Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում չորսօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի մի շարք կարգավորումներ խնդրահարույց են կուսակցությունների ներսում ժողովրդավարական սկզբունքների ապահովման և կուսակցությունների միջև հավասար մրցակցության խթանման տեսանկյունից:
Հաշվի առնելով, որ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պետական կառավարման համակարգը ձևավորվելու է համապետական խորհրդարանական ընտրությունների միջոցով, կուսակցությունների դերը պետության քաղաքական մշակույթի ձևավորման հարցում դառնում է առանցքային: Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, սակայն, պատշաճ կերպով չի ապահովում կուսակցությունների ինստիտուցիոնալ կայացման համար անհրաժեշտ երաշխիքներ, ինչպես նաև չի նպաստում կուսակցությունների ժողովրդավարացմանը և նրանց հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացմանը:
Հրավիրում ենք հանրության և Ազգային ժողովի պատգամավորների ուշադրությունը «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի հետևյալ խնդիրներին և դրանցից բխող առաջարկներին.
Օրենքով պետք է ամրագրվի այն գաղափարախոսությունների արգելքը, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանը և ժողովրդավարության ոգուն:
Նախագծի մեջ անհրաժեշտ է վերականգնել գործող օրենքի այն դրույթը, համաձայն որի կուսակցություններին արգելվում է ՀՀ տարածքային ամբողջականության բռնի փոփոխության, զինված կազմավորումների ստեղծման, ազգային, ռասայական, կրոնական ատելության բորբոքման, բռնության և պատերազմի քարոզումը:
Ընտրություններին կուսակցությունների կողմից թեկնածուների առաջադրումը պետք է կատարվի կուսակցության համագումարում ժողովրդավարական, թափանցիկ և մասնակցային գործընթացի միջոցով: Ընդ որում, կուսակցության յուրաքանչյուր անդամ պետք է հնարավորություն ունենա առաջադրվելու՝ որպես կուսակցության թեկնածու, և հնարավորություն ունենա ծանոթանալու և կարծիք հայտնելու թեկնածուների ներկայացված ցուցակի վերաբերյալ:
Օրենքը պետք է ամբողջությամբ արգելի կանխիկ նվիրատվությունները, բոլոր նվիրատվությունները պետք է փոխանցվեն միայն այն բանկային հաշվին, որի մասին նախօրոք տեղեկացվել է կուսակցությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը:
Կուսակցությունները պետք է տարին երկու անգամ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին և հանրությանը ներկայացնեն հաշվետվություններ ստացված նվիրատվությունների վերաբերյալ: Կուսակցության ֆինանսական հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն նկարագրություն կատարված ծախսերի ուղղությունների և նպատակների վերաբերյալ:
Ներդնել պետական աջակցության տրամադրման նախընտրական համակարգ՝ խթանելու համար կուսակցությունների միջև հավասար մրցավազքը նախընտրական քարոզարշավի փուլից:
Կուսակցություններին տրամադրվող պետական աջակցությունը պետք է հասանելի լինի որոշակի նախապայմաններին համապատասխանող կուսակցությունների համար, որոնք, մասնավորապես՝ ունեն ժողովրդավարական կառուցվածք, խթանում են կանանց մասնակցությունը կուսակցության գործունեության մեջ, ունեն թեկնածուների առաջադրման թափանցիկ ընթացակարգ:
Անհրաժեշտ է ապահովել անկախ վերահսկողություն կուսակցությունների գործունեության նկատմամբ՝ համապատասխան պետական մարմնին փոխանցելով արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ գործիքներ ու լիազորություններ:
Օրենքով պետք է ամրագրել կուսակցության համար կատարված աշխատանքների ու ծառայությունների կամ նվիրատվությունների (in-kind donations) վերաբերյալ կուսակցության կողմից առանձին հաշվետվություն ներկայացնելու պահանջ:
Օրենքով պետք է սահմանվի կուսակցության կանոնադրությունում կուսակցության գաղափարախոսությունը նշելու վերաբերյալ պահանջ:
Ընտրությունների համար կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները պետք է համապատասխանեն օրենքով նախատեսված որոշակի չափանիշների, որոնց կատարմանը պետք է հետևի կուսակցության ներքին վերահսկողություն իրականացնող մարմինը:
Օրենքով պետք է նախատեսել կուսակցության որոշումների բողոքարկման ներկուսակցական մեխանիզմ, ինչպես նաև պատշաճ կարգավորել կուսակցության անդամների կողմից կուսակցության որոշումների դատական կարգով բողոքարկումը:
Կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումներում ներդնել կանանց և ազգային փոքրամասնությունների ներկայացվածության քվոտաներ:
Հստակ կարգավորել կուսակցության գործունեության արգելման կամ կասեցման հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը, օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավորների 1/3 կամ 3/5 և այլն:
Հայտարարությունը բաց է միանալու
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հայաստանի հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ
Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
Հանրային տեղեկատություն և գիտելիքի կարիք ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Հանուն հավասար իրավունքների ՀԿ
Խորան Արդ ՀԿ