Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՎԶԵԲ-ի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 30-ին ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը` Եվրոպայի և հարավկովկասյան երկրների տնօրեն Ֆրանսիս Մալիժի գլխավորությամբ:

Նախարարը, ողջունելով հյուրերին, գոհունակություն հայտնեց ճանապարհաշինական ոլորտում բանկի հետ արդյունավետ համագործակցության համար: Նա հույս հայտնեց, որ այդ գործակցությունը կլինի շարունակական, որտեղ կընդգրկվեն նաև տրանսպորտի ու ՏՏ ոլորտները:

Կողմերը անդրադարձան նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության ծրագրին վերաբերող մանրամասների: Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախագծման և շինարարության իրականացման մրցույթն արդեն հայտարարված է, ներկայում հայտատուների գնահատման փուլն է: Շինարարական աշխատանքների պայմանագիրը նախատեսվում է կնքել 2017 թ. առաջին եռամսյակում:

Քննարկվեցին նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շուրջ համագործակցության հնարավորությունները:

Նախարարը հույս հայտնեց, որ միջքաղաքային տրանսպորտային ցանցի բարելավման ու զարգացման ծրագրում ևս ՎԶԵԲ-ն իր ներդրումը կունենա:

Կողմերը քննարկեցին նաև հետագա անելիքները ՏՏ ոլորտում հնարավոր գործակցության շուրջ: Նախարարը կարևորեց ՎԶԵԲ-ի միջնորդությամբ ՏՀՏ մասնավոր ընկերությունների և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև կապեր ստեղծելու անհրաժեշտությունը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս