրարային համալսարանի կարևոր հիմնախնդիրներից է. «Երբ մենք ասում ենք՝ պետք է հստակեցնել տվյալ մասնագիտության տեղն ու դերը աշխատաշուկայում, ապա որպես աշխատաշուկա չենք կարող դիտարկել միայն Հայաստանի աշխատաշուկայի ֆիզիկական ծավալները: Վստահաբար կրթական ծրագրերն ավելի կենսունակ կարող են լինել միայն ավելի մեծ շուկայի պահանջարկի համատեքստում: Այդ իմաստով կրթական ծրագրերի զարգացումը տարածաշրջանային և միջազգային կրթական համագործակցության ձևաչափով ավելի արդյունավետ կարող է լինել»,- նշել է ԿԳ նախարարը՝ հավելով, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիա երկրամասում գտնվող Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի համատեղ կրթական ծրագիրն այդ տեսանկյունից հաջողված փորձ է:
Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել ԿԳ նախարարին, որոնք վերաբերել են կրթության և գիտության ոլորտում ընթացող բարեփոխումների գործընթացներին՝ սկսած ավագ դպրոցների ավարտական քնությունների անցկացման նոր կարգից, մինչև բարձրագույն կրթության մասին օրենքում նախատեսվող փոփոխությունները:

Գիտխորհրդի ընդլայնված նիստին մասնակցել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչներն ու պրոֆեսորադասխոսական անձնակազմի ներկայացուցիչները:




Լրահոս