Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Խաչփառ գյուղում։ Բնակիչների մեծ մասը հավաքվել է գյուղի վարչական տարածքով հոսող Հրազդան գետի մոտ և պահանջում է, որպեսզի գետի հունը 180 աստիճան փոխած և մոտ 45 մետր խորությամբ ավերած ընկերությունների ներկայացուցիչները դադարեցնեն իրենց անօրենությունները: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Խաչփառ համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյանը:
«Հիմա մարզպետի տեղակալը մեր մոտ է, մարզպետն էլ է գալիս: Էդ խնդիրը վաղուցվա է, նոր են սկսել շարունակել, քանդել, ավերելը: Դիմել ենք ոստիկանություն, քրեական գործ են հարուցել»:
Ըստ նրա՝ այս խնդիրը միշտ եղել է մարզպետի՝ Ռուբիկ Աբրահամյանի, ուշադրության կենտրոնում:
Իսկ մեր այն հարցին՝ ովքեր են իրականացնում այդ ավերածությունները, Ղազար Մարտիրոսյանը նշեց, որ սովորական մարդիկ չեն դրանք, Ղուկասավան համայնքում տեղակայված կազմակերպությունները խիճ են հանում, համայնքի տարածքը քանդում են ու շեբենը հանում»:
Նշենք, որ այս պահին բնակիչները սպասում են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, որպեսզի նրա հետ միասին գնան տեսնեն ինչ է կատարվել:
Լուսանկարը՝ shamshyan.com-ից: