Հայաստանում նոյեմբերի 30-ին անց է կացվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 21-րդ նիստը: Նիստում հաստատվել է կոլեգիայի և կից աշխատանքային խմբերի 2017թ. գործունեության ծրագիրը՝ կապված ԵԱՏՄ անդամ պետությունների միջև մաքսային գործընթացների համակարգման հետ: Քննարկվել է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկին համապատասխան առանձին ապրանքատեսակների դասակարգման և միության տարածքով տարանցման ժամանակ երաշխիքային մեխանիզմների հարցը:
Դիտարկվել են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի միասնականացման և ապրանքների կոդերի միավորման հնարավորությունները: Ուշադրության կենտրոնում են եղել օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման պայմանների խախտումների քանակի նվազմանն ուղղված միջոցառումները: «Փորձագետների մակարդակով մանրամասն քննարկել ենք տարվա ընթացքում իրագործած ծրագրերը՝ ուշադրություն դարձնելով մաքսային հսկողության, ձևակերպման ու մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործողություններին առնչվող հարցերին»,-նշել է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը:
Անդրադարձ է կատարվել նաև անձնական օգտագործման նպատակով երրորդ երկրից բերված կամ երրորդ երկիր տարվող ապրանքների առանձին տեսակների տեղափոխման ժամանակ մաքսային մարմնի գործունեությանը: Ընդ որում, շեշտադրվել է ԵԱՏՄ անդամ երկրում ապրանքի հայտարարագրումն էլեկտրոնային եղանակով կատարելու դեպքում ապրանքների բացթողումը մաքսային տարանցման մաքսային գործընթացին և էլեկտրոնային փաստաթղթաշարժի սկզբունքներին համապատասխան իրականացնելու կարևորությունը:
Անդրադառնալով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ կառավարությունների ղեկավարների մակարդակով օրենսգրքի նոր խմբագրությունն արդեն համաձայնեցված է և մինչև տարեվերջ կընդունվի. «Հաջորդ տարի համալիր աշխատանք է սպասվում՝ ապահովելու ազգային օրենսդրությունների մակարդակով միության մաքսային օրենսգրքի դրույթների կիրառումը: Այս փաստաթուղթը նոր նշաձող է ինչպես, առհասարակ, ԵԱՏՄ անդամ երկրների, այնպես էլ մաքսային ծառայությունների փոխհարաբերություններում»: Նիստի ընթացքում կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը Հայաստանի կողմից ընտրվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախագահի տեղակալ:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին