Միացյալ զորախումբ ստեղծելու համաձայնագիրը ստորագրվեց. ինչ վտանգներ է պարունակում և ինչ է ենթադրում այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում այսօր ստորագրվել է ՀՀ և ՌԴ զորքերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը: Այս համաձայնագիրը ՀՀ-ում արժանացել է շատերի քննադատությանը, քանի որ բազմաթիվ մտահոգություններ են առկա:

Իշխանության ներկայացուցիչները, իհարկե, այնքան էլ չեն կիսում այդ մտահոգությունները և միաբերան պնդում էին, թե այդ համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա Հայաստանի պաշտպանվածության համար, բայց թե հստակ ինչ պարտականություններ է ունենալու Հայաստանը ՌԴ-ի հանդեպ, այդպես էլ մանրամասն չի ներկայացվել:

Դատելով եղած տվյալներից, կարելի է եզրակացնել, որ նախաձեռնության հեղինակը Ռուսաստանն է և այստեղ էլ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու է նրանց պետք այս համաձայնագիրը, եթե ՀՀ-ի և ՌԴ-ի միջև արդեն իսկ բազմաթիվ համաձայնագրեր կան:

Իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում հրապարակված համապատասխան փաստաթղթում ասվում է, որ միացյալ զինված խմբավորման կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն, որի հրամանատարը նշանակվում և ազատվում է պաշտոնից ՀՀ ԶՈւ գերագույն հրամանատարի կողմից` ՌԴ ԶՈւ գերագույն հրամանատարի համաձայնությամբ: Խաղաղ ժամանակ հրամանատարը ենթարկվում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին: Ագրեսիայի անմիջական վտանգի կամ պատերազմի ժամանակ, կախված իրավիճակից, ռուսական բանակի Հարավային ռազմական շրջանի հրամանատարին կամ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին՝ երկու երկրների զինված ուժերի գերագույն հրամանատարների որոշմամբ:

Միացյալ խմբավորման մասին կանոնակարգում նշվում է նաև ՀՀ և ՌԴ ցամաքային սահմանի պաշտպանության մասին, այդ թվում՝ ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության ուժերի ու միջոցների հետ համատեղ: Կողմերից յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու սեփական ուժերի նյութատեխնիկական և ֆինանսական ապահովման համար:

Համաձայնագիրը կնքվել է 5 տարով և ժամկետի յուրաքանչյուր ավարտից հետո ինքնաբերաբար երկարացվելու է ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկն այն կասեցնելու մասին չի տեղեկացնում մյուս կողմին:




Լրահոս