ՁԻԱՀ-ն այսօր դարձել է մարդկության զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավեր, իսկ ՄԻԱՎ վարակի համաճարակը ստացել է պանդեմիայի բնույթ, որից չի խուսափել աշխարհի և ոչ մի պետություն:
1988թ. մինչև 2011թ. դեկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1136 և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 260 դեպք:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 2500:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներին լայն հասարակության ուշադրությունը հրավիրելու հարցում կարևոր նշանակություն ունի 1988-ից ի վեր ողջ աշխարհում դեկտեմբերի 1-ին նշվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:
2007թ. ՀՀ կառավարությունը հաստատել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը՝ 2007-2011թթ. համար, որի գործողության ժամկետն ավարտվում է այս տարի: Արդեն իսկ միջազգային խորհրդատուների կողմից կատարվել են ծրագրի կարևորագույն բաղադրիչների գնահատումներ, որոնք արձանագրել են զգալի առաջընթաց երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում:
Ընդհանրապես ՄԻԱՎ վարակին արդյունավետ հակազդումը ենթադրում է համալիր միջոցառումներ հետևյալ ուղղություններով` կանխարգելում, բուժում, խնամք և աջակցություն:
Կանխարգելման էությունը բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, հիվանդության նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումն ու վարքագծի փոփոխումն է: Տեղեկատվական-կրթական աշխատանքները պետք է նպատակաուղղվեն նրան, որ յուրաքանչյուր մարդ իմանա ՄԻԱՎ վարակի վտանգի, վիրուսի փոխանցման ուղիների և վարակումից խուսափելու միջոցների մասին: