Անգործության անդառնալի հետևանքները. Վրաստանի նավթագազային կորպորացիայի վաճառքի հետքերով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերը գրում է. «Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ օրը հայտարարեց, թե Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Նշենք, որ հենց այս կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը: Այս հեռանկարը խիստ մտահոգիչ է հայկական կողմի համար: Հիշեցնենք, որ այսպիսի խոսակցությունները Վրաստանի նախկին իշխանությունների օրոք` դեռեւս 2010-ին, էլի են հնչել, սակայն հայկական կողմին հաջողվել էր համոզել Վրաստանի իշխանություններին չգնալ նման քայլի: Ըստ ամենայնի, եղան որոշակի համաձայնություններ նաեւ ռուսական կողմի հետ տարանցման դիմաց Վրաստանին հատկացվող գազի քվոտաների վերանայման շուրջ:

Վտանգն այն է, որ գազատարն ամբողջությամբ գնելու մտադրության մասին արդեն բարձրաձայնել է ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությունը: Այսինքն` մեր երկրի համար ռազմավարական, կենսական նշանակության գազատարը շուտով կարող է դառնալ ադրբեջանցու սեփականություն, որը, տրամադրության անկմամբ պայմանավորված, երբեմն-երբեմն կարող է փակել գազի փականը, եւ մենք կզրկվենք գազի մատակարարումից:

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց այս հարցի շուրջ զրուցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Չիչինաձեի հետ: Վերջինս պարզաբանեց, որ վաճառքի բուն գործընթացը չի սկսվել, գնորդների հայտեր էլ դեռեւս չկան: «Ադրբեջանական ընկերությունը մեզ մոտ գազային, տրանսպորտային որեւէ միջանցք չունի, եւ այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ նման հավանականությունը քիչ է»,- հուսադրեց վրացի պատգամավորը:

Իսկ ինչո՞վ է հիմա զբաղված Վրաստանում Հայաստանի դեսպանատունը. այնտեղ քար անտարբերություն է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեսպան Յուրի Վարդանյանը վերջին շրջանում անձնական-առողջական հարցերով հաճախ գտնվում է օտար երկրներում: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներից, սակայն հարցումները երեկվա դրությամբ անպատասխան մնացին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս