Տրանսպորտի ոլորտում նոյեմբերին արձանագրված երկու կարևորագույն ձեռքբերումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. նոյեմբերին տրվեց Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների մեկնարկը. փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվեց Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գերակայություններից համարվող այդ ծրագրի մասին օրերս ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:

Մուլտիմոդալ փոխադրման այս ծրագրի փորձնական մեկնարկն արդյունավետ լինելու դեպքում հնարավոր կդառնա մեծացնել Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալը, այդպիսով իսկ նվազեցնելով բեռնափոխադրումների ճանապարհին առաջացող խնդիրներն ու խոչընդոտները և, իհարկե, նվազեցնելով բեռնափոխադրման համար պահանջվող ժամանակը: Փորձնական մեկնարկն արդեն իսկ տեսանելի դարձրեց Փոթիից Երասխ կոնտեյներների տեղափոխման համար անհրաժեշտ ժամանակը՝ 38 ժամ, որը բավական լավ ցուցանիշ է:

Ժամանակից բացի, փոխադրման այս մոդելը շահեկան է նաև հուսալիության առումով: Բավական է նշել, որ Եվրոպայում կոնտեյների վրա դրված կապարակնիքը մնում է ամբողջական մինչև բեռը Թեհրան հասնելը:

Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ այս երթուղին մեր երկրի տնտեսության մեջ: Հարցի պատասխանը շատ պարզ է. բացի տնտեսական ակտիվությունը մեծացնելուց, այն նաև ռազմավարական նշանակություն ունի, եթե հաշվի առնենք հարևան երկու պետությունների հետ փակ սահմանները: Այլ կերպ ասած՝ այն դառնում է կայուն աշխատող տրանսպորտային միջանցք՝ այդպիսով իսկ նպաստելով Իրանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը:

Տրանսպորտի ոլորտում նոյեմբերը կարևորեց ևս մեկ իրադարձությամբ. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Երևանի լոկոմոտիվային դեպոյում շահագործման հանձնվեց Հայաստանում առաջին անգամ «ՏՌ-3» տիպի վերանորոգում անցած էլեկտրագնացքը: Ի դեպ, Հարավային Կովկասի երկրների մեջ Հայաստանն առաջինը հնարավորություն ունի էլեկտրագնացքների նման ծավալի վերանորոգում իրականացնել: «ՏՌ-3»-ը գործարանային ցիկլի վերանորոգումը թույլ է տալիս երաշխավորել էլեկտրագնացքի վազքը 500.000 կմ-ի համար: Ընդ որում, էլեկտրագնացքի վերանորոգման ինքնարժեքն արտերկրում կատարվող նույնանման աշխատանքների համեմատ մի քանի անգամ էժան է, դրա հաշվին այս ծառայությունը կարող է մրցունակ գնով առաջարկվել նաև մեր հարևաններին:

Ի դեպ, այսպիսի բարդ տեխնոլոգիական աշխատանքը հնարավոր եղավ Երևանի լոկոմոտիվային դեպոյի հիմնանորոգման շնորհիվ: Այստեղ արդեն իրականացվում է Հայաստանի երկաթուղային ցանցում շահագործվող ջերմաքարշերի հիմնական վերանորոգումը, բեռնատար և ուղևորատար վագոնների տեխնիկական զննումը և ընթացիկ վերանորոգումը: Իսկ դա նշանակում է, որ այսուհետ հայկական բոլոր էլեկտրագնացքները ևս վերանորոգվելու են Հայաստանում, ուստի այլևս հարկ չի լինի դրանք ուղարկել Ռուսաստանի գործարաններ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

1811201651

071120165




Լրահոս